Կորոնավիրուսն ընդհատել է սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը՝ հարցականի տակ դնելով անգամ հանրաքվեի անցկացման ժամկետը: Քարոզչությունն ընդհատելը եւ ուսումնական հաստատությունների աշխատանքն առնվազն մինչեւ մարտի 23-ը դադարեցնելը, իմ կարծիքով, ճիշտ որոշում էր:
Բայց քանի որ կորոնավիրուսը կգա ու կգնա, իսկ մեր հասարակության խնդիրները մնալու են, ես ուզում եմ անդրադառնալ մի խնդրի, որը, եթե համաճարակը չլիներ, հավանաբար, լայն քննարկման առիթ կդառնար: Խոսքը մի խմբի մասին է, որն իրեն կոչում է «հեղափոխության պահապաններ»: Անունը, հավանաբար, ընտրված է մեր հարեւան Իրանի նմանությամբ, որտեղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի ամենաազդեցիկ քաղաքական, տնտեսական եւ ռազմական կառույցն է, որը ենթարկվում է անձամբ Գերագույն հոգեւոր առաջնորդին: Պարզ է, որ Հայաստանում դա ինքնագործ, ինքնահռչակ խմբակ է, որը պետության եւ իշխանության հետ կապ չունի:
Բայց հասարակական առումով նման խմբակի գոյությունը հետաքրքիր է:
Ֆեյսբուքում արդեն կան հեղափոխության բազմաթիվ «պահապաններ», որոնք հավատաքննության են ենթարկում վիրտուալ տարածքում արտահայտած ամեն մի միտք ու դատավճիռ են կայացնում, թե որքանով է այդ միտքը համապատասխանում հեղափոխության ոգուն եւ տառին: Սակայն խնդրո առարկա «պահապանների» խումբը գործում է իրական կյանքում եւ քրեական ենթամշակույթի լեզվով ասած՝ «հանդիպում է» այն մարդկանց հետ, որոնք չեն համապատասխանում հեղափոխության մասին իրենց պատկերացումներին: Եվ եթե նրանք ստանձնեն հեղափոխական դատավորների, դատախազների, ոստիկանների դերը՝ դրանից արդեն կրիմինալի հոտ կգա:
Գիտեմ, որ վարչապետ Փաշինյանն իրեն սահմանազատել է այդ խմբակից: Բայց արդյոք նա իր բառապաշարով (գուցե իր կամքից անկախ) չի՞ նպաստում նման խմբերի ի հայտ գալուն: Երբ նա ասում է, օրինակ, «վզակոթներիդ ուտելու եք», «բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»: Ընդունենք, որ դա ասվում է փոխաբերական իմաստով: Բայց հնարավոր է, չէ՞, որ իշխանության չափից դուրս մոլեգին երկրպագուները դա հասկանան ուղիղ իմաստով եւ, իրենց ժողովրդի տեղ դրած, իսկապես հարվածեն մարդկանց վզակոթներին կամ «ծնկի բերեն հրապարակներում»:
Կարդացեք նաև
…Հին Հունաստանի մեծագույն մտածող Պլատոնն իր «Պետությունը» աշխատության 4-րդ գրքում դատողություններ է անում մարդկային հանրության բնույթի եւ անհատականության բարոյականության մասին: Հատկանշական է, որ պետությունը, հանրությունը եւ անհատը դիտարկվում էին ներդաշնակության մեջ եւ բարոյականության տեսանկյունից: Պլատոնը գտնում է, որ ցասման, զայրույթի դրսեւորումները խոսում են մարդու սանձազերծ բնավորության մասին, իսկ ինքը՝ զայրույթը, մշտապես սպառնում է խաթարել անհատի բանականությունն ու ինքնատիրապետումը, թուլացնում, ուժասպառ է անում նրան: Ասված է 25 դար առաջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էտ պահապան ծաղրածուները թող փորձեն Նեմեց Ռուբոյին ստիպել ներողություն խնդրի Նիկոլից։
Բայց ինչից ենթադրեցիք որ իշխանության հետ կապ չունեն
Պարոն Աբրահամյան
Տարիներ առաջ Ռուսաստանում սափրագլուխներն էին օրվա իշխանության օգտին մարդկանց նվաստացնում ու իշխանությունն ասում էր կապ չունեն: Ավելի հին անցյալում նման «գործիքներ» եղել են նաեւ այլ երկրներում: Ինտելեկտ չունեն՝ մեկ ասում են վարչապետն է հրահանգել, մեկ ասում են՝ վարչապետը բան չի ասել: Այս տեսակն է դառնում գործիք: Այնպես որ ես չէի պնդի, թե իւշխանության հետ կապ չունեն: Ունեն, դա ակնհայտ երեւում է:
Նույն ելույթների մասին չէ՞ խոսքը:
Մարտ 12: «Ասում եմ առանց որեւէ հեգնանքի՝ ես մասնագիտական հաճույք եմ ստանում, երբ Փաշինյանը «չոտկում» եւ «նախշում» է մարդկանց, որոնք իշխանությունից հեռացել են գրեթե երկու տարի առաջ:»
Մարտ 14: «Բայց արդյոք նա իր բառապաշարով (գուցե իր կամքից անկախ) չի՞ նպաստում նման խմբերի ի հայտ գալուն: Երբ նա ասում է, օրինակ, «վզակոթներիդ ուտելու եք», «բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով»: