Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տնտեսական աճի հրահանգը անշեղորեն կատարվել է․ «Ազգ»

Մարտ 14,2020 10:41

Անդրադառնալով այս տարվա առաջին՝ հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, վարչապետ Փաշինյանը շտապեց գրառում կատարել, հայտարարելով, որ «փայլուն տնտեսական տարի ենք սկսել», «տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով»: Հիշեցնենք, որ մինչ այդ նա արդեն հայտարարել էր այս տարին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին՝ փաստորեն ուղղորդելով վիճակագրական կոմիտեին:

Համոզվելու համար, որ հունվար ամսվա ցուցանիշները պայմանավորված են թվային մանիպուլյացիաներով եւ աղավաղումներով, տնտեսության զարգացման համար որեւէ արժեք չհանդիսացող ճյուղի ծավալների ավելացմամբ, միջազգային շուկայում մետաղների նպաստավոր գներով, անդրադառնանք այդ տվյալներին: Ի դեպ, ընդգծենք նաեւ, որ նման կարճ ժամանակահատվածի՝ միայն մեկ ամսվա տվյալներով «բարձր նոտաների» մասին եզրակացություններ անելը նույնպես սխալ է:

Բարձր տնտեսական աճի հրահանգը անշեղորեն կատարվել է

Եվ այսպես, անշեղորեն կատարվել է 8-9 տոկոս տնտեսական աճ «ունենալու» պահանջը՝ հունվարին տնտեսական ակտիվության աճը, ըստ վիճկոմի, ճիշտ 8,9 տոկոս է: Նիկոլ Փաշինյանի համար այս պահի կարեւորագույն՝ ապրիլի 5-ի հանրաքվեից առաջ սա թերեւս հրատապ պահանջ էր, քանի որ անհրաժեշտ է լինելու մարդկանց հավաստիացնել, որ տնտեսությունը զարգանում է եւ նրանց ներշնչել, որ իրենք արդեն լավ են ապրում:

Նախ՝ տեղեկացնենք, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակված չեն: 2018 թ.-ի կեսերից «թավշյա հեղափոխության» տրամաբանությունը որոշեց, որ դրանք հրապարակվելու են միայն եռամսյակային պարբերականությամբ՝ «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ եւ բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»: Անշուշտ, քննադատության չդիմացող «փաստարկ» է: Ամեն դեպքում ընդգծենք, որ գյուղատնտեսությունը, որն ընդգրկում է ամենամեծաթիվ բնակչությունը, անկման մեջ է: 2018 թ.-ի առաջին եռամսյակում այն սկսել էր դուրս գալ անկումից եւ աճ արձանագրել, բայց գյուղատնտեսությունը որպես առաջնահերթություն հռչակած նոր իշխանության ժամանակ այն կրկին ընկղմվեց ավելի խորը անկման մեջ:

Արդյունաբերությունում աճը հունվարին կազմել է 13,4 տոկոս: Սակայն, հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել անցյալ տարվա հունվարին արդյունաբերության 0,4 տոկոս անկման ֆոնին: Բացի դրանից, դա տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ: Հիշեցնենք, որ վարչապետը սխալ էր համարում ընդերքի հաշվին տնտեսության զարգացումը եւ հայտարարում էր, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության համար ապագա չի: Սակայն այսօր, այդ նույն հանքարդյունաբերության շնորհիվ «փայլուն» ցուցանիշների մասին է հայտարարում:

Շինարարությունում, ըստ վիճկոմիտեի, արձանագրվել է 7,7 տոկոս աճ: Անցած տարվա հունվարին այստեղ աճը 22,1 տոկոս էր, իսկ տարեվերջում դժվարությամբ հասցվեց 4,6 տոկոսի՝ դեկտեմբերին 8,5 տոկոս աճ ցույց տալու շնորհիվ: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մենք կանգնած ենք «շինարարական բումի» շեմին: Դա տեղի չունեցավ եւ հիմա էլ տեղի չի ունենում:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031