Ի՞նչ է անում ժամանակակից աշխարհում «միջին վիճակագրական» անհատը, երբ արթնանում է առավոտյան: Մարզա՞նք: Աղո՞թք: Ինքնազարգացո՞ւմ: Անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմա՞նը: Ո՛չ, նա աչքերը բացելուն պես (հաճախ անգամ անկողնուց դուրս չգալով)՝ վերցնում է հեռախոսը եւ սկսում է ստուգել նորությունները:
Ի՞նչն է համարվում նորություն: Այստեղ պատասխանները կարող են տարբեր լինել: Երիտասարդ աղջկա համար նորությունը գուցե այն է, թե քանի հոգի է «լայք» դրել Ինստագրամում նախորդ օրը բեռնած տասնյակ նկարներին, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է նա ընկերուհիների հետ սրճարան գնացել եւ ինչ է այնտեղ կերել-խմել: Քաղաքականության հողի վրա շեղվածի համար նորությունը թերեւս այն է, թե իր համակրած եւ չհամակրած գործիչների մասին ինչ նոր բամբասանքներ կան եւ ինչ վիրավորական խոսքեր են նրանք ասել միմյանց հասցեին:
Բայց մարդկանց գլխավոր ձգտումը առավոտյան եւ ամբողջ օրվա ընթացքում տագնապալի լուրեր իմանալն է՝ վթարներ, աղետներ, ահաբեկչություն, պատերազմ: Եվ իհարկե՝ հիվանդություններ: Կորոնավիրուսն այդ առումով «ճիշտ ժամանակին» է հայտնվել: Դա հենց այն է, ինչ հետաքրքրում է մարդկանց գերակշիռ մեծամասնությանը: Եվ որքան սարսափելի լինեն լուրերը՝ այնքան լավ են դրանք սպառվում:
Ես չեմ զարմանա, եթե շատերը «դատարկություն» զգան, երբ մի քանի շաբաթից կամ մի քանի ամսից կորոնավիրուսը նահանջի: (Չնայած գիտության զարգացման ներկա փուլում բացառված է, որ տարեց կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց որեւէ մասը չշարունակի մահանալ թոքաբորբից կամ տարատեսակ գրիպների այլ բարդություններից):
Կարդացեք նաև
Մարդիկ ուզում են կորոնավիրուսի մասին տագնապալի լուրեր իմանալ, որպեսզի հագուրդ տան իրենց ենթագիտակցական իռացիոնալ վախերին եւ խուճապին:
Բայց մյուս կողմից՝ մարդիկ զարմանալիորեն չեն ուզում առօրյա կյանքում դրսեւորել ռացիոնալ, պատասխանատու վարքագիծ, որպեսզի կանխեն այդ վարակի տարածումը: Ժամերով «չանա ծեծել» սոցցանցերում կորոնավիրուսի մասին՝ խնդրեմ: Բայց սնվելուց առաջ լվանալ ձեռքերը՝ դա երեւի դժվար է, մեծ ճիգեր է պահանջում:
Էլ չեմ խոսում ավելի «բարդ», դժվար իրագործելի սահմանափակումների մասին: Այս օրերին, եթե որեւէ մեկը ժամանել է Իտալիայից կամ որեւէ այլ «վտանգավոր» երկրից, թերեւս, պետք է չափազանց զգուշավոր լինի իր հարազատների, մտերիմների եւ գործընկերների հետ շփումների առումով: Եվ ոչ թե հույսը դնի միայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումների վրա, որոնք, ինչպես ցույց տվեց իրավիճակը, բավարար չէին:
Չինաստանը չափազանց կոշտ ուժային միջոցներ է կիրառել վիրուսի տարածումը կանխելու համար: Ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում այդ երկրում չափազանց խիստ պատիժ է սպասվում: Ժողովրդավարական պետություններում նման միջոցները գուցե անհնարին են: Շատ բան թողնված է մարդկանց խղճին եւ գիտակցությանը: Որոշ երկրներում այդ գիտակցությունը նույնքան բարձր է, որքան առողջապահության մակարդակը եւ պետության կազմակերպվածությունը: Դանիայում, օրինակ, կորոնավիրուսով վարակվել է մոտ 500 հոգի, բայց մահացության ոչ մի դեպք չկա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան, հավատացեք, որ «Այո»-ի հաղթանակը գուժող Ձեր պարբերական ու աներկբա հավաստիացումները պակաս սարսափազդու չեն քան վերը նկարագրած աղետները:
Everyone, deep in their hearts, is waiting for the end of world to come.
Haruki Murakami
Տեսնենք, հայերս սովորե՞լ ենք ցանկացած իրավիճակ մեր օգտին ծառայեցնել, թե էլի մանր պահի ազդեցության տակ խնդիրներ պետք է լուծենք, չունեւորը դեռ հնարավորություն ունի ունեւոր դառնալու, բայց աղքատը՝ երբեք, որովհետեւ աղքատը չունեւորից տարբերվում է իր ագահությամբ՝ աղքատությունը ագահություն է ծնում, իսկ ագահությունը՝ աղքատություն: Էս ագահ աղքատներն են իսկական վարակ, իսկ չունեւոր լինելը հեչ էլ ճակատագիր չէ, եթե չվհատվտես, չհուսահատվես, չվախենաս, հավատդ չկորցնես, այլ հակառակը՝ արթուն վիճակում հա գործես, արարես ու սխալվես մի թեթեւ, ժամանակ չունենաս վհատվելու ու վախենալու, լիարժեք քնի ժամանակ բոլոր խնդիրները կլուծվեն, որոնք առաջադրվել են արթուն վիճակում սխալ արդյունքների տեսքով, հաջորդ օրն արթնանալով սկսում ես նման կերպ անդադար օրնիբուն գործել եւ ունեւոր կդառնաս, գլխավորը հեռու մնա վարակից՝ աղքատներից: