Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են խոշորները «ճնշում» փոքրերին. դժգոհություններ «Աթենքից», «Արտֆուդից» ու ՊԵԿ-ից

Մարտ 13,2020 14:00

Գերիշխող դիրքի չարաշահմանն առնչված լինելու մասին հայտարարել են բիզնեսների 25%-ը: Այսպիսի արդյունք է արձանագրել «Թրանսփարենսի Ինթերնեշլ հակակոռուպցիոն կենտրոնի»՝  2019 թ. օգոստոս-նոյեմբեր իրականացրած «ՀՀ-ում գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական հետազոտությունը»: Այն իրականացվել է տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների շրջանում:

Հետազոտության հեղինակները նշում են՝ հարցմանը մասնակցած բիզնեսների մեծ մասի համար գերիշխող դիրք ունեցողի ընկալումը հետեւյալն է. դա գործունեության ծավալներով իրենցից ավելի մեծ սուբյեկտն է, որի ավելի հզոր եւ ուժեղ լինելու վերաբերյալ բիզնեսի մոտ կա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատկերացում: Այսպիսի ընկալման պայմաններում` բիզնեսն իրենից մեծ իր մրցակիցների վարքագծի ցանկացած դրսեւորում, որը հակասում է իր շահերին կամ վնաս է պատճառում, դիտում է որպես նրանց կողմից գերակա դիրքի չարաշահում:

Ըստ այս հետազոտության, այս խմբի բիզնեսները խախտումների վերաբերյալ դժգոհություններ են հայտնել, օրինակ՝ ապրանքների գների չհիմնավորված բարձրացումը, պահպանումը կամ իջեցումը (այս խմբում` դեպքերի մոտ 53%-ը): Օրինակ՝ կաթի վերամշակման բնագավառի ձեռնարկությունները դժգոհում են «Սպայկա» ընկերությունից: Վերջինս, ըստ հետազոտության, իր նորաբաց «Սամբիել» պանրի գործարանի համար փորձում է կաթ մթերել. «Քանի որ շուկայում հումքային կաթի ավելցուկ եւ իրացման խնդիր գրեթե չկա, «Սպայկան» փորձել է իրեն անհրաժեշտ կաթը «ձեռք գցել»` ավելի բարձր գնման գներ առաջարկելով (190-200 դրամ/լ)»:

Հարցված բիզնեսների ընկալմամբ գերիշխող դիրքի չարաշահում է նաեւ՝ խոշոր արտադրողներն իրենց արտադրանքը մեծ ծավալներով թողարկելու արդյունքում ստանում են ավելի ցածր ինքնարժեք, քան փոքր արտադրողները: Փոքր արտադրողների մի զգալի մասը հումք է ձեռքբերում նույն այդ խոշոր արտադրողներից:

Հետզոտությամբ նաեւ արձանագրվել է՝ տարածված դեպքեր են, երբ համեմատաբար խոշոր արտադրողները կամ մանրածախ առեւտրի կետերը, փորձելով ձերբազատվել իրենց պահեստի մնացորդից, համատեղելով օգտակարն անհրաժեշտի հետ, իրենց ապրանքային պաշարները հանում են վաճառքի` երբեմն ինքնարժեքից ցածր գներով` դա մատուցելով որպես զեղչերի ակցիա, փոքր արտադրողներն այդպիսի հնարավորություն չունեն:

«Ամեն ինչ տանում է նրան, որ ժամանակի ընթացքում, հատկապես մանրածախ առեւտրի բնագավառում, բոլոր փոքր խանութները կփակվեն եւ դուրս կմղվեն շուկայից: Ինչպես կարելի է նկատել նշված օրինակներից, բիզնեսների համար իրենցից ավելի ուժեղ կամ ֆինանսական ավելի մեծ կարողությամբ այլ բիզնեսների գործողությունները ընկալվում են գերիշխող դիրքի չարաշահում, անկախ վերջիններիս կարգավիճակից՝ նրանք գերիշխող դիրք ունեցո՞ղ են, թե՞ ոչ»,-գրված է այս հետազոտությունում:

Հետազոտությունը մեկ այլ ուշագրավ խնդիր է արձանագրել, նշվում է, որ բիզնեսների շրջանում շուկայի առավել խոշոր մասնակիցներից դժգոհությունները վերաբերվում են նրան, որ վերջիններս առեւտրի պայմաններ են թելադրում մանրածախ առեւտրի կետերին. «Օրինակ 1՝ մսամթերքի բնագավառի բիզնեսները դժգոհում են «Աթենք» մսամթերքից, իբր թե վերջինս սուպերմարկետներին առաջարկում է տարաժամկետ վճարումներ, «կոմիսիաներ» եւ զեղչեր այնպիսի չափերով, որ մյուս արտադրողները չեն կարող իրենց թույլ տալ: Օրինակ 2՝ տարբեր սպառողական ապրանքների ներմուծողները դժգոհում են սուպերմարկետներից, նշելով, որ վերջիններս հակված են աշխատել այն բիզնեսների հետ, որոնք ներմուծում են ապրանքների լայն տեսականի: Օրինակ 3՝ «Գրանդ Քենդին» փաթեթավորման թուղթ եւ տուփեր է առաջարկում խանութներին` «սպառնալով», որ եթե այն չգնեն, ապա խմորեղեն չեն մատակարարի: Օրինակ 4՝ «Վեոլիա Ջուրը» շինարարական ընկերություններին պարտադրում է գնել եւ տեղակայել կոնկրետ մեկ ֆիրմայի արտադրության պոմպեր: Օրինակ 5՝ «Արտֆուդը» սուպերմարկետներից պահանջում է իր ապրանքների տաղավարում իրեն հատկացնել առնվազն 50% տարածք` դրա դիմաց առաջարկելով «հարմար» գներ: Ընդ որում` սուպերմարկետը որքան տաղավարում ավելի մեծ տեղ հատկացնի «Արտֆուդին», այնքան վերջինս ավելի ու ավելի «հարմար» գներ է առաջարկում»:

Հարցված գործարարները դժգոհել են նաեւ պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից: Ըստ հետազոտության, տարբեր շուկաների համեմատաբար փոքր մասնակիցները դժգոհում են խոշոր ընկերություններից՝ վերջիններիս մեղադրելով պետական գնումների մրցույթներում հաղթելու համար իրենց դիրքը, հեղինակությունը, կապերը եւ ծանոթությունները օգտագործելու հարցում: Փոքր բիզնեսները սա եւս համարում են գերիշխող դիրքի չարաշահման դրսեւորում. այս խմբում` դեպքերի մոտ 8%-ն է:

Հետազոտության հեղինակները նշում են՝ կան ավելի մտահոգիչ հայտարարություններ, որոնք ստացվել են հաշվապահական ծառայությունների ոլորտից, եւ դրանք ներկայացվում են որպես գերիշխող դիրքի չարաշահում. «Մի քանի փոքր ընկերություններ հայտարարել են, որ շուկայում գործող մի քանի խոշոր հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններ պատկանում են պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք սպասարկում են մինչեւ 1000 բիզնեսների: Նշվում է, որ նշված պաշտոնյաները, օգտագործելով իրենց ազդեցությունը, բիզնեսներին ուղղորդում են դեպի իրենց (կամ իրենց հետ կապ ունեցող) հաշվապահական ընկերություններ»: Հեղինակները հայտարարում են՝ այս խնդիրն ավելի շուտ նման է պաշտոնական դիրքի, քան գերիշխող դիրքի չարաշահման:

«Դալիա» Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Հարությունյանն այս հետազոտությունում կարծիք է հայտնել գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ. «Երբ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը սկսեց ակտիվ գործունեություն ծավալել՝ արտադրելով ներքնազգեստներ եւ գուլպաներ, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցերում տեղադրեց միայն իր ապրանքը՝ թույլ չտալով մյուսներին վաճառել սուպերմարկետներում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031