Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում երեկ կայացած դատական նիստին փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Ալեքսան Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
Հիշեցնենք, որ սկսվեց գործով բուն դատաքննությունը: Պատասխանելով նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի հարցերին՝ Ալեքսան Պետրոսյանը նախ ներկայացավ, նշեց, որ ունի երեք չափահաս երեխա, ստացել է բարձրագույն կրթություն, նախկինում դատապարտված չի եղել, այժմ ստանում է կենսաթոշակ եւ հանդիսանում է «ՄԱՊ» ընկերության խորհրդի նախագահը: Դատավորի հարցին՝ ֆիզիկապես առո՞ղջ է, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ տասը տարի է՝ բուժվում է: Դատավորը նրան պարզաբանեց իր իրավունքներն ու պարտականությունները, ինչից հետո մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը հրապարակեց Ալեքսան Պետրոսյանի մեղադրական եզրակացությունը:
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ առաջադրված մեղադրանքում Պետրոսյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է. «Իրավական որակավորումը ինձ պարզ է, հոդվածը հասկանում եմ, բայց ինձ պարզ չէ մեղադրանքի էությունը, պարզ չէ, թե ես երբ սկսեցի օժանդակել Արամ Հարությունյանին, երբ ավարտեցի, ինչ արեցի, որ օժանդակեցի կամ Արամ Հարությունյանը որտեղ լվաց իր փողերը, ինչպես լվաց, կամ որտեղից ես պիտի իմանայի այդ հանգամանքները»:
Դատավորի ճշտող հարցին՝ այսինքն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի՞ ճանաչում, Պետրոսյանն ասաց. «Իհարկե ոչ, ընդամենը հայկական բառեր են գրված, բառերը հասկանում եմ, բայց բառերի մեջ պիտի էություն լինի, այդ էությունը չկա, դրա համար ես ինձ ոչ թե ճանաչում եմ անմեղ, այլ ես ընդհանրապես ոչ մի բան չեմ արել, որ մեղավոր լինեմ»: Արձագանքելով Պետրոսյանի հարցերին՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ փողերի լվացմանն օժանդակելու օրը հնարավոր չի եղել արձանագրել, բայց որպես սկիզբ ընդունվել է 2011 թվականը. «Այսինքն՝ փողերի լվացումը սկսվել է այն պահից, երբ համաձայնություն է տվել Արամ Հարությունյանի կողմից ստացված կաշառքը օրինականացնելու նպատակով տրամադրել իր բանկային հաշիվները»:
Կարդացեք նաև
Այնուհետեւ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Ըստ այդմ, որոշվեց նախապես հետազոտել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ապա՝ գործում առկա նյութերը, որից հետո հարցաքննել մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող Արմեն Խաչատրյանին եւ Մակար Պետրոսյանին, ապա՝ ամբաստանյալ Արաքս Դիլանյանին (Արամ Հարությունյանին վերաբերող մայր գործից անջատված եւ այժմ դատարանում գտնվող գործով նա մեղադրվում է Հարությունյանին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար), այնուհետեւ՝ դատակոչված 13 վկաներին, եւ վերջում՝ ամբաստանյալ Ալեքսան Պետրոսյանին: Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում