Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թորոսյանի խորհուրդները՝ զանգվածային միջոցառումների չմասնակցել, անցնել շփվելու «խնայողական» ռեժիմի

Մարտ 13,2020 17:32

«Որոշումներն ընդունվում են իրավիճակին համահունչ եւ եթե այլ որոշումներ ընդունելու անհրաժեշտություն լինի՝ կընդունվեն հավուր պատշաճի»,-քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիշեցնելով՝ ուսումնական հաստատություններում դասերը մեկ շաբաթով դադարեցվել են:

Նախարարը տեղեկացրեց՝ այսօր հաստատվել է կորոնավիրուսի եւս 2 դեպք, այս պահին 8 հաստատված դեպք կա հանրապետությունում: Այս 2 հաստատված դեպքում քաղաքացիները շփում են ունեցել Էջմիածնի բնակչուհու հետ, որը ՀՀ էր ժամանել Իտալիայից, հսկողության տակ էր, սակայն չի ասել, որ վատ է զգում ու թաքցրել է բժիշկներից, որ զանգվածային միջոցառում է նախատեսում. նշանդրեք է կազմակերպել:

Այս հիվանդության դեմ պայքարի գործում, ինչպես նկատեց Թորոսյանը, կա քաղաքացիների պատասխանատվության բաղադրիչն, առանց որի չենք կարող այն հաղթահարել. «Դա սոցիալական պատասխանատվությունն է մեր հարազատների, եւ հանրության նկատմամբ»:

Նախարար Թորոսյանն ուղիղ եթերում մի քանի խորհուրդ տվեց՝ հնարավորինս սահմանափակել շփումները առաջիկա ժամանակաշրջանում. «Բայց դա չի նշանակում, որ մենք մեր առօրյայում ընդհանրապես չենք շփվելու մարդկանց հետ, ուղղակի դա պետք է անել կենսական անհրաժեշտության դեպքում: Նույնը վերաբերում է հանրային տարբեր միջոցառումներին մասնակցելուն, հատկապես՝ խմբակային, երբ մարդկային կուտակումներ կան, փակ տարածքներ են: Նաեւ մարդկանց հետ շփման դեպքում հեռավորություն պահել, որովհետեւ վիրուսը երկար չի «ճամփորդում» օդում, այլ փոխանցվում է սերտ շփման ժամանակ, հատկապես՝ բերանի, քթի խոռոչի արտադրության միջոցով, հետո դրանք հայտնվելով ձեռքերում, ձեռքերի փոխանցման միջոցով: Խուսափել ձեռքսեղմումներից, գրկախառնումներից, ընդհանրապես, պահել սոցիալական հեռավորություն մարդկանց միջեւ եւ սա թույլ կտա կանխարգելել բոլոր շնչառական վարակները, անկախ նրանից՝ կորոնավիրո՞ւս է, թե՞ չէ: Դա թույլ կտա կոտրել փոխանցման շղթաները, որոնք հնարավոր է լինեն, բայց հայտնաբերված չլինեն:

Զանգվածային միջոցառումների չմասնակցել: Այն քաղաքացիները, որոնք ծրագրել էին անձնական բնույթի զանգվածային միջոցառումներ, չեմ ուզում հատուկ նշել՝ հարսանիքներ, կնունք կամ այլ միջոցառումներ, որոնք առիթներ ունեն նշելու, կոչ եմ անում մի քանի շաբաթով հետաձգել կամ դրանք անել ավելի նեղ շրջանակով՝ պահպանել տարածությունը, օդափոխել փակ տարածքներում քիչ մնալ»:

Նախարարի եւ առողջապահության նախարարության այլ խորհուրդներից են՝ խուսափել ձեռքով դիպչել բերանին, քթին, աչքերին, պարբերաբար օրվա մեջ բազմաթիվ անգամ լվանալ ձեռքերն օճառով՝ երկար ժամանակ ջրի տակ պահելով, եթե չկա դրա հնարավորությունը՝ սպիրտային հիմքով ախտահանիչներով մաքրել:

Թորոսյանը հորդորեց տարեց քաղաքացիներին եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին առավելագույնը սահմանափակել շփումները կամ մնալ տանը:

«Որոշ ժամանակով անցնենք խնայողական եւ քիչ շփվելու ռեժիմին, որովհետեւ սա է լինելու հիմնական գործիքը, չհաշված պետության կողմից իրականացվող միջոցառումները՝տարածման դեմ ու կոտրելու տարածման շղթաները: Մեր խնդիրը տարածման շղթաները կոտրելն է, եթե կան այդպիսն՝ մենք փորձում ենք ակտիվորեն հայտնաբերել դրանք, սակայն պատասխանատվությունը յուրաքանչյուրին է»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/193000531991340/

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031