Լրահոս
Օրվա լրահոսը

«Շոշը կփակեմ, դե թող քարոզարշավ անի»․ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մայրն արդարություն է պահանջում

Մարտ 13,2020 18:45

Եղեգնաձորում վեց ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված ու կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆի Մխիթարյանն ու եղբոր կինը՝ Ցողիկ Մխիթարյանն այսօր Գյումրիում մամուլի ասուլիս էին հրավիրել՝ իրենց դժգոհությունը հայտնելով քրեական գործի ընթացքից։ Նրանց հատկապես վրդովեցրել է այս գործով մեղադրյալ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավով ազատ արձակվելը։ Ըստ նրանց, փոխգնդապետի ծեծի միջադեպին մասնակից եղել են 6-7 հոգի, կալանավորել են երկուսին, մեկին էլ ազատ են արձակել։ Մինչդեռ, ըստ հարազատների, Զավեն Գրիգորյանը ևս անմիջական մասնակցություն է ունեցել Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելուն։

«Զավեն Գրիգորյանին ազատ են արձակել մեկ ու կես միլիոն դրամ գրավի դիմաց, սա արել են բյուջե լցնելու համար, փաստորեն ցանկացած մեկը կարող է հանցանք գործել, ու ընդամենը մեկ ու կես միլիոն դրամով ազատ արձակվել, սա՞ է ղեկավարությունը, նախորդին էին բան ասում, իրենք ավելի վատը դուրս եկան»,-ասաց փոխգնդապետի եղբոր կինը՝ Ցողիկ Մխիթարյանը։

Ըստ հարազատների, ամեն ինչ անում են, որ ընդամենը մի հոգի պատասխանատվություն կրի ու հանկարծ խմբակային ծեծ չորակվի, որն ավելի մեծ պատիժ է նախատեսում։ Ըստ նրանց, շատերը վախենում են վկայություն տալ։

«Քննչական մարմիններին խոչընդոտում են, արդար քննություն չի ընթանում, զինվորական ոստիկանությունն ու օպերատիվ աշխատողներին թույլ չեն տալիս․․․ Չեմ հասկանում՝ ինչի՞։ Նախարարությունն ինչի՞ համար է իր 3-4 սպային էդ օրը գցել, նրանց ամեն ձևի վարկաբեկում են, ստախոս սպաները, չգիտես ինչ սպաները, ինչ ասես ասում են սպաների հասցեին, մի՞թե նախարարությունն այդ ամենը չի լսել, մի՞թե մեծ պատիվ է նախարարության համար, որ նման բաներ են խոսում իր սպաների հասցեին։

Երբ ամուսինս հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, նա եղբոր նման խոսք էր տվել, ասել էր, ես քեզ՝ որպես մեծ եղբոր, խոստանում եմ՝ արդար քննություն կլինի, արդար քննությունը սա՞ էր։ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին էլ դուրս բերեցին, միջից հանեցին, որ ինքն այդտեղ չի եղել, բայց սպաների պնդմամբ՝ նրանք կանգնած են եղել, կարող է չեն խփել, բայց կանգնել ու նայել են, թե ինչպես 6-7 հոգին ծեծում են որդուս, թուրք էր ընկել ձեռքերը, կսպանեի՞ն։ Էսօրվա օրն էլ ազատում են Զավեն Գրիգորյանին։ Հաղթանակի կենաց կխմեն, մեր նեռվերի վրա են աշխատում, հա՞, ի՞նչն են հաղթել, թուրքին են հաղթե՞լ, երկիր են պաշտպանել, երկրի պաշտպանության հաղթանակների կենացն են խմո՞ւմ անամոթաբար»,-հուզված ասում էր փոխգնդապետի մայրը։

Եղբոր կինն էլ ասաց․ «Ու էդ նույն մարզպետը՝ նույն համազգեստով, երեկ Եղեգնաձորի քարոզարշավի ժամանակ վարչապետի հետևից ընկած ման էր գալիս, անգամ բեմին կանգնել, ներկայանում էր, այդ նույն շորերով է եղել, ինչ որ հագել էր դեպքի օրը։ Իրենց երևի հանցագործներ են պետք, հա՞ ու էդպես ուզում են ժողովրդի վստահություն շահել»։

Արա Մխիթարյանի մայրն ասում է, որ որդու առողջական վիճակի մեջ որևէ փոփոխություն չկա, հաղթանդամ որդին գիտակցության չի գալիս, մի բուռ է դարձել։

«Բժիշկներն ամեն կերպ կյանքը փրկեցին, բայց հիմա, երբ հարցնում ես՝ երբ կգա գիտակցության, ինչ կլինի, ասում են՝ մենք Աստված չենք, դա Աստծո գործ է և ժամանակի։ Նախարարությունից կարծեմ Դավիթ Տոնոյանն էր եկել, ասացի՝ տեղափոխեք արտերկիր, բուժեք, իմ էրեխիս իմ ձեռքը տվեք, այնտեղ բժիշկներից տեղյակ պահեցին, որ բջիջները մեռած են․․ Թող տեղափոխեն, չլինի այնպես, որ նա 27-28 տարի իզուր ծառայեց այս երկրի համար»,-մղկտում էր մայրը։

Եղբոր կինն էլ հավելում է, որ Արա Մխիթարյանը նվիրյալ զինծառայող է եղել, նա իր աշխատավարձն անգամ չի խնայել հանուն բանակի։

«Թող չհամաձարկվեն նրա հեղինակությանը կպնելով՝ հանցագործներին արդարացնել»,- ասում է Ցողիկ Մխիթարյանը։

Դեպքին մասնակից է եղել մարզպետն էլ, դե ուրեմն մի թիկունք ունեն, որ չեն պատժվում, կառավարությունն է թիկունքին, հետը կքայլե։ Հանցագործին արդարացրեցին այնպիսի մի տեսախցիկով, որով չի երևում, որ մարզպետն այդ մուտքից դուրս է եկել․ մտնելն երևում է, բայց մութ է, ցույց չի տալիս տեսախցիկը, թե երբ է շենքից դուրս եկել։ Բայց չորս սպաներ վկայում են, որ ինքը ներկա կանգնած է եղել, անգամ երեկ այդ շորերով ինքը բեմին կանգնած էր ՝ վարչապետի կողքին։ Չեղա՞վ, որ նրա թիկունքին կառավարությունն է, այն կառավարությունը, որ թավշյա հեղափոխություն արեց, որը արդարություն, բարություն, սեր քարոզեց, բայց հիմա մոռացան քարոզած արդարության մասին ու հիմա նորից քարոզարշավ են անում, որ ամեն ինչ շատ լավ լինի, հա՞»։

Նա նշում է, որ մարզպետը հենց սկզբից պատմել է , թե իբր Արա Մխիթարյանը հարբած է եղել, աստիճաններից է գլորվել-ընկել։

«Արան սարերից, ձորերից է գլորվել սահման պահելու ժամանակ, անգամ մի քերծվածք չի ստացել, աստիճաններից գլորվելով՝ նախ էս վիճակին չէր հասնի, հետո մարզպետը հերքեց իր ներկա գտնվելը շենքի մուտքի մոտ դրված տեսախցիկով, այն տեսախցիկով, որով պարզ չի երևում իր շենքից դուրս գալը։ Իրենք ասում են ժամը 10-ին տուն է մտել, բայց տեսախցիկը չի ցույց տալիս, թե երբ է դուրս գալիս, մութ է, բայց չորս սպաներն ու հարևան աղջիկը փաստում են, որ ինքն այդտեղ կանգնած է եղել։ Սպաները առերեսման ժամանակ փաստել են, որ իր հետ խոսել են, բայց արդարացրեցին, քննչական կոմիտեն, հիմք ընդունելով տեսախցիկը, արդարացրեց մարզպետին», ասում է Ցողիկ Մխիթարյանը։

Մայրը պահանջում է արդար քննություն, նա ասում է, որ պատասխան պիտի տան բոլոր նրանք, ովքեր իր տղային հասցրել են նման վիճակի։

«Անկախ ամեն ինչից՝ ում են բարեկամ, ում են ծանոթ, ովքեր են թիկունքներում, պատասխան պիտի տան, իմ պահանջը սա է ու իմ երեխայիս տանեն արտասահման բժշկեն, առաջին հերթին բժշկեն։ Եվ հետո արդար դուրս չգան, մեր նեռվերի հաշվին հաղթանակների կենացը չխմեն, ամոթ է։ Հարսս մինչև հիմա հոգեբանների դռներից չի կարողանում տուն գալ, երեխան էլ սաղի բերաններին է նայում, թե ինչ պիտի լսի իր հոր համար, սա՞ է երկիր կարգը», -ասում է փոխգնդապետի մայրը։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում է նաև Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որը գրավով ազատ է արձակվել։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Փոխգնդապետի մոր ասելով, եթե նա անմեղ էր, թող հրաժարական չտար, ապացուցեր իր անմեղ լինելը»:

Մայրը նաև նախազգուշացնում է, եթե արդար քննություն չլինի, կփակի Գյումրի քարոզարշավի եկող Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ «Կփակեմ շոշը, դե թող քարոզարշավ անի»,- ասում է Սոֆի Մխիթարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031