Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 եվրոյով կարելի է նկարել լավ ֆիլմ, եւ 1 միլիոնով փչացնել այն»

Մարտ 14,2020 12:00

Արդեն հրապարակվել է կինոռեժիսոր Սեգ Կիրակոսյանի պոետիկ վավերագրական «Մաքրագործում» ֆիլմի թրեյլերը, որը նկարվել է շուրջ 10 տարի, ավելի քան 15 երկրում: Ռեժիսորը ֆիլմի մասին սիրով խոսեց «Առավոտի» հետ:

– Ինչպե՞ս ծնվեց «Մաքրագործումը» նկարելու մտահղացումը եւ, ըստ ձեզ՝ ո՞րն է մաքրագործվելու ճշմարիտ ուղին:

– «Մաքրագործում» ֆիլմի գաղափարն ունեցել եմ դեռեւս 2007-ին, երբ սովորում էի կինոռեժիսորական բաժնում: Չգիտեի ինչի հմար եմ նկարում, բայց երբ հետաքրքիր պահեր էի տեսնում կամ կանխազգում՝ չէի կարողանում չնկարել: Ֆիլմի սցենարական գիծը վերջնականացրի 2013-ին, երբ արդեն ունեի նկարահանված որոշակի նյութ: Այդ ժամանակ կազմեցի սցենարս, որն ամեն նկարահանումից հետո փոփոխվում էր, հղկվում, հարստանում: Նյութն ամբողջությամբ վավերագրական է, երբեք որեւէ մեկին չեմ խնդրել ֆիլմի համար հատուկ գործողություն անել, եւ այդ սկզբունքի պահպանումն ինձ տվեց տարավ կինեմատոգրաֆիայի, մաքուր կինոլեզվի խորքերը. հիմա ունեմ կադրեր եւ տեսարաններ, որոնք կարծում եմ՝ երբեւէ որեւէ սցենարիստի մտքով չէին անցնի: Ինձնից պահանջվում էր միայն ճիշտ պահին ճիշտ տեսանկյունից ֆիքսել կյանքի այս կամ այն իրադարձությունը, պատահարը:

Ֆիլմը նախ ինձ համար կարելի է համարել մաքրագործում. մի քանի տարի աշխատել եմ որպես լրագրող, ինչը պահանջում էր արագաշարժություն, շտապողականություն, ժամանակավոր թեմաների արծարծում, իսկ կինոն ինձ համար ավելի շատ դանդաղաշարժ, բայց ծանրակշիռ փիղ է: Եվ զուգահեռ այս ֆիլմի վրա աշխատելով փորձում էի ազատվել անցողիկ թեմաների, պահի ու պահանջարկի թելադրանքից: Իսկ ընդհանուր առմամբ ֆիլմը ագահության մասին է: «Մաքրագործում» բառն այստեղ ունի հոգեւոր, բայց ոչ կրոնական նշանակություն: Մեր տիեզերքի մեջ, մեր մոլորակի վրա ապրող մարդկությունը զարգանում է, սակայն երբ այդ զարգացումը հայտնվում է ագահության իշխանության ներքո՝ մեր հետագա գոյությունն է հարցականի տակ դրվում: Այլընտրանքը՝ ինքնաճանաչումն է, ուրիշներին օգնելը, բնության այլ մասնիկները հարգելը:

–  Մարդ-բնություն հակասություններն ու ներդաշնակության խաթարումն ի՞նչ վտանգներով են հղի, եւ ինչպե՞ս է դա արտահայտվում ձեր ֆիլմում:

– Կարծում եմ՝ որքան էլ մարդը գրավում է նորանոր տարածքներ ինչպես մեր մոլորակի վրա, այնպես էլ դրանից դուրս, միեւնույն է՝ մենք դեռ չենք կարող հակազդել մրրկահողմերին, օդի գլոբալ աղտոտվածությանը, ջերմաստիճանի համաշխարհային փոփոխություններին, հետեւաբար չի կարելի հաշվի չնստել բնության հետ: Ընդհանրապես, կյանքը, իմ կարծիքով, կառուցված է իրար հակազդող բեւեռների արանքում. որքան հավասարակշռված է, այնքան քիչ է տատանումը: Եթե մենք արհեստականորեն բնությանը ճնշում ենք ինչ-որ հարցով, վաղ թե ուշ լինելու է հակազդում ու նա էլ մեզ է ճնշելու: Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում մեր կյանքում, մենք անընդհատ քաղում ենք մեր անհատական որոշումների եւ ընդհանրական մտքի պտուղները: Դա կարող է արտահայտվել անծանոթի նվերի, կարկուտի կամ ինքնազգացողության միջոցով. տիեզերքն անընդհատ կապի մեջ է մեզ հետ: Իմ ֆիլմում այդ կապի ընդհատումն արտահայտվում է գլուխներից մեկով, որը կոչվում է «Անհետացում»:

– Հատկապես ի՞նչ շեշտադրումներ եք կարեւորել ֆիլմում:

– Ֆիլմի աելիքից, կրթական հնարավոր բաղադրիչներից, ժամանակակից կյանքը ֆիքսելու ցանկությունից առաջ կարեւոր եմ համարում ինքնին արվեստի գործ ստեղծելու միտքը, որի առաջնային նպատակն ու նշանակությունը պարփակված է իր մեջ, իսկ մնացած նպատակներն արտարվեստային են ու երկրորդական:

Փորձում եմ նաեւ ֆիլմը կառուցել այնպես, որ մի անգամ դիտելուց հետո հանդիսատեսը ցանկանա այն դիտել նորից ու նորից, եւ ամեն անգամ դիտելիս նոր երանգներ բացահայտի: Ընդհանրապես, ուզում եմ, որ կինոդիտողը հետեւի սցենարական գծին, միաժամանակ լայն տարածք է ունենալու ինձ հետ հավասար ֆիլմի հեղինակ դառնալու՝ գաղտնագրված մտքերն իր ցանկությամբ վերակազմավորելու: Ուրախ եմ, որ թրեյլերի հրապարակվելուց հետո արդեն իսկ այս սկզբունքն աշխատում է, քանի որ հաճախ այնպիսի կարծիքներ եմ լսում, որոնց մասին երբեք չեմ մտածել, բայց լիովին տեղավորվում են ֆիլմի շրջանակում:

– Ձեր ֆիլմի բյուջեն 500 000 եվրո է կազմում, ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է համեստ բյուջեով լավ ֆիլմ նկարել: Ըստ ձեզ՝ ի՞նչ ասել է լավ ֆիլմ:

– 500 000 եվրոն խաղարկային ֆիլմի համար համարվում է համեստ բյուջե, բայց վավերագրական եւ ոչ խաղարկային ֆիլմերի դեպքում դա այնքան էլ համեստ չէ: Չնայած, 15 երկրում նկարելու համար գուցե համեստ կարող է թվալ: Այնուամենայնիվ, լավ ֆիլմ նկարելու համար փողի չափն ինձ համար նշանակություն չունի, քանի որ լավ ֆիլմ ասելով ես հասկանում եմ ոչ թե լավ տեխնիկայով նկարված թանկարժեք ֆիլմ (չնայած շատ կինոփառատոներում դա է առաջնային նախապայմանը), այլ լավ գաղափարի լավ իրագործում՝ ստեղծագործական միջոցների, օգտագործված տեխնիկայի պատճառաբանված եւ համահունչ կիրառում, որի շնորհիվ ֆիլմը երկխոսության մեջ կմտնի հանդիսատեսի հետ: Ի դեպ, իմ ֆիլմը հանդիսատեսին կհուզի եւ դահլիճից դուրս գալուց հետո կմնա նրա հիշողության մեջ, բայց ոչ ոք չի արտասվի. ինձ համար հուզվելու եւ հաջողության չափանիշն արցունքը չէ: Դա, ֆիլմերի զգալի մասում, համարում եմ էժանագին հնարք, հատկապես երբ երաժշտության օգնությամբ է արվում:

Մի խոսքով, 1000 եվրոյով կարելի է նկարել լավ ֆիլմ, եւ 1 միլիոնով կարելի է փչացնել նույն այդ ֆիլմը: Հատկապես վավերագրական ֆիլմի դեպքում մեծ փողերը կարող են խանգարել. որքան թանկարժեք ու մեծ է տեխնիկան, որքան շատ են նկարահանման խմբի անդամները, այնքան կորում է անմիջականությունը, այնքան ավելի բարդ է լինում ճիշտ պահը որսալը:

– Ի՞նչ ճակատագիր եք կանխորոշել ձեր ֆիլմի համար:

– Տրամադրված եմ, որ ֆիլմը կճանապարհորդի աշխարհում, ու ոչ միայն փառատոների մասնակցելով, այլեւ միջազգային վարձույթ դուրս գալով, մեծ աղմուկ բարձրացնելով: Լավ հասկանում եմ, որ դրա համար կպահանջվեն մեծ փողեր ու լավ կապեր, դրա համար էլ պրեմիերայից շատ առաջ սկսել եմ խոսել ֆիլմի մասին ու բաց եմ ցանկացած տեսակի համագործակցության առաջարկի համար: Կուզենամ հնարավորինս շատ մարդ օգնի ֆիլմին, որպեսզի ավելի շատ մարդ իրեն զգա ֆիլմի մասն ու օգնի դրա ինքնուրույն կյանքին:

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարները` Վազգեն Գալստյանի

«Առավոտ» օրաթերթ
13.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031