Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Քաղաքացիներին փորձում են համոզել, որ հանրաքվեին «Այո» քվեարկելով` կհաղթեն այդ «թշնամիներին». Աստղիկ Մաթեւոսյան, «Ոչ»-ի շտաբ

Մարտ 13,2020 18:10

Aravot.am-ի զրուցակիցն է «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Աստղիկ Մաթեւոսյանը:

-Տիկին Մաթեւոսյան, ողջ մարզային քարոզարշավի ընթացքում «այո»-ի կողմնակիցներն ընդգծեցին, թե ովքեր են իրենց խոսքերով՝ «ոչ»-իստները ու որպես «ոչ»՝ նրանք տեսնում են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ոչ թե «Ոչ»-ի շտաբի անդամներին, ինչո՞վ եք սա բացատրում, ինչո՞ւ են ձեր թիկունքում տեսնում նախկին երկու նախագահներին ու կռիվ տալիս նրանց դեմ՝ ասելով, որ օտարերկրացիների կոշիկներն եք լիզել, զենք եք առել՝ բանի պետք չէ եւ այլն…:

-Հանրաքվեի նշանակումից հետո բոլորի համար էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, ինչպես 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների, Երևանի ավագանու, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը նույնպես կառուցելու են պոպուլիզմի վրա՝ հռչակելով թշնամիներ, հակապետական ուժեր և քարոզարշավի ընթացքում «կռիվ տալով» նրանց հետ։

«Ոչ» քարոզչական կողմը ձևավորվել է տարբեր սերունդների իրավաբան-մասնագետներից, փաստաբաններից։ Մենք գիտակցել ենք, որ «Ոչ»-ի քարոզչական կողմ ձևավորելով` այդ բոլոր թիրախներն ուղղվելու են մեր դեմ և, այնուամենայնիվ, գնացել ենք այդ քայլին՝ հանրության իրազեկվածության, հանրաքվեի գործընթացներում խախտումների արձանագրման, մասնագիտական վերահսկողության անհրաժեշտությունը վեր դասելով։ «Ոչ»-ը քաղաքականությամբ չի զբաղվում, մենք քաղաքական միավոր չենք, ուստի` պետք է, որ մեզ հետ «կռվելու» անհրաժեշտություն էլ չլինի։ Հետևաբար՝ Ձեր թվարկած բոլոր արտահայտությունները պետք է դիտարկել նշածս հարթության մեջ. ինչ-որ «թշնամիներ», որոնց դեմ կռվելով` քաղաքացիներին փորձում են համոզել, որ հանրաքվեին «Այո» քվեարկելով` կհաղթեն այդ «թշնամիներին»։ Ինչ վերաբերվում է այդ նպատակին հասնելու ճանապարհին, նաև վիրավորական արտահայտություններ օգտագործելուն, նշեմ, որ դա նորություն չէ, սակայն հարիր չէ բարձրաստիճան պաշտոնյային։ Այս մասով մեկնաբանելու որևէ բան չկա։

Դուք «այո»-ի քարոզչապաստառների հետ կապված խախտումներ էիք հայտնաբերել ու հորդորել վերացնել, ի՞նչ արձագանք ունեցավ դա, հիմա խախտումները վերացե՞լ են ու բացի քարոզչապաստառներից, այս ընթացքում ի՞նչ խախտումներ եք գտել:

– Երեկ արձանագրել ենք, որ Երևանի տարբեր հատվածներում տեղադրված «Այո» քարոզչական պաստառները չեն համապատասխանում օրենքի պահանջներին։ Մենք բարձրաձայնել ենք։ Ակնկալում ենք «Այո» քարոզչական կողմի արձագանքը և խախտման վերացումը, քանի որ տվյալ խախտումը հանգեցնում է նաև «Այո» քարոզչական կողմի քարոզարշավի թափանցիկության և հանրության առջև հաշվետվողականության պահանջների խախտման։

Այլ խախտումների մասին հայտարարություններն առկա են «Ոչ» քարոզչական կողմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում։ Այս ընթացքում արձանագրել ենք քարոզչական տպագիր նյութերի, քարոզչություն իրականացնելիս ի պաշտոնե հանդես գալու կամ ի պաշտոնե հանդես գալիս քարոզչություն իրականացնելու, նախընտրական խոստման ակնարկի և այլ դեպքեր։

-Քարոզարշավի ընթացքում Ձեզ գոնե հաջողվո՞ւմ է քաղաքացիներին բացատրել, թե ինչի համար է այս հանրաքվեն, ինչի մասին է այն, որովհետեւ «այո»-ի քարոզարշավը լսելով՝ մարդիկ ընկալում են, որ սա կոռուպցիոներներին մաքրելու համար է, հակահեղափոխություն անել թույլ չտալու համար է, այլեւս Մարտի 1, կեղծված ընտրություններ թույլ չտալու համար է, մինչդեռ «Ոչ»-ը լրիվ ուրիշ դաշտում է խաղում կարծես թե ու լրիվ ուրիշ «սերիայում»:

-Առաջին, մենք հռչակել ենք, թե որն է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի այս գործընթացներում քարոզչական կողմ դառնալու մեր առաքելությունը. հանրաքվեի պրոցեսների նկատմամբ վերահսկողության իրականացում, խախտումների արձանագրում, բարձրաձայնում, հնարավորության դեպքում՝ կանխարգելում։ Այլ նպատակ այս պահի դրությամբ «Ոչ» քարոզչական կողմը չունի։ Այդպիսին լինելու դեպքում մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։

Երկրորդ, քաղաքացիների հետ մեր շփումները ցույց են տալիս, որ չնայած «Այո» քարոզչական կողմի մանիպուլյացիոն հայտարարություններին և Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն դրան ոչ վերաբերելի իրադարձությունների և երևույթների հետ կապելուն, քաղաքացիների մեծամասնությունը գիտակցում է Սահմանադրության փոփոխությունների իրական պատճառն ու դրա հակասահմանադրական բնույթը։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031