Լրահոս
Օրվա լրահոսը

Տնային մեկուսացման ռեժիմը խախտողին պատժե՞լ օրենքով, թե ոչ. կորոնավիրուսի կանխարգելման հետքով

Մարտ 13,2020 13:53

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտին 12-ին ՀՀ առողջապահության նախարարությանը հանձնարարեց արդարադատության նախարարության հետ միասին առաջարկել տարբերակներ՝ կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված տնային ինքնամեկուսացման ռեժիմը խախտողների նկատմամբ պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ: Պատասխանատվության հնարավոր միջոցների մասին Aravot.am-ը զրուցեց իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցի հետ:

-Տիկին Կարապետյանց, նախ հետաքրքիր է իմանալ՝ նման իրավակարգավորում գործող օրենսդրությունը որեւէ դեպքի առնչությամբ սահմանո՞ւմ է:

-Այո, ուստի նշյալ առաջարկը նորություն չէ: Քրեական օրենսգրքի 123 եւ 124 հոդվածներով ազատազրկում է նախատեսվում՝ ՄԻԱՎ կրելու պարագայում դիտավորյալ սեռական հարաբերություն ունենալու դեպքում: Իսկ սեռավարակների դեպքում առավելագույնը մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսվում: Ընդհանուր առմամբ՝ 3-8 տարվա ազատազրկում է սահմանվում՝ ըստ համապատասխան դեպքերի: Եթե ՄԻԱՎ-ի դեպքում նման կարգավորումն ընդունելի է, կորոնավիրուսի դեպքում ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի՝ այն դեպքում, երբ, օրինակ, մարդը ջերմություն ունի, գալիս է Իտալիայից եւ մասնակցում միջոցառման, որտեղ տասնյակ մարդիկ կան: ՄԻԱՎ-ը կարող է հաջորդաբար չտարածվել, բայց զանգվածային միջոցառման դեպքում տասնյակ մարդիկ վարակման վտանգի առաջ են, դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակ կստեղծվի:

-Ձեր գնահատմամբ՝ կորոնավիրուսի պարագայում մեկուսացման ռեժիմը խախտելիս վարչակա՞ն, թե քրեական պատասխանատվության մասին կարող է խոսք լինել:

-Դա պատկան մարմինները պետք է գնահատեն. հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել, որովհետեւ ի տարբերություն վերոնշյալ օրինակի, նման վարակներն օդակաթիլային ճանապարհով են փոխանցվում եւ մեծ աղետներ կարող են առաջացնել:

Կորոնավիրուսի դեպքում նախ շատ կարեւոր է հասկանալ, թե որ դեպքերի մասին է խոսքը: Եթե, օրինակ, մարդը ժամանում է Իտալիայից եւ ստորագրություն թողնում, որ ինքնամեկուսացվելու պարտավորություն է վերցնում, կարծում եմ՝ այո, պետք է քննարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը: Բայց եթե, օրինակ, թոշակառուի մասին է խոսքը, որն ամբողջական պատկերացում չունի իրավիճակի մասին, պետք է քննարկել հարցը: Լուծումներն անհատական են, բայց եթե իրավիճակը պահանջում է, պատասխանատվություն սահմանելն անհրաժեշտ է, որովհետեւ փորձը ցույց է տալիս՝ ինքնակարգավորման եւ ինքնագիտակցության վրա չի կարելի հույս դնել:

Կարող են լինել դեպքեր, երբ մարդիկ Իտալիայից տաքությամբ ժամանում են ՀՀ եւ չեն դրսեւորում այդ ինքնագիտակցությունը:

Սակայն չեմ կարծում, որ պատասխանատվության ինստիտուտը կկիրառվի համատարած, որովհետեւ մարդկանց մի մասն է միայն, որ չի գնահատում իրավիճակի լրջությունը: Ծայրահեղ իրավիճակներում պատասխանատվության ենթարկելու կարգավորում, կարծում եմ, անհրաժեշտ է: Դա կանխարգելիչ միջոցառում է: Մարդիկ պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում ոչ միայն մյուս մարդկանց, այլեւ օրենքի առաջ: Մեկ անձի պատճառած վնասը կարող է տասնյակ մարդկային կյանքեր եւ տնտեսական վնասներ արժենալ: Հասկանում եմ, որ ասածս շատերի համար ընդունելի չի լինի, բայց, ինչպես ասացի, որոշ հիվանդությունների դեպքում արդեն ունենք քրեական պատասխանատվության սահմանում, ուստի այնպես չէ, որ նոր են «մատից հոտ քաշել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031