Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ տիկնոջը. «Հաստատ կորոնավիրուս չե՞ս»

Մարտ 13,2020 23:35

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով տեղեկացրեց, որ ինքն ու Աննա Հակոբյանն առավոտյան թեստ են հանձնելու՝ պարզելու համար արդյոք վարակվա՞ծ են կորոնավիրուսով: Շտապեց նշել, որ մասնագետների հետ քննարկումներից եկել են այն եզրակացության, որ գրեթե զրոյական է վարակվելու հնարավորությունը:

Նա լավ նորություն հայտնեց՝ «Գոլդեն Փելեսում» մեկուսացած 31 անձանցից 28-ը տուն կուղարկվեն, որովհետեւ նրանց թեստը բացասական արդյունք է ունեցել:

Ինչ վերաբերում է Էջմիածնից մեկուսացվածներին, 3-ի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Վարչապետն ասաց, որ մեկ քաղաքացի էլ Ֆրանսիայից է եկել, եւ նրա մոտ եւս կորոնավիրուս է հաստատվել:

«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի 13 հաստատված դեպք ունենք, որոնց մեծամասնությունը Էջմիածնի նշանդրեքի մասնակիցներն են»,-նշեց Փաշինյանը: Հավելեց նաեւ, որ Էջմիածնից մեկուսացված քաղաքացիների թիվը 100-ի է հասել, եւ Էջմիածինն ուշադրության կենտրոնում է պահվելու:

Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ նրա կողքին էր նաեւ կինը՝ Աննա Հակոբյանը: Փաշինյանն ասաց, որ անհանգստացած էին, որ Բրազիլիայի նախագահի օգնականներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի դեպքը եւ նախագահը նույնպես թեստ է հանձնել ու պատասխանի է սպասում: «Մենք այդ մասին՝ իմանալով որոշեցինք մեկուսացվել Սեւանում, բայց ոչ միանգամից, որովհետեւ աշխատանք կար, որ չէի կարող չանել»,-ասաց վարչապետը:

Ապա նշեց, որ լուրեր է կարդացել, որ Բրազիլիայի նախագահի մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպում էր ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ ու ողջագուրվելու լուսանկար հրապարակել: Նա նշեց, որ թեեւ լուրերը հերքվել են, բայց զգուշության եւ ինչ-ինչ խոսակցություններից խուսափելու համար մեկուսանում են ու թեստ են հանձնելու:

«Մենք եկանք Սեւանում մեկուսանալու, եւ առաջին գործողությունը, որ պիտի անեինք, մեր ջերմությունը չափելն էր, ուրախացանք, որ ջերմություն չկա: Կորոնավիրուսի արտահայտման համար պարտադիր գոնե մի օր պետք է ջերմություն լինի, բայց մենք ջերմություն չունենք: Առավոտյան թեստ կհանձնենք համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է»,-ասաց վարչապետը:

Ապա` նշեց, որ իր կարծիքով, ավելի խիստ միջոցառումների պետք է անցնել, խուսափել այցելել թատրոններ, կինոթատրոններ, մարզասրահներ: Ասաց նաեւ, որ վաղվանից այդ հաստատությունները պետք է դադարեն գործել:

Վարչապետը խոսեց տասը օրով Վրաստանի հետ սահմանը փակելու մասին, շեշտեց, որ միայն բեռնափոխադրումներն անարգել կիրականացվեն: Նշեց, որ այդ պայմանավորվածության եկել են Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո:

«Իմիջիայլոց, նոր լրահոսն էի նայում եւ տեսա, որ աշխարհում ամենուրեք՝ Չեխիայում, Սլովակիայում, Մալթայում, բոլոր երկրներում այս խնդիրը կա: Չի լինելու երկիր, որ այս խնդրից խուսափի: Ամենաէֆեկտիվ միջոցը սեփական պատասխանատվությունն է սեփական շրջապատի նկատմամբ»,- ասաց վարչապետ եւ հավելեց, որ օրենսդրական հնարավորություններն են քննարկում արդարադատության նախարարության հետ, որ վարակիչ հիվանդությունների դեպքում բժշկի չդիմելը պատասխանատվություն ենթադրի:

Ֆեյսբույքան ուղիղ հեռարձակման ժամանակ Փաշինյանը կատակով դիմեց կնոջը. «Հաստա՞տ կորոնավիրուս չես»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Գերագոյն գլխաւորն առաջին համահայաստանեան «ճգնաժամային» ստուգատեսը կարծէք թէ լաւ չի յանձնում:
    Ա. Իրեն խորհուրդ տուած «մասնագէտներին» ասէք, որ վարչապետի վարակուելու հաւանականութիւնը բաւական բարձր էր/է: Հանրային մարդաշատ միջոցառումները պէտք է վաղուց արգելուէին: Իսկ մարդը «թու-թու-թու» ասելով Իրանի սահմանից սկսած հանրահաւաքներ է անում: Ուղղակի ապշել կարելի է:
    Բ. Յաջորդը. հազար անգամ ասացինք, որ համաճարակային նման իրավիճակներում ջերմաչափի վրայ յոյս դնելն անմտութիւն է:
    Գ. Ինչո՞ւ էք թեստը վաղը յանձնելու: Սա ի՞նչ դանդաղկոտութիւն է: Ժամանակակից թեսթերը (RT-qPCR) 1-2 ժամում պատասխանն ասում են ու էդպիսի թեստեր միջին մակարդակի մոլեկուլային կենսաբանութեան լաբերում էլ կարելի է անել:
    Դ. Ո՞ւր է ձեր կարգին քաղաքապետը: Իր ղեկավարած համայնքում երկրի բնակչութեան 2/3-ն է ապրում:
    Ե. Իբր բարձր տեխնոլոգիական երկիր ենք: Կարո՞ղ էք դասերն առցանց անցկացնել: ՉԷ՛Ք կարող:

    Մեզ մօտ՝ Կոլումբիայի համալսարանում, 2000 առարկայ մէկ օրում դարձրեցին առցանց ուսուցմամբ: Բոլոր ճամփորդութիւնները, 25 եւ աւելի մարդկանց հաւաքները փակ տարածքում արգելուած են: Նիւ Եորքի մետրոն եւ դպրոցները ամենայն հաւանականութեամբ կը փակուեն: 20 միլիոնանոց մեգապոլիսի համար, որ մոլորակի կենտրոնն է, աղէտի նման մի բան է: ԱՄՆ-ում նախագահը քիչ առաջ արտակարգ դրութիւն յայտարարեց: Հարվարդի համալսարանի օրինակով համալսարաններում ամենայն հաւանականութեամբ կը դադարեցուեն ոչ միայն դասերը, այլեւ գիտական աշխատանքները:

    Պաշտօնեանե՛ր, մի քիչ աւելի լուրջ եղէք: Վիրուսաբանութիւնը լուրջ գիտութիւն է: Ամբոխահաճութեամբ պօղոսներին սիրաշահելը շա՜տ թանկ կարող է նստել պետութեան եւ ժողովրդի վրայ:
    Բայց պէտք չէ նաեւ միւս ծայրայեղութեան մէջ ընկնել՝ խուճապ: Դա աւելի է բարդացնում գործը: Գործէք խելքով եւ բանականութեամբ: Կատարէք մտածուած քայլեր՝ առանց խուճապի: Ուշադիր հետեւէք մասնագէտների յորդորներին: Յիշէ՛ք՝ այս գործում հասարակութեան ԱՄԷՆ անհատից ՇԱՏ բան է կախուած:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031