Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը չեղարկել է Երևանում անցկացվելիք հանդիպումն արցախցի ընտրողների հետ:
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման մեջ և իրազեկել, որ, իրավիճակով պայմանավորված, քննարկվում է նաև Արցախում իր կողմից անցկացվող նախընտրական քարոզարշավի վարման ձևաչափի վերանայումը:
«Հաշվի առնելով Նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը՝ տեղեկացնում եմ, որ մարտի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այդ համատեքստում այս պահին քննարկում ենք նաև Արցախում կայանալիք համապետական ընտրությունների՝ մեր կողմից անցկացվող քարոզարշավի ձևաչափի փոփոխությունն ու քայլերի հաջորդականությունը: Մանրամասների մասին՝ ավելի ուշ:
Բոլորիս մաղթում եմ առողջություն»,- գրել է Ա. Հարությունյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մարտի 15-ին՝ ժամը 12:00-ին, նախատեսված էր ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հանդիպումը արցախցի ընտրողների հետ, որից հետո նա պիտի հանդես գար մամուլի ասուլիսով:
«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն