Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Հո ոստիկան չե՞նք դնելու, որ, ով փողոցում համբուրվելով է բարեւում, բերման ենթարկեն»

Մարտ 13,2020 14:13

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» ձեւաչափով ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտնեց, որ կառավարությունում ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ կառավարության անելիքները:

«Կայացվեցին մի շարք որոշումներ, սակայն ինձ համար կարեւոր է, որ դուք տեղյակ լինեք, թե մենք ինչ էինք քննարկում եւ ինչ համատեքստում: Մենք քննարկում էինք բոլոր այն հնարավոր միջոցները, որոնք կարող ենք կիրառել Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Փորձում ենք հասկանալ այլ երկրներում կիրառված միջոցների կիրառելիությունը Հայաստանի պարագայում»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքերով. «Կորոնավիրուսի տարածման ամենաաղաղակող դեպքը Էջմիածնում կատարվածն է, երբ նույն ընտանիքի 3 անդամների դեպքում թեստին դրական արդյունք է ստացվել եւ մեկ գերդաստանի 3 անդամներ մեկուսացվել են: ՀՀ քաղաքացին վերադառնալով Իտալիայից` գնում է Էջմիածին, որից հետո ժամանակ առ ժամանակ առողջապահության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացնում, եւ այս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվում: Ու քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում այդ հանգամանքը, այլեւ, քանի որ իր համար շատ կարեւոր է լինում հարազատի նշանադրության արարողությունը, սիստեմա է ընդունում եւ մասնակցում նշանադրության արարողությանը:

Այս ընթացքում նա հասցնում է շփվել վարսավիրի, ոսկերիչի հետ եւ վերջո գնում է նշանադրության արարողությանը: Եվ մենք, ըստ էության, ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, որ նրա մորաքրոջ տղան եւ ամուսինը վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները, այդ թվում՝ վարսավիրն ու ոսկերիչը, մեկուսացված»:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ աշխարհում ընդունված կանխարգելիչ միջոցառումներից որեւէ մեկը այս դեպքը չէր կանխարգելելու, եւ միակ բանը տվյալ պարագայում մարդու անհատական պատասխանատվությունն է:

«Այո, պետական կառավարման մարմինները կարող են բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել, բայց եթե մարդը շատ ուզում է այդ միջոցները շրջանցել, ինքն այդ ձեւը կգտնի: Շատ կարեւոր է, որ մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի այս իրավիճակին, որովհետեւ մեր գործողությունների արդյունքում մեր ընտանիքի եւ հարազատների կյանքն ու առողջությունն է վտանգվում: Հետեւաբար մեր քննարկման ուղերձը մեր քաղաքացիներին անհատական առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումն է այս համաճարակային վտանգի ժամանակաշրջանում, ինչն էլ մեկ ամսից ավելի է՝ անում ենք…Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լավագույն միջոցը մեզանից յուրաքանչյուրի անհատական գիտակցումն ու պատասխանատվությունն է»,-շեշտեց վարչապետը:

«Ոչ մի ողբերգություն չկա, որ հանդիպելիս սկսենք ձեռքով չբարեւել, էլ չեմ ասում իրար տեսնելիս չհամբուրվել…Դուք տեսաք, որ Բրյուսել կատարած այցի ժամանակ ԵՄ խորհրդի նախագահի հետ հանդիպումն անցավ առանց ձեռքսեղմման, չնայած մյուս մարմիններում արարողակարգերն ասել էին, որ պետք է ձեռքսեղմում լինի»,-շեշտեց Փաշինյանը:

Ապա հավելեց. «Հո ոստիկան չե՞նք դնելու, ասենք, ով փողոցում համբուրվելով է բարեւում, բերման ենթարկեք…Դա անհնար է»:

Վարչապետը նաեւ կրկին ասաց, որ մարդիկ փողոցներում դիմակներով քայլելու անհրաժեշտություն չունեն, դիմակ պետք է կրեն միայն համապատասխան ախտանշաններով մարդիկ եւ նրանց հետ շփվողները:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/185607152885236/

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031