Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի օգնական» ներկայացածի ձեռքին օրենսգիրք է եղել, խնդրել է՝ իրեն դիմել ազգանունով

Մարտ 14,2020 12:30

Մարիամ Ք.-ն տուժող Երազիկ Զ.-ին ներկայացրել է՝ որպես Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական: Վերջինիս եղբայրը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ էր, եւ մեղադրական եզրակացության համաձայն, ամբաստանյալը վճարովի հիմունքներով փաստաբանի ներգրավելու եւ իրավաբանական օգնություն ցուցաբերելու պատրվակով,  տուժողից մաս-մաս հափշտակել է 4500 ԱՄՆ դոլարին համարժեք 2,183,000 ՀՀ դրամ ընդհանուր գումար:

Մարիամ Ք.-ի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, սակայն անցյալ տարվա նոյեմբերի վերջերից, նա գտնվում է ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ընդհանուր իրավասության դատարանը Մարիամ Ք.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքում եւ նրա պատժին լրիվ գումարվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մայիսի 6-ի դատավճռով նշանակված 1.200.000 ՀՀ դրամ տուգանքը, վերջնական պատիժ էր նշանակվել նաեւ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:

Տուժող եւ քաղաքացիական հայցվոր Երազիկ Զ.-ի քաղաքացիական հայցը` 4500 ԱՄՆ դոլարին համարժեք 2.183.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով կարճվել էր` քաղաքացիական հայցից հրաժարվելու հիմքով:

Մարիամ Ք.-ն ներկայումս վիճարկում է կալանավորման իրավաչափության հարցը, խնդրում է վերացնել խափանման միջոցը կամ՝ փոփոխել, իր ազատազրկումը պայմանական չկիրառել: Մարիամ Ք.-ն, ըստ հինգ հատորանոց գործի, իր վերջին խոսքի ժամանակ իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խնդրել է իր նկատմամբ կայացնել մեղմ դատավճիռ, չազատազրկել եւ հնարավորություն տալ հատուցելու պատճառված վնասի մնացած մասը: Նկատենք, որ նախաքննության ժամանակ «դատավորի օգնականն» իրեն մեղավոր չէր ճանաչել:

Մարիամ Ք.-ն նախաքննության ժամանակ հայտնել էր, որ տուժողից 4500 ԱՄՆ դոլար գումար չի վերցրել, նրանից վերցրել է ընդամենը 800 ԱՄՆ դոլար գումար` այն էլ պարտքով եւ տոկոսով. «Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե ինքն իբրեւ ներկայացել է որպես դատավորի օգնական: Տուժողի եղբորն իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան գտնելու համար իրեն որեւէ մեկը չի դիմել, ինքն էլ որեւէ մեկին չի առաջարկել, քանի որ ոչ դատավորի օգնական է եւ ոչ էլ իրավաբան ծանոթներ ունի»:

Դատական նիստերից մեկի ժամանակ տուժողը հայտնել էր, որ եղբորը երբ ձերբակալել են, այդ ժամանակ էլ լավ իրավաբան է փնտրել:  Եղբոր ընկերը հայտնել է, որ իր ընկերներից մեկի մայրն իրավաբան է եւ կարող է իրենց օգնել: Այդ ժամանակ էլ գնացել են Մարիամ Ք.-ի բնակարան. «Վերջինս իրենց հայտնել է, որ դատավորի օգնական է, շուտով դատավոր է նշանակվելու, կարող է իրենց օգնել, սակայն օգնությունը թանկ կարժենա: Ամբաստանյալի ձեռքում օրենսգիրք է եղել եւ ասել է, որ իրեն դիմեն ազգանունով»: Մարիամ Ք.-ն այդ ընթացքում հեռախոսազրույց է ունեցել եւ իրենց հայտնել՝ հստակ կճշտի եւ կհայտնի գումարի չափը: Ապա զանգել եւ ասել է, որ իր օգնությունն արժե 2500 ԱՄՆ դոլար: Նախ նրան տվել են 1500 ԱՄՆ դոլար, ապա, մաս-մաս, մինչեւ 3500 դոլար: Տարբեր պատճառաբանություններով գումարը հասցրել է 4000 ԱՄՆ դոլարի:

Առաջին դատական նիստին փաստաբան չի եղել, երկրորդ դատական նիստից մեկ օր առաջ գնացել է Մարիամ Ք.-ի բնակության վայր եւ պարզել, որ վերջինս այլեւս այդ հասցեում չէ:

Հետագայում պարզվել էր, որ Մարիամ Ք.-ն բացակայում է ՀՀ-ից եւ դատարանի կողմից վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Դրանից անմիջապես հետո գնացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժին եւ հաղորդում է տվել:

Ի դեպ, Մարիամ Ք.-ի որդու հետ տուժողի հեռախոսազրույցի ձայնագրությունն է առկա, որտեղ նա հայտնել է, որ «մայրն իրավաբան եւ փաստաբան չի հանդիսանում, ուղղակի մեծ կապեր ունի»:

Տուժողի կալանավորված եղբայրն էլ վկայի կարգավիճակով ցուցմունք էր տվել, քույրը` Երազիկ Զ.-ն գումար է տվել ամբաստանյալ Մարիամ Ք.-ին. «Մինչ դատապարտվելը, երբ ընկերներով նստած են եղել, որտեղ ներկա է եղել նաեւ ամբաստանյալի որդին, նա հայտնել է, որ մայրն աշխատում է դատարանում եւ պետք է նշանակվի դատավոր»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031