Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի հանդեպ նկրտումները Թուրքիան կարող է իրականացնել իր «փոքր եղբայր» Ադրբեջանի միջոցով»

Մարտ 14,2020 13:00

Կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

«Թուրքիան օրակարգ է մտցնում Արցախի հարցը: Նա բացահայտ քաղաքական ուղերձ է հղում, որ ինքը որպես ՄԽ անդամ եւ տարածաշրջանի խնդիրներով հետաքրքրված ուժ՝ իր մտահոգությունն է հայտնում հարցի շուրջ»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական քննարկման ժամանակ երեկ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը պնդել է մոտեցումը, թե Թուրքիան իբրեւ թե կարող է նպաստել Արցախյան հակամարտության կարգավորմանը՝ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Սրանով փորձ է արվում քաղաքական օրակարգն արհեստականորեն հարստացնել Արցախի հարցով: Սա Թուրքիայի գործելաոճն է, ձեռագիրը, եւ նման օրինակները շատ են Թուրքիա-Իրաք, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում»,-նկատեց Ռուբեն Մելքոնյանը: Նշյալը, ըստ նրա, Արցախի հարցի հանդեպ կարող է ունենալ թե ռազմական, թե քաղաքական-դիվանագիտական բաղադրիչներ: Ռուբեն Մելքոնյանը շեշտեց՝ ռուս-թուրքական հարաբերություններում, Թուրքիայի բնորոշմամբ, կա հայկական բաղադրիչ՝ Արցախի հարցը, եւ միամտություն կլինի կարծելը, թե Թուրքիան իր քաղաքական ձեռագիրը պատեհ կամ անպատեհ առիթներով չի օգտագործի: «Մեզ համար սա անվտանգության կարեւոր բաղադրիչ է: Թուրքիայի գործելաոճն ուղիղ համեմատական է ՀՀ անվտանգության խնդիրներին: Նման հարցերում պոպուլիստական կամ ամբոխահաճո մոտեցումները տեղ չունեն, որովհետեւ սա այլ ոլորտի է վերաբերում, որում նման մոտեցումները կործանարար կարող են լինել: ՀՀ-ի հանդեպ նկրտումները մշտապես Թուրքիայի օրակարգում են, եւ նա դա կարող է իրականացնել իր «փոքր եղբայր» Ադրբեջանի միջոցով: Ի՞նչն է զսպում սադրիչ գործողություններ իրականացնել ՀՀ-ի հանդեպ, որի հնարավորությունն ու ցանկությունը նա ունի: Մենք ունենք հարեւան, որն ապացուցել է ապակառուցողական եւ հարձակողական բնույթը»,-համոզմունք հայտնեց փորձագետը:

«Արցախի հարցում արձանագրենք Իրանի դիրքորոշման երկու հարթություն՝ պաշտոնական-դիվանագիտական եւ ոչ պաշտոնական: Դիվանագիտական բնորոշումներում շեշտվում է հակամարտության խաղաղ կարգավորումը»,- հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ թեեւ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, սակայն եթե Իրանը պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին, նկատի չունի այն, որ Արցախը դիտարկում է այդ ամբողջականության շրջանակում: «Իրանի իշխանությունը որեւէ դեպքում չի խոսի ազգերի ինքնորոշման խնդրի մասին, քանի որ Իրանը բազմազգ պետություն է»,-շեշտեց փորձագետը: Նրա խոսքով՝ պաշտոնական մակարդակում Իրանը երբեւէ չի խոսի տարածքային ամբողջականությունից դուրս գտնվող որեւէ այլ սկզբունքի մասին: Իսկ ոչ պաշտոնական մակարդակում, Վարդան Ոսկանյանի բնորոշմամբ, հայ-իրանական եւ արցախա-իրանական սահմանները բխում են Իրանի պետական եւ անվտանգային շահերից, հետեւաբար՝ իրանցիներն Արցախի հարցում կայուն սկզբունքներ ունեն. «Դրանցից կարեւորագույնն այն է, որ սահմանների փոփոխություն չի կարող տեղի ունենալ հօգուտ Ադրբեջանի: Հօգուտ Ադրբեջանի որեւէ փոփոխություն չի բխում Իրանի շահերից: Կարծում եմ՝ հայկական կողմն Իրանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի նաեւ այն սկզբունքով, որ արցախա-իրանական սահմանն ապահովում է նաեւ Իրանի հյուսիս-արեւմուտքի անվտանգությունը, ուստի այստեղ մեր շահերը համընկնում են»: Իրանագետի խոսքով՝ մյուս կարեւոր սկզբունքը, որին հետամուտ է Իրանը, արցախա-իրանական սահմանում որեւէ խաղաղապահ ուժերի ներկայության անթույլատրելիությունն է. «Իրանի համար ձեռնտու է, որ Արցախի տարածքի ռազմական անվտանգությունը հսկում են հայկական ուժերը: Կարեւոր է նաեւ հետեւյալը. արցախա-իրանական սահմանը՝ մոտ հարյուր կմ, կարող է լրջագույն հարթակ հանդիսանալ արցախա-իրանական գործակցության համար, եւ ամենեւին կարիք չկա, որ դրա մասին բարձրաձայնենք ԶԼՄ-ներով: Աշխատել պետք է»:

«Հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին դրդի Արցախի դեմ քայլերի: Վերջին ամիսներին Ադրբեջանում, այդ թվում նախագահի ելույթներն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ ՀՀ-ի եւ Արցախի դեմ: Իրականությունը սա է»,-  հայտարարեց 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:

Նա նաեւ նշեց, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» միջազգայնացման գործընթաց է տեղի ունենում. «Ադրբեջանական համայնքի ղեկավարը դարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով՝ ԼՂ տարածքից: Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսի դեսպանները, բացի ՌԴ-ից, նրա հետ նման կարգավիճակով հանդիպելով եւ շնորհավորելով՝ ընդունում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Ընդունում են, որ նա այդ տարածքից ընտրված է օրինական կերպով՝ դրանից բխող հետեւանքներով»: Ինչ վերաբերում է Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, Դավիթ Շահնազարյանը համոզմունք հայտնեց. «Առաջին անգամ Արցախի ներքաղաքական զարգացումները կրում են աշխարհաքաղաքական բնույթ: Սպասվելիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ-ի եւ տարածաշրջանի համար: Փորձ է արվում «հեղափոխությունը» տեղափոխել Արցախ: Եթե ընտրությունների արդյունքում Արցախի նախագահ դարձավ ՀՀ իշխանություններին հնազանդը, դա շատ ծանր ազդեցություն է ունենալու: Այդ դեպքում հեղափոխության արտահանումն Արցախ մեծ թափով սկսվելու է այս ընտրություններից հետո»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031