Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ անձնագրով քաղաքացիների պարագայում տարբերությունը բացասական է՝ մարդիկ ավելի շատ լքել են. «Հայկական ժամանակ»

Մարտ 13,2020 13:09

2019 թ. Հայաստան այցելող մարդկանց քանակն ավելի շատ է եղել, քան լքողներինը։ Սակայն ՀՀ անձնագրով քաղաքացիների պարագայում տարբերությունը բացասական է՝ մարդիկ ավելի շատ լքել են։ Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության տվյալների՝ 2019-ին ՀՀ տարածք է մտել 4.319. 618 մարդ, դուրս է եկել՝ 4. 309.112-ը։ Նախորդ տարի ՀՀ է մտել 2.392.893 ՀՀ անձնագրով քաղաքացի, իսկ ՀՀ-ից դարս է եկել՝ 2 399.422 ՀՀ քաղաքացի, բացասական սալդոն (տարբերությունը) կազմում է՝ 6529։ ՀԺ-ն միգրացիոն ոլորտի քաղաքականության մասին զրուցել է միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։

– Պարոն Ղազարյան, ինչպիսի՞ն է միգրացիայի ներկայիս վիճակը Հայաստանում։

– Վերջին շրջանում ունենք բարելավվող միգրացիոն պատկեր։ Ու, եթե նայենք 2019-ի սահմանահատումների տարբերությունը՝ պետք է նշել, որ այն դրական է եղել։ Դրական է եղել նաեւ 2018-ին։ Մուտքերի եւ ելքերի տարբերությունը 2015 թ. եղել է -43 հազար, 2016-ին -48 հազար, 2017-ին -26 հազար, 18-ին +15 հազար եւ 19-ին +10. 506: Սա այն պատկերն է, որ մենք ունենք սահմանահատումների առումով։

– Այսինքն՝ հեղափոխությունից հետո ներգա՞ղթ կա։

– Ես մշտապես խուսափում եմ օգտագործել ներգաղթ եւ արտագաղթ տերմինները, քանի որ դրանք հանրային դիսկուրսում շատ են իմաստազրկվել։ Մասնագիտական տիրույթում կարող եմ ասել հետեւյալը՝ ունենք բարելավվող պատկեր. էմիգրացիան նվազում է եւ ունենք որոշակի իմիգրացիոն միտումներ։ Կարող եմ հստակ ասել, որ էմիգրացիայի տեմպերը նվազում են։

– 2019-ին քանի՞ մարդ է ԵՄ-ից արտաքսվել Հայաստան։

– 2019-ի ամփոփ ցուցանիշներ դեռեւս չկան։ Ռեադմիսիոն (գործընթաց, որով անօրինական կարգավիճակում  գտնվող,  քաղաքացի չհանդիսացող անձինք վերադարձվում են իրենց հայրենիք կամ այն պետություն, որով նրանք տարանցել են) համաձայնագրի շրջանակներում, որը մենք ունենք ԵՄ-ի հետ, 2019-ին ստացել ենք 1656 անձի վերաբերյալ հայց, որից հաստատել ենք  1444-ի  քաղաքացիությունը։ Բայց սա դեռեւս փաստացի վերադարձի պատկերը չէ։ Եվրոստատի տվյալներով՝ 2018-ին 2030 քաղաքացի կամավոր կամ հարկադիր տվյալներով վերադարձել է ՀՀ։

– Ո՞րն է արտաքսման հիմնական պատճառը, արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ազդել են դրա վրա։

– Ինչ-որ իմաստով՝ այո, բայց դա միակ պատճառը չէ։ Առաջին հերթին միգրացիոն քաղաքականության խստացում է գնում բոլոր եվրոպական երկրներում։ Երկրորդը՝ այո, ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում չկան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, չկան այնպիսի հիմքեր, որոնք կարող են առաջացնել հետապնդում ու ըստ այդմ, այդ մարդկանց հայցերը՝ եվրոպական  երկրներում  ապրելու, չհիմնավորված են եւ մեծ մասամբ մերժվում են։ Ու եթե մերժվում են, մարդիկ հայտնվում են անօրինական միգրանտի կարգավիճակում եւ ենթակա են վերադարձման։ Ու վերադառնում են կա՛մ կամավոր, կա՛մ հարկադիր։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031