Մարտի 9-ից 13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը:
Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները:
Կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում և ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորա-դասախոսական կազմի և ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Որոշումների կայացման գործընթացը ռազմավարական մակարդակում», «Համատեղ ցամաքային գործողություններ» և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով կենսափիլիսոփայությունը արևմտյան զինված ուժերում» թեմաներով բանախոսություններ:
Խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են այցի արդյունքները, քննարկվել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվեցին հետագա փոխգործակցության ուղիները:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն