Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ կորոնավիրուսի դեպք Շիրակի մարզում․ ախտահանվում է Գյումրու ու մյուս համայնքներ ուղևորվող տրանսպորտը

Մարտ 13,2020 23:00

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ոլորտի պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն՝ կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման թեմայով, որի ընթացքում էլ մանրամասն քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու բոլոր քայլերը։

Շիրակի մարզպետը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ մարզում իրավիճակը կայուն է, այս պահի դրությամբ լուրջ մտահոգության օջախներ չկան․ ընդհակառակը, ըստ Տիգրան Պետրոսյանի, այն մարդիկ, որոնք ռիսկային գոտուց են վերադարձած ու շարունակական ուշադրության կենտրոնում են, շուտով նրանց քանակը երեք անգամ կնվազի, քանի որ լրանում է հսկողության տակ գտնվելու ժամկետը։

«Մեր մարզում խուճապային տրամադրություններ չկան, մեր մարզում մտահոգություններ չկան, մեկ-երկու դեպքեր են, որոնք եղել են հանրային ուշադրության կենտրոնում, ամբողջությամբ բացառվել են։Մեկը կապված էր մանկահասակ երեխայի հետ, որի մոտ ինֆեկցիոն հիվանդություն է եղել շատ հստակ ֆիքսված։ Այս տեսանկյունից մենք խնդիր ունենք բոլոր մարմիններին, որոնք որոշակի գործառույթներ պիտի ունենան, երբ որ կարիք ունենանք, գործընթացներին իրենց ուղղակի և հստակ ֆոկուսային մասնակցությունն ունենան»,- ասել է մարզպետը։

Գյումրիում երեկ ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ դպրոցներից մեկում մի երեխայի մոտ է կասկածվում կորոնավիրուս, նա ինֆեկցիոն հիվանդանոցում է բուժում ստացել, ուղարկել են Երևան, կասկածներ կան նաև Շիրակի պետական համալսարանի երկու ուսանողների մոտ, մարզպետն ասաց, որ երեխան, ում մասին նշում են, մի քանի շաբաթ ունեցել է ախտանիշներ, տարբեր բժշկական հիմնավորումներ են տրվել, որոշվել է ստուգել, նաև կորոնավիրուսի թեստ անցնել, որը և տվել է բացասական պատասխան։

Նա նաև նշել է, որ Մարալիկի Չինական թաղամասում, որտեղ ժամանակավոր բնակվում են հյուսիս-հարավ ճանապարհաշինության մեջ ընդգրկված չինացի շինարարները, ստուգումներ եղել են, ամեն ինչ նորմալ է, որևէ դեպք չի հայտնաբերվել։

Մարզպետը նաև նշել է, որ Գերմանիայի Մեմինգեն քաղաքից Գյումրի չվերթը հետաձգելու մասին որևէ քննարկում չկա, հույս է հայտնել, որ մինչև մարտի 26-ը լուրջ խնդիրներ չեն ունենա։

Ի դեպ, Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ սկսել են ախտահանիչ միջոցառումներ իրականացնել Շիրակի մարզի տրանսպորտում։

«Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ախտահանիչ միջոցառումներ են իրականցվում Շիրակի մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում։
Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,-գրված է մարզպետարանի պաշտոնական լրահոսում։

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են նաև լուսանկարներ ախտահանիչ միջոցառումներից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031