Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր «Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով նիստը կրկին հետաձգվեց՝ կրկին պատասխանող կողմի միջնորդությամբ: Ստեփան Գրիգորյանի շահերը ներկայացնող Հայկուհի Հարությունյանը վերջերս ընտրվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Նոր պաշտպան ներգրավվելու համար, դատարանը նախորդ նիստում պատասխանողին չորս ամիս ժամանակ էր տվել: Սակայն, պատասխանող կողմն այսօր կրկին միջնորդություն էր ներկայացրել դատարան` նիստը հետաձգելու համար, քանի որ դեռ նոր պաշտպան չեն ներգրավել: Կողմը դատարան չէր ներկայացել:
Յուրի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը առարկեց միջնորդության դեմ, քանզի իր գնահատմամբ`կողմը չարաշահում է իր լիազորությունները, քանի որ դեկտեմբերից – մարտ ընկած ժամանակահատվածում կարող էր պաշտպան ներգրավել: Դատարանը համաձայնեց հայցվորի շահերի ներկայացուցչի հետ: Սակայն, այլ տարբերակ չկար. Պատասխանողին կրկին ժամանակ տրվեց`պաշտպան ներգրավելու համար:
Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում, դատական ծախսերի փոխհատուցում եւ հրապարակային հերքում: Յուրի Խաչատուրովը պնդում է, որ 2018 թվականի մայիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տված հարցազրույցում հնչեցրած իր գնահատականներով, քաղաքագետը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները վերաբերում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին եւ այդ ընթացքում Յուրի Խաչատուրովի գործողություններին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ