Արցախի «Արդարություն» կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը մարտի 12-ին հայտարարեց, որ ընտրապայքարում տեղի են ունենում վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ:
Նախագահական ընտրապայքարում որպես թեկնածու առաջադրված՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նշյալ ահազանգին՝ ասաց. «Չեմ նկատել, եթե նման բան կա, կարծում եմ՝ լուրջ է, եթե փաստեր կան, պետք է ներկայացվեն: Մենք գյուղերում հանդիպումներ ենք ունենում: Երբեմն մարդիկ քիչ են մասնակցում հանդիպումներին, ինչը գարնանային աշխատանքների ժամանակահատվածով է պայմանավորված: Գուցե սխալ ժամանակ ենք ընտրել, բայց ընդգծված խախտումներ այս պահի դրությամբ չենք նկատել: Եթե լինեն, բնականաբար, կարձագանքենք»:
Բալասանյանը նշել էր, որ մրցակիցների հետ հարցը քննարկել է եւ նրանց հրավիրել խորհրդակցության: «Մեզ հետ որեւէ մեկը չի կապվել, դրա համար նման հանդիպում չենք ունեցել»,-հայտնեց Դավիթ Բաբայանը:
Բալասանյանը նաեւ շեշտել էր, որ խոսել է նախագահ Բակո Սահակյանի հետ եւ արձանագրել, որ պառակտված հասարակություն ունենալը կարող է ճակատագրական լինել: Այս բնորոշման վերաբերյալ էլ Դավիթ Բաբայանը շեշտեց. «Ես այլ բան եմ նկատում՝ ավելի խորը եւ վտանգավոր: Մեր հասարակության մի մասը ոչ թե գաղափարախոսությամբ է առաջնորդվում, այլ «գաղափարախոսությամբ», այսինքն՝ «փորի կարիքներով», հասկանալի է, չէ՞: Սա է ամենավտանգավորը, երբ արժեհամակարգն է ոտնահարվում՝ ինչ-ինչ բաների, փորի ակնկալիքների համար: Սա եմ ես նկատում: Իսկ մրցակցության ժամանակ ճամբարներ են ստեղծվում, ինչը համարում եմ ժամանակավոր: Դա պառակտում չէ, այլ բեւեռացում: Ժողովրդավարական համակարգին դա բնորոշ է ընտրությունների ժամանակ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից