Լրահոս
Օրվա լրահոսը

Ամնեզիան որպես մանիպուլյացիոն տեխնոլոգիա

Մարտ 14,2020 14:00

Սկիզբը՝ այստեղ

Ամնեզիան հունարեն բառ է. բառացի նշանակում է հիշողության բացակայություն, կորուստ, խանգարում, որ դասվում է ծանր հիվանդությունների շարքում: Ղրղըզ խորհրդային գրող Չինգիզ Այթմատովը պետական մրցանակի արժանացած իր «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի մեջ շրջանառեց «մանկուրտ» բառը, որ մտավ աշխարհի բառարաններ: Վեպում պատկերվում է թյուրքական ցեղերին հատուկ մի գործողություն, երբ գերու գլուխը սափրում էին, նոր մորթված ուղտի տաք կաշին քաշում գլխին ու մի քանի օր թողնում անապատի կիզիչ արեւի տակ: Դրանից հետո գերին կորցնում էր հիշողությունն ու դառնում իր անցյալը մոռացած հլու ստրուկ՝ պատրաստ կատարելու տիրոջ ցանկացած հրահանգ: Այդպիսինին անվանում էին մանկուրտ: Վեպի մանկուրտն, օրինակ, տիրոջ հրամանով սպանում է սեփական մորը, որին չի հիշում՝ չի ճանաչում: Մեր Վահան Տերյանն էլ տեսել էր այդ նուրբ անցումը, երբ հուսադրում էր. «Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ»:

Տեղեկատվական հոսքերի մեր ժամանակներում ամենեւին պետք չէ թյուրքական ավանդույթի համաձայն՝ ուղտի կաշի հագցնել կալանավորի հանգույն սափրած գլխին ու եռացնել ուղեղը. նույն եռքին ու մանկուրտությանը հնարավոր է հասնել մանիպուլյացիայի շնորհիվ՝ ընդամենն ուղղորդելով տեղեկատվական հոսքերը:

«Հիշողությունն է հաշտության գաղտնիքը»,- ասում է հրեական իմաստնությունը: Այդ հաշտեցումը չլինելու համար, օրինակ, Խորհրդային Միությունը մի ժամանակ անում էր ամեն բան, որ ՀԽՍՀ բնակչությունը մոռանար Մեծ եղեռնի, Արեւմտյան Հայաստանի, մանավանդ երբեմնի անկախության մասին (աթեիստական ԽՍՀՄ-ը համաձայն էր, օրինակ, Վաղարշապատը կոչել Էջմիածին, միայն թե չհիշվեր պետականությունը, թագավորը): Դրա համար կա՛մ արգելված էին հիշատակումներն այդ թեմաներով, կա՛մ ներկայացվում էին ամենաբացասական գույներով, կա՛մ այնքան էր թմբկահարվում հակառակը, որ տեղ չէր մնում հիշողության համար: Այսպես. մինչեւ 1950-ականների վերջերը Խորհրդային Հայաստանում հրատարակված հսկայածավալ գրավոր խոսքում այդ թեմաները եթե անգամ երբեմն հիշատակվում էին, ապա միայն «դաշնակ բախտախնդիրների» եւ «ազատարար Կարմիր բանակի» կոնտեքստում, իսկ ամեն քայլափոխի ցցված էին (մինչեւ այսօր էլ դեռ կան) Հայաստանի անկախությունը ոչնչացրած բոլշեւիկյան դերակատարների արձանները, քանդակները, դրանցով անվանակոչված բնակավայրերը, փողոցները…

Ապրել ցանկացող անհատներն ու ազգերը հիշողության համար կռիվ են տալիս: Այդպիսի կռիվ տվեցին նաեւ խորհրդահայ որոշ առաջնորդներ, հոգեւորականներ եւ հիշողությունը չկորցրած մեծ թվով հայաստանցիներ, ու երբ այն համընկավ կոմունիստական կայսրության աշխարհաքաղաքական շահերին, պսակվեց հաջողությամբ: Որպես տեսանելի քարոզչություն ու տեղեկատվություն՝ կանգնեցին Սասունցի Դավթի արձանը, Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը Ծիծեռնակաբերդում, Սարդարապատի հուշահամալիրը… Այդ նույնը տեսանք  1991թ.-ին, երբ վերանվանվեցին հանրապետության երկրորդ քաղաքից սկսած մինչեւ «բոցաշունչ ինտերնացիոնալիստ» Մեշադի Ազիզբեկովի հրապարակ: «Նվագախմբի տղաները», «Զանգեզուր» եւ այլ ֆիլմերը չխանգարեցին, որպեսզի Հովիկ Վասիլյանի, Շանթ Հարությունյանի եւ այլոց շնորհիվ նորից շրջանառվի Գարեգին Նժդեհի անունը, իսկ վերջին իշխանության մայրամուտին մայրաքաղաքի սրտում կանգնեցվեին Նժդեհի եւ Արամի հուշարձանները: Այսինքն՝ գերին մինչեւ վերջ մանկուրտ չէր դարձել, ամնեզիան կատարյալ չէր:

Բայց սա միայն տեսանելի տեղեկատվության սահմաններում էր եւ է: Գրող Վանո Սիրադեղյանը դառն ու դիպուկ մի դիտարկում է անում, թե ոմանց համար հայրենիքի պատմականն է նախընտրելի, քանի որ իրական հայրենիքը պատասխանատվություն եւ ջանք է պահանջում: Հնարավորինս հեռավոր ժամանակի հերոսներին պանծացնելը ոչինչ չի պարտավորեցնում. «արձանը կանգնեցրիր՝ վերջ, պարտքի տակից դուրս ես եկել»՝ կասեր նշանավոր արվեստագետ ու զինվորական լուսահոգի Ալեքսանդր Մելքոնյանը (Սաշը): Բայց անկախությունն իրականում մոտեցրած, անկախությանը պատրաստած անձինք, որոնք տարիքի բերումով դեռ ողջ էին ու կարողացել էին չզոհվել խորհրդային քաղաքական համակենտրոնացման ճամբարներում, պետք է հնարավորինս շրջանցվեին. նրանք, գրողի ասած, պատմականը չէին, նրանց իրական գնահատական էր պետք: Բայց նրանք կա՛մ չգնահատվեցին, կա՛մ գնահատվեցին անարդար՝ ստորադասվելով նույնիսկ նրանց, ումից իշխանությունը վերցվել ու անկախություն էր հռչակվել: Իսկ երբ արժանավորին չես գնահատում, կա՛մ լռում է, կա՛մ սկսում իր մասին երրորդ դեմքով խոսելը, թեեւ ամեն նախադասություն սկսում է ես-ով: Գնահատանքը հանրային արժեհամակարգի կարեւորագույն բաղադրիչներից է:

Հետո ՀՀ Հիմնադիր-նախագահի մեծահոգությամբ եկածները իշխանությունն իրենցով արեցին: Հրանտ Մաթեւոսյանը դառն ու դիպուկ ձեւակերպեց՝ Մի՛ ուրացիր քո եղբորը: Ավելի ուշ պատմաբան Աշոտ Սարգսյանը մի ամբողջ գիրք նվիրեց Հայաստանի նորագույն պատմության ուրացումներին: Ուշ էր. պետք էր առաջին ուրացման ժամանակ բարձրաձայնել: Ուրացում չէ՞, երբ այսօր չգիտենք, թե մեր պետականության վերականգնմանը հանգեցրած Արցախյան շարժման «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ասենք, Սամսոն Ղազարյանն ինչպե՛ս է ապրում:

Ուրացումների՝ երախտիքի անգիտացման, չգնահատման հետեւանքն ինքը ծնունդով հեղափոխական է: Այդպես հեղափոխականները գնդակահարում էին թագավորներին ու նրանց ընտանիքները, ազնիվներին ու ազնվականներին, մերժում ամեն նախկին բան՝ մինչեւիսկ՝ «Տերյանի երգը թքոտ», փոխարենն առաջարկելով «երկաթե թեժ արդուկը»: Այդպես պետություններն ու ազգերը դառնում են ձախողված, եթե մի պահի չեն սթափվում, կանգ չեն առնում, չեն ֆիքսում իրե՛նց Մասիսը՝ «փառքի ճամփան», չեն ֆիքսում իրենց «լուսապսակ ճակատները»՝ արժեքները:

Ինչ-որ ժամանակի համար, իհարկե, գայթակղիչ է Չե Գեւարան, որի պատկերով շապիկ էր հագնում իմ լուսահոգի բարեկամ Սարգիս Հացպանյանը: Մի անգամ հարցրի, թե իր նպատա՞կն էլ է Չե Գեւարայի պես հաղթել հայրենի Արգենտինայից հեռու Կուբայում, ապա կռվել աֆրիկյան Կոնգոյում ու մեռնել Բոլիվիայում: Համենայնդեպս, ես Սարգսին այդուհետ իր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի պատկերով շապիկով եմ տեսնում: Նա գտել էր, որ իր «կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա»: Հեռավոր Հայաստանի ամեն խանութում հնարավոր է գտնել Չե Գեւարայի պատկերով զանազան ապրանքներ, մինչդեռ նոր-նոր են երեւան գալիս հայոց այբուբենի, Նժդեհի կամ Մոնթեի պատկերները, այն էլ՝ հիմնականում Վերնիսաժի ինքնուսների մոտ: Ամնեզիան առաջին հերթին տեղեկատվական է, լատենտ քարոզչական:

Մեր լրագրական համայնքի մտքով անցնո՞ւմ է անդրադառնալ, թե հիմա ի՛նչ է մտածում այն երիտասարդը, ով մեկ-երկու տարի առաջ զորանոցից դուրս էր բերել զինվորներին, որոնք «Կյանք՝ գողերին, մահ՝ ոստիկաններին» վանկարկելով պտտվում էին Մեղրիում: Ֆեյսբուքյան հավանումներով իրենց վաղվա օրը չափող մեր խելոքները եւ այս ու այնտեղից ռուսերեն աֆորիզմներ ճպպացնողները մոռանում են, որ միայն օտարն է շահագրգռված, որ ամնեզիայի ենթարկվես, գայթակղվես անցողիկ նյութով ու վարվես ինչպես օտարը, ինչի մասին ասված էր դեռ 1600 տարի առաջ. «…սկսեց առաջ քաշել կրտսերներին ավագների միջից, եւ անարգներին՝ պատվականների միջից, եւ տգետներին՝ գիտունների միջից, եւ վախկոտներին՝ քաջ մարդկանց միջից…»:

Բայց չէ՞ որ դա բազմիցս եղել է մեր պատմության մեջ: Մի՞թե հիմա էլ նույն տեղում պետք է սայթաքենք, երբ մեր շուրջը դարձյալ պրկված են աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ռուս-թուրքական, տարածվող բացիլների, համաշխարհային մոտալուտ տնտեսական եւ ֆինանսական վայրիվերումների, հոգեւոր ճգնաժամի… թնջուկները:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031