ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը տեղեկացնում է.
Մինչև մարտի 23-ը Հայաստանի պետական ուսումնական հաստատություններում` մանկապարտեզներում, նախակրթարաններում, դպրոցներում, մարզադպրոցներում, արվեստի դպրոցներում, արտաուսումնական հաստատություններում, քոլեջներում, ուսումնարաններում և բուհերում դասերը դադարեցվում են:
Այս ընթացքում նշված հաստատությունների աշխատակիցների վարձատրությունը կպահպանվի։
Ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։
Կարդացեք նաև
Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով` (օնլայն) կազմակերպելու ջանքերը և առաջիկայում նախատեսում է հանդես գալ նման նախաձեռնությամբ։
Վերը նշված սահմանափակումը վերաբերում է նաև Հայաստանում գործող միջազգային, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին:
Միաժամանակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրությամբ դիմել է մարզական ֆեդերացիաներին` մինչև մարտի 23-ը զերծ մնալ Հայաստանի տարածքում մարզական, պատանեկան և երիտասարդական միջոցառումներ (առաջնություններ, միջազգային մրցաշարեր և այլն) անցկացնելուց:
Այս պահի դրությամբ մշակութային հաստատությունները փակելու որոշում չկա: Նախարարությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ մարդաշատ վայրեր ու միջոցառումներ այցելելուց:
Նախարարությունը կոչ է անում բոլոր կրթական, մշակութային և մարզական կազմակերպություններին ինքնակազմակերպվել, մշակել գործուն և հնարավորինս արդյունավետ մեխանիզմներ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։
Վերը նշված ժամկետների հնարավոր փոփոխությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հորդորում ենք առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ: