Ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն հետաձգելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ն այս պահին չունի: ՀԺ-ի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
– Պարոն Մուկուչյան, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հետաձգվում են քարոզարշավները, միջոցառումները, ասուլիսները: Հնարավո՞ր է հետաձգվի հանրաքվեն: Քննարկվո՞ւմ է այս հարցը:
– Դա մեր գործառույթների առարկա չի հանդիսանում, ես նույնիսկ որպես մասնագետ որեւէ տեսակետ չեմ կարող ներկայացնել: Նշանակված է հանրաքվե, իրավական հիմքը առկա է, սահմանված է ժամանակացույց՝ մեր գործառույթները իրականացնելու համար: Հիմա եթե կլինեն այլ իրավական հիմքեր՝ մենք կառաջնորդվենք այդ հիմքերով:
– Ի՞նչը կարող է լինել հանրաքվեի հետաձգման իրավական հիմք:
Կարդացեք նաև
– Օրենքը նախատեսում է 2 ձեւակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը:
– Այս թեմայով վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ եք:
– Ես ասացի այն ամենը, ինչ այդ թեմայով ասելու էի:
– Բայց նաեւ ուզում եմ ճշտել՝ վիրուսի տարածմամբ պայմանավորված որեւէ նախապատրաստական միջոցառում չե՞ք չեղարկել:
– Մինչ այս պահը ժամանակացույցով նախատեսված միջոցառումները հերթով իրականացնելով գնում ենք, որովհետեւ ընտրական գործընթացը մի գործընթաց է, որի ժամանակահատվածում միջոցառումները իրականացվում են օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմաններում: Եվ աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված աշխատանքը պետք է նշված օրը կատարվի: Այսինքն մենք չունենք անսահմանափակ ժամանակահատված, որ հնարավոր լինի տարբեր գործընթացներ տարբեր պատճառներով պայմանավորված՝ չկատարել, թողնելով հետոյին: Ծավալները եւ ժամկետները այնպիսին են, որ հետագայում այսօրվա բացը չի կարող լրացվել, եթե անգամ կրկնակի, եռակի ջանք ներդրվի:
– Շուտով քարոզարշավի մեկնարկի մեկ ամիսը կլրանա: Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը: Կա՞ն արձանագրված խախտումներ, շա՞տ եք ստանում ահազանգեր:
– Գիտեք, սկզբնական փուլում քարոզարշավը շատ ավելի հանդարտ էր, եւ դա թերեւս պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի դեպքում քարոզարշավի համար նախատեսված է շատ մեծ ժամկետ՝ 41 օր: Եվ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել եւ անցկացնել քարոզարշավը: Լրատվական կայքերում, տարբեր տեղեկատվական աղբյուրներում հայտնվող տեղեկություններին անգամ մենք փորձել ենք հետեւել, եւ եթե դրանցում հայտնաբերվել են ինչ-ինչ հանգամանքեր, շատ օպերատիվ կարգով փորձել ենք քննարկել: Խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ: Ի դեպ, պետք է նկատել, որ քարոզչական կողմերի հետ աշխատանքը ամենօրյա բնույթ է կրում: Պետք է փաստել, որ գրավոր դիմումներ մինչ այժմ քարոզչության ընթացքի հետ կապված ստացված չեն, իսկ բոլոր ահազանգերը, որ եղել են, կամ մամուլի հրապարակումները, դրանց բոլորի կապակցությամբ շատ արագ արձագանք եղել է:
– Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ի պաշտոնե հանդես գալիս կոչ էր արել գնալ տեղամաս եւ «Այո» քվեարկել, ինչից հետո ԿԸՀ-ն կապ էր հաստատել Պապիկյանի հետ եւ խորհուրդ տվել պահպանել «Հանրաքվեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները, որով արգելվում է ի պաշտոնե հանդես գալիս քարոզչություն իրականացնել…
– Արձագանքը եղավ, մենք շատ հրապարակային ներկայացրինք այն միջոցառումները, որոնք ձեռնարկել ենք: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ դրանք ամենատարբեր գնահատականների են արժանանում, նույնիսկ այդ հանգամանքները ԿԸՀ-ում քննարկման առարկա դառնում են: Եթե հանձնաժողովը դրանցում գտնում է ինչ-ինչ խնդիրներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է համարում վարույթի հարուցումը, ապա միանշանակ կհարուցվի: Եթե հանձնաժողովը այդպես չի գտնում, բնական է, որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ միջոցներ չեն ձեռնարկվում եւ վարույթներ չեն հարուցվում, ինչը բնական է, որ չի կարող զրկել կողմերին նման մոտեցման դեպքում ինքնուրույն դիմումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռել:
– Պարոն Մուկուչյան, օրինակ Պապիկյանն ինչպե՞ս արձագանքեց խախտման վերաբերյալ ձեր դիտարկմանը: Սովորաբար կողմերը ընդունո՞ւմ են սխալը:
– Էսպես ասեմ՝ մինչ այժմ նկատած խնդիրները, որոնց շուրջ հանձնաժողովը բարձրաձայնել է կամ քարոզչական կողմերի ուշադրությունը հրավիրվել հանգամանքների վրա՝ բոլորը ընդունվել են:
– Վարչապետի՝ ուղղաթիռով մեկնումը քարոզարշավի, շատ քննարկվեց: Դա խախտո՞ւմ էր, թե՞ ոչ:
– Ես կարծում եմ՝ ամբողջական պատասխան այդ հարցին արդեն տվեցի, որ շատ ու շատ հանգամանքներ, որոնք հրապարակվում են, որոնց վերաբերյալ լինում են տարբեր գնահատականներ, մեկնաբանություններ, հանձնաժողովը դրանք ուսումնասիրում է: Եթե դրանում հայտնաբերեր, ապա դրանց մասին վարույթ հարուցած կլիներ, հրապարակային իրազեկված կլիներ նաեւ հանրությունը: Եթե չկա նման խնդիր, կարծում եմ, պետք է ենթադրել, որ հանձնաժողովը դա չի գնահատել այնպես, ինչպես առանձին անձանց կողմից դա փորձ է արվել ներկայացնել:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում