«Ես ուրախ եմ, որ իշխանություններն էլ հիմա հասկացել են դրա անհրաժեշտությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Գրիգորյանն`անդրադառնալով նախկին իշխանությունների գործունեությանը քաղաքական գնահատական տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, օրերս Գորիսում, «Այո»-ի քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախկինում չէր ցանկանում նման քայլի գնալ, քանի որ նման փորձը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նեղ քաղաքական խնդիրների լուծման միջոց դարձավ, բայց մյուս կողմից այստեղ լեգիտիմության խնդիր կա. «Մենք պետք է հասկանանք, թե վերջին 30 տարվա խնդիրների ախտորոշումը պետք է անենք եւ արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել: Ես մտածում էի, որ պետք է մի ձեւ գտնենք, որ այդ գնահատականի հեղինակը լինի ոչ թե նեղ քաղաքական ուժ, այլ ժողովուրդը: Այն ժամանակ կար գաղափար ստորագրահավաք անելու, այդ գաղափարն ինձ դուր չէր գալիս: Եվ մենք մտածեցինք, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ մենք բացի հանրաքվեի բուն տեքստից, մենք նկարագրենք նաեւ տեղի ունեցող պրոցեսի քաղաքական կոնտեքստը: Այդ առումով առաջացավ գաղափար ստեղծել 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն կոնկրետ Սահմանադրության հոդվածի փոփոխությունը տեղի կունենա, այլեւ կտրվի նախնական, ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին: Փորձ կարվի ախտորոշել ամենամեծ, բարդ խնդիրը, որ եղել է, որը նաեւ հիմք կդառնա համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի»:
Նա նաեւ հրապարակել էր ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը՝ բաղկացած վեց կետից` նշելով, որ դրա հետ կապված առաջարկներ կարող են ուղարկվել «Այո»-ի շտաբին մինչեւ մարտի 31-ը, որի վերջնական տեքստը կհրապարակեն ապրիլի 2-3-ին: Այն է`«Հայաստանի ժողովուրդը 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը ՀՀ-ում, 1991 թվականի անկախության հանրաքվեից եւ արցախյան ազատամարտում 1994-ին արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ,
ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական արժեքներին, մասնավորապես օրենքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ,
Կարդացեք նաև
արտահայտելով հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծման հասնելու իր վճռականություն,
Արձանագրում է.
- 1995 թվականից մինչեւ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը,
- Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն` ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսվել է ձեւավորվել կոռուպցիան համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի: Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018-ի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից հետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով,
- Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները, ներառյալ ՍԴ-ն, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով ՀՀ եւ հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելափակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը: Արդյունքում բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն:
- Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան ՀՀ-ի եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես օրինական ճանապարհով՝ ՀՀ-ում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ ՍԴ-ի ձեւավորմամբ:
- ՀՀ-ում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ: Իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ հարստությունը պահպանելու միջոց:
- Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար ՀՀ ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ:
2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը ՀՀ-ում»:
Ավելի վաղ, փետրվարի 24-ին, ՀԿ-ների մի խումբ էր հայտարարությամբ հանդես եկել`նկատելով, որ հրապարակներում ու փողոցներում պայքարած քաղաքացիները չեն կարող շարունակել մնալ սպասման եւ անորոշության մեջ՝ չունենալով նախկին և առկա իրավիճակների քաղաքական գնահատականը:
Ստեփան Գրիգորյանը, որի ղեկավարած հասարակական կազմակերպությունը նույնպես ստորագրել է հայտարարության տակ, ասում է. «Եթե դու չես տալիս քաղաքական գնահատական նախկին իշխանություններին, օրինակ, եթե չես ասում, որ զավթված էր իշխանությունը, որ նախկինում կեղծված էին ընտրությունները, որ Սահմանադրությունն ընդունված էր կեղծիքներով եւ այլն, այդ դեպքում քո ոչ մի քայլը հասկանալի չէ. ինչո՞ւ ես ուզում փոխել Սահմանադրությունը, ինչո՞ւ ես ցանկանում փոխել ՍԴ կազմը եւ այլն: Բաց, եթե դու քաղաքական գնահատական ես տալիս եւ դրա արդյունքում ԱԺ-ն հայտարարություն է անում կամ որոշում է ընդունում, արդեն ամեն ինչ հասկանալի է դառնում: Իշխանության եկած նոր ուժն արդեն հայտարարում է, որ այդ փոփոխություններն անում է, քանի որ իշխանությունը զավթված էր նախկինների կողմից եւ դա տարբեր ձեւերով էր արտահայտվում: Օրինակ, կեղծվում էին ընտրությունները`ծեծ ու ջարդով, մարդկանց բանտ էին նստեցնում`իրենց քաղաքական հայացքների համար եւ այլն: Իսկ իշխանության զավթման ամենադասական օրինակը 2015 թվականի սահմանադրական փոփոխություններն էին, որոնք պարզապես չեն անցել եւ դա գիտեն բոլորը: Սա ընդունելուց հետո արդեն իշխանության շատ քայլեր հասկանալի են դառնում եւ ոչ միայն Հայաստանում, արդեն աշխարհում, քանզի հիմա աշխարհում էլ տարակուսանք կա եւ չեն հասկանում`ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում Սահմանադրությունը փոխել»:
Դիտարկմանը, որ արդեն երկու տարի է վարչապետը տարբեր ատյաններից քաղաքական գնահատականներ է տալիս նախկին իշխանության գործունեությանը, դա հասկանալի չի՞ դարձնում իրավիճակը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ հայտարարությունները մեծ դեր են խաղում եւ, որ քաղաքական գնահատական կարող է տալ ցանկացած քաղաքական գործիչ, բայց այլ բան է, երբ երկրում միակ համապետականորեն ընտրված մարմինը`ԱԺ-ն դրա հետ կապված օրենք կամ որոշում է ընդունում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ