«Այո»-ի կողմնակիցները ողջ մարզային քարոզարշավի ընթացքում ընդգծեցին, թե ովքեր են իրենց խոսքերով՝ «ոչ»-իստները ու պարզ է, որ որպես «ոչ»՝ նրանք տեսնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ոչ թե «Ոչ»-ի շտաբի անդամներին:
Այս առնչությամբ Aravot.am-ը «Ոչ»-ի շտաբի անդամ, իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանին հարցրեց, թե ինչո՞վ եք սա բացատրում, ինչո՞ւ են իրենց թիկունքում տեսնում նախկին երկու նախագահներին ու կռիվ տալիս նրանց դեմ՝ ասելով, որ օտարերկրացիների կոշիկներն եք լիզել, զենք եք առել՝ բանի պետք չէ եւ այլն:
Նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ քաղաքական ուժերը այս գործընթացի լեգիտիմության եւ իրավականության հետ կապելով՝ հրաժարվեցին մասնակցել, առաջին անգամ ՀՀ-ում քարոզչական գործընթաց էր տեղի ունենում եւ մի կողմը քաղաքական ուժ չի հանդիսանում: Մենք հիմնավորել ենք, թե ինչու ամեն դեպքում գործընկերներով որոշեցինք «Ոչ»-ի քարոզչական կողմի դրոշը գետնին չթողնել, օրենսդրությունը քարոզչական կողմին էր լծակներ տալիս, որի միջոցով հնարավոր էր վերահսկողություն իրականացնել գործընթացի նկատմամբ: Բացի այդ, մի շարք հնարավորություններ է ընձեռնվում, մենք մտածեցինք, որ հարթակ կտրամադրենք քաղաքական-հասարակական միավորումներին, որ քարոզչություն իրականացնել, դրանք են՝ Հանրային հեռուստաընկերությունում անվճար եթերաժամը եւ այլն եւ հնարավորություն էինք տեսնում մեղմելու հանրային ազդեցությունը, որը կանխատեսում էինք, որ փորձ է արվելու բեւեռացնել: Մենք նշել էինք, որ որեւէ դեպքում քաղաքական երկխոսության մեջ չենք մտնելու քարոզչական կողմի հետ:
Բնականաբար, նմանադրույթ կոչերը ես մանիպուլյատիվ եմ որակում, որովհետեւ դրանք ոչ միայն մեզ հետ կապ չունեն, դրանք ընդհանրապես հանրաքվեի գործընթացի, հանրաքվեի դրված հարցի հետ կապ չունեն բովանդակային տեսանկյունից:
Կարդացեք նաև
Եվ երբեմն անգամ զավեշտը նրանում է կայանում, որ արդեն իսկ գործող իշխանություն հանդիսացող «Այո»-ի ներկայացուցիչերը մոռանում են, որ արդեն իրենք են այս երկրում իշխանությունը: Հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններ են անում, օրինակ, ընտրախախտումներն են նշում, երկու նախագահի հետ կապված հարցականի տակ են դնում ընտրությունների հավաստիությունը եւ այլն: Բնականաբար, իրենք իրենց պետք է այդ հարցադրումներն ուղղեն ու իրենց խոսքերում ավելի պատասխանատու գտնվեն: Եթե իրենք գտնում են, որ հանցագործություն է տեղի ունեցել, արդեն մուրճն էլ է իրենց ձեռքում, մեխն էլ: Բոլոր լծակներն ունեն նախաքննություն իրականացնելու, եթե հիմքեր կան:
Սա իրավական պետություն է, պետք է զերծ մնալ մարդկանց վիրավորելուց, երեւույթները պիտակավորելուց: Առկա են բոլոր գործիքները, եթե գտնում եք հանցագործություն է եղել, կաշկանդող որեւէ հանգամանք չունեք, բացահայտեք եւ պատասխանատվության ենթարկեք, ոչ թե հանրության նուրբ լարերի հետ խաղալով՝ փորձեք դիվիդենդներ հավաքել: Ես դա որակում եմ՝ որպես դիվիդենդ հավաքելու, մարդկանց էմոցիոնալ կողմի վրա խաղալու փորձեր ու հատկապես դա հարիր չէ քարոզչական այն կողմին, որն իշխանությունն է ներկայացնում»:
Ըստ Գոհար Մելոյանի, եթե «այո» կողմը հաղթանակ տանի, ՍԴ 7 դատավորների լիազորությունները այս «հակաիրավական եղանակով» դադարեցվեն, ՄԻԵԴ-ում ձեւավորված նախադեպային պրակտիկայի շրջանակում մեր պետությանը բավականին լուրջ պարտավորությունների առաջ են կանգնեցնելու:
Հարցրեցինք՝ քարոզարշավի ընթացքում ձեզ գոնե հաջողվո՞ւմ է քաղաքացիներին բացատրել, թե ինչի համար է այս հանրաքվեն, ինչի մասին է այն, որովհետեւ «այո»-ի քարոզարշավը լսելով՝ մարդիկ ընկալում են, որ սա կոռուպցիոներներին մաքրելու համար է, հակահեղափոխություն անել թույլ չտալու համար է, այլեւս կեղծված ընտրություններ թույլ չտալու համար է, մինչդեռ «Ոչ»-ը լրիվ ուրիշ դաշտում է խաղում կարծես թե, Գոհար Մելոյանը պատասխանեց. «Ընդհանրապես որեւէ կերպ աղերս չունեն դրանք: Հանրությանը անընդմեջ փորձում են դա ներկայացնել; Մենք ակտիվ կերպով նշել ենք, որ դասական քարոզչություն չենք իրականացնում: Հարցազրույցներ ենք տալիս, այս փուլում անգամ հարցազրույցներ տալուց ենք զերծ մնում, որովհետեւ կազմակերպչական հարցերով ենք զբաղված, բայց մեր ամբողջ «ոչ»-ի քարոզչական կողմի ներկայացուցիչները հարցազրույցների միջոցով փորձում են մանրամասն ներկայացնել իրավիճակը գործընթացի հետ կապված: Հանրաքվեի դրված է նախագիծ, չխորանամ հակասահմանադրական բովանդակային խախտումներին, որ տեղի են ունեցել, նախագծի անցնելու արդյունքում դադարեցվելու է միաժամանակ ՍԴ 7 դատավորների լիազորություններ: Մանիպուլյատիվ կերպով փորձ է արվում հանրությանը ներկայացնել, թե ՍԴ-ն ազդեցություն ունի հանրության վրա եւ ինչ-որ ազդեցություն է ունենալու հանրության կյանքի բարելավման վրա: Բնականաբար, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ ՍԴ-ն իրականացնում է սահմանադրական արդարություն, այնուհետեւ ՍԴ-ն տարբեր սուբյեկտների դիմումների հիման վրա որոշում է տարբեր իրավական ակտերի, դրույթների սահմանադրությանը համապատասխանության հարցը: Այսինքն, այն, թե ՍԴ դատավորների փոփոխման արդյունքում ինչ-որ հնարավորություն են ստանալու արդարություն վերականգնել եւ այլն, դրանք մանիպուլյատիվ հնչեղություն ունեցող հայտարարություններ են, որոնք աղերս չունեն իրականության, իրավական կարգավորումների հետ»:
Գոհար Մելոյանը հարցադրում ուներ՝ եթե իշխանություններն ասում էին, թե հանրային պահանջ կա, ինչո՞ւ են հիմա ակտիվ քարոզչություն իրականացնում. «Բնականաբար, հանրության մեծամասնությունը չգիտի, մարդիկ անգամ չեն տիրապետում, թե ինչ է ՍԴ-ն: Դա զուտ իշխանության քայլն է՝ հերթական սահմանադրական մարմինը, որը չկարողացավ իրեն ենթարկեցնել, յուրայիններով լցնելու եւ հետագա հարցերում իր համար խնդիրներ չառաջացնելու, հեշտ լուծումներ ունենալու նպատակով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ