2020 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել և կտրել է իր ականջը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, տուժողը, գտնվելով նույն գյուղի եկեղեցու մոտ, դիտողություն է արել եկեղեցու բակում գտնվող՝ հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ հնչեցնող անտառապահին: Վերջինս դիտողությունն ընդունել է ագրեսիվ, հայհոյել և հրելով գետնին է գցել տուժողին: Այնուհետև, երբ վերջինս բարձրացել է, անտառապահը կացնով հարվածել է նրա աջ ականջին՝ կտրելով այն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին