Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոռեկտորը` կուրսայիններ չգրելու եւ բաց թողնված դասերի մասին

Մարտ 13,2020 17:39

Aravot.am-ը ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշում կայացվել այլեւս կուրսային աշխատանքներ չհանձնարարել, ինչով էր դա պայմանավորված եւ նպատակահարմար:

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը, կրթական ծրագրերի մշտադիտարկումները, ինչպես նաև նախորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ ստացված փորձագետների խորհրդատվությունը հիմք հանդիսացան վերանայելու հետազոտական աշխատանք գաղափարը: Մենք արձանագրեցինք, որ կուրսային աշխատանքները հիմնականում չեն ծառայում ուսանողների մոտ հետազոտական հմտությունների ձևավորմանը:

Կարևորելով տվյալ հմտությունների զարգացումը՝ մենք 2019-2020 ուստարվանից պիլոտային ծրագիր սկսեցինք 2 ֆակուլտետներում: Պիլոտային ծրագրի նպատակն էր բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական բաղադրիչ ներդնել: Նախաձեռնությանը միացան ևս չորս ֆակուլտետ, ինչը մեզ շատ ուրախացրեց: Կիսամյակի ավարտին, կատարվեց վերլուծություն, ինչի հիման վրա դուրս բերեցինք ծրագրի առավելությունները և թերությունները: Դրանք հաշվի առնելով՝ վերանայեցինք կարգը, որը և ներկայացված էր երեկ գիտխորհրդին: Արդյունքում մենք 2 կուրսային աշխատանքը կփոխարինենք 6 հետազոտական աշխատանքով, որոնք ընդգրկված կլինեն մասնագիտական դասընթացներում»,-ասաց պրոռեկտորը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են լրացվելու բաց թողնված դասերը, նպատակահարմա՞ր չէ այս շրջանում ԵՊՀ-ում անցնել հեռավար ուսուցման եւ արդյոք նման հարց քննարկվե՞լ է կամ մտադի՞ր են քննարկել:

«Դասերն անպայման լրացվելու են, և երկուշաբթի ռեկտորատի նիստին կորոշվի նոր ժամանակացույցը»,-պատասխանեց Էլինա Ասրիյանը: Նաեւ հավելեց. «ԵՊՀ-ում մի քանի տարի է, ինչ ներդրված է Մուդլ էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս հեռավար ուսուցում իրականացնել: Միայն նախորդ կիսամյակում 200 դասընթաց ներբեռնված է եղել վերոհիշյալ համակարգ և այդ թիվը աճելու է նաև այս կիսամյակում: Այնպես որ հեռավար ուսուցումը արդեն իսկ կիրառվում է որոշ ֆակուլտետներում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031