Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին. «Ժողովուրդ»

Մարտ 13,2020 13:19

ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2014թ. հունիսին Երեւան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակվել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ։ Իսկ ո՞վ է Նա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով Արսեն Չիչյանը կամ բոլորին հայտնի Բոդոլը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն։ Եվ այսպես, ի՞նչը կարող էր լինել կրակոցի պատճառը։ Եվ ահա, ստացվում է, որ 6 տարի անց ԱԱԾ-ն հայտնում է, որ պատվիրված սպանություններ նախապատրաստելու խումբ է բացահայտվել, եւ այդ խումբն էլ ցանկացել է սպանել Արսեն Չիչյանին։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոցներից տուժած Արսեն Չիչյանն իր դեմ կատարված մահափորձի մեջ կասկածում էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին։ Ըստ տեղեկությունների՝ Արսենն իր կասկածները հիմնավորել էր հետեւյալ պատճառաբանությամբ, ինքը «Մեթլ Փրինս» ընկերությունում 10 % բաժնեմաս ունի, եւ ընկերության տնօրինությունն, իբր, ամեն գնով ցանկացել էր տիրանալ իր բաժնետոմսերին։ Տեղեկացնենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիայի սեփականատերը մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն (լուսանկարում) էր, որը բանտում մահացավ քաղցկեղից, եւ նրա կինը՝ Մադլեն Թաշչյանը։

Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թթ. ընթացքում ընտրել էր բարետես արտաքինով նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվել մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ՝ դրա դիմաց պահանջելով նրանցից սեռական ակտի մեջ մտնել իր հետ։ Նշենք, որ «Մեթլ Փրինս» կորպորացիան Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000թ.-ին՝ գրանցվելով օֆշորային գոտում՝ բրիտանական Նեւիս կղզում. այն ունի երեք դուստր ձեռնարկություն՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Սագամար» ՓԲԸ եւ «Մոլիբդենի աշխարհ»։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2014թ. զրուցել էր նաեւ կրակոցներից տուժած Արսենի հետ, ով ասել էր, թե ինքը պատկերացում անգամ չունի, թե ինչի համար կամ ով կարող էր կրակել կամ պատվիրել կրակել. «Ինձ համար էլ է մութ, վերլուծություններ կատարել եմ, բայց այդ մասին վերջնական գնահատական կտան քննչական մարմինները։ Կասկածներ չունեմ, ուղղակի ուզում եմ իմանալ, թե ով է»։

Իսկ ո՞վ է Արսեն Չիչյանը։ Նա հայտնի է Բոդոլ մականունով։ Դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին Արսենը եւ Էդգարը հարձակվել էին Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի տան վրա։ Կոտրել էին մուտքի դուռը՝ ոչնչացնելով ու վնասելով տան գույքը, վնասել էին Կարեն Խաչիկյանի եղբոր «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան։ Քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել, մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել էին նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել Արսենի մորը, հորը եւ քրոջը։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031