«Մարդիկ փորձում են շեղել հանրաքվեի ներկայացված հարցի բուն էությունը եւ փորձում են հարցադրումը փոխել այնպես, որ շատ ավելի հեշտ լինի մարդկանց համոզել, թե ինչու պետք է նրանք 7 դատավորի աշխատանքից ազատելու համար գնան եւ քվեարկեն»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի մասին՝ ասաց «ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:
«Այո»-ի կողմնակիցները մարզային քարոզարշավի ընթացքում նշում էին, թե ովքեր են իրենց խոսքերով՝ «ոչ»-իստները ու պարզ է, որ որպես «ոչ»՝ նրանք տեսնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ոչ թե «Ոչ»-ի շտաբի անդամներին: Այս առնչությամբ Ռուբեն Մելիքյանն ասաց. «Մենք պարբերաբար ներկայացնում ենք այն ուժերին, որոնք մեզ հետ համագործակցում են, այն ուժերին, որոնք օգտվում են մեր հարթակից: Մեր հարթակներն են վահանակները, անվճար եւ վճարովի եթերաժամերը եւ դրանից կարող են օգտվել այն ուժերը, որոնց հետ մենք համագործակցում ենք»:
Քաջարանում Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու է ինքը քարոզարշավի գնացել ուղղաթիռով: Այդ մասին հարցադրումներ հնչեցրել էր Ռուբեն Մելիքյանը. «ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից և առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի»:
Նիկոլ Փաշինյանն ասել է,որ Մեղրիից Քաջարան եկել է ծառայողական ավտոմեքենայով, որովհետեւ պետական պահպանությունից հրաժարվել չի կարող: Ռուբեն Մելիքյանն արձագանքեց. «Ծառայողական մեքենաների մասով խախտում չենք տեսնում, ուղղաթիռով քարոզարշավի գնալու մասով տեսնում ենք: Հակափաստարկները, մեղմ ասած, համոզիչ չեն: Այստեղ խնդիրը ոչ թե ծառայողական մեքենա օգտագործելն է, այո, վարչապետ Փաշինյանը, թեկուզ գտնվելով արձակուրդի մեջ, պետք է անվտանգությունից ելնելով օգտվի պետական ռեսուրսներից, դրա մասին խոսք լինել չի կարող, մարդը պետք է պատշաճորեն պաշտպանվի: Ուղղաթիռը որպես փոխադրամիջոց օգտագործվել է ոչ թե անվտանգության նկատառումներով, այլ օգտագործվել է ժամանակի խնայողության նպատակով, ընդ որում, դա մենաշնորհային փոխադրամիջոց է եւ հակառակ կողմը, տվյալ դեպքում մենք՝ հնարավորություն չունեինք օգտվել քաղաքացիական ավիացիայից: Հետեւաբար դա խախտում է: Այստեղ խնդիրը ոչ թե պետական միջոցից օգտվելն է, այլ՝ մենաշնորհային փոխադրամիջոցի օգտագործում՝ ժամանակի խնայողության նպատակով»:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը նաեւ նշեց, որ աշխատանքային ժամին «այո»-ի քարոզարշավի հանրահավաքներին երեւում են երեխաներ:
Իսկ ընդհանուր առմամբ իրենց իրականացրած քարոզարշավի ընթացքը Ռուբեն Մելիքյանը գնահատում է արդյունավետ՝ իրենց առջեւ դրված խնդիրների տեսանկյունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ