«Եթե վաղն իշխանության են գալիս այլ ուժեր, նրանք հայտնվում են սահմանադրական որոշակի սահմանափակման խնդրի առաջ: Հարկ է առաջանում հարցը լուծել հանրաքվեով: Նշենք նաեւ, որ այս փոփոխություններով ստեղծվում է մի իրավիճակ, երբ ինքնավար մարմինների անդամների առանձնասենյակների դռների բանալիները եւս գտնվում են իշխող կուսակցության գրասենյակում»:
«Առավոտի» 2016թ. հունվարի 19-ի «Գործող պաշտպանը դեկտեմբերի 22-ից սկսած՝ պետք է աշխատեր նոր Սահմանադրությամբ» հարցազրույցս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ էր, փորձագետ Կարեն Վարդանյանի հետ:
Կարեն Վարդանյանը մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ էր, «Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետը, ՀՀ հանրային խորհրդի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի քարտուղար, 2007-ին առաջադրվել էր, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու (տաղանդավոր երիտասարդը 2016թ. դաժան սպանության զոհ է դարձել-Ռ.Մ.):
Նա սահմանադրական հանրաքվեից օրեր առաջ հանրության սեղանին էր դրել իր «Սահմանադրության փոփոխություններ. ռիսկերը եւ վտանգները» գրքույկը, ինչն էլ մեր հարցազրույցի առիթն էր դարձել: Կարենի հետ հունվարյան հանդիպումս, ավաղ, վերջին հանդիպումն էր, նկարը՝ վերջին լուսանկարը:
Կարդացեք նաև
Կարենի գրքույկն այս օրերին նույնքան արդիական է, եւ նա ասես կանխազգացել էր որոշ մարտահրավերների մասին, ինչից զգուշացնում էր մեզ. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Այո»-ն դե յուրե ընդունվելու է, ես նպատակ ունեմ վեր հանելու ընդունված նախագծի վտանգները, ինչո՞ւ չէ՝ խնդիր դնելով դրանցից ժամանակի ընթացքում ձերբազատվելու»:
Ըստ Կարենի. «Ի՞նչ լսեցինք մենք. մի կողմը պնդում էր, որ պետք է ընդունել այս նախագիծը, քանզի մի քանի բան փոխվել է, որովհետեւ անհատների փոխարեն երկիրը կառավարելու են կուսակցությունները։ Թե որքանով է դա սխալ կամ ճիշտ՝ դա դեռ մի կողմ, սակայն հակառակ կողմն էլ սահմանափակվեց հետեւյալով՝ քանի որ սա առաջարկում են գործող իշխանությունները, ուրեմն դա մերժելի է»:
Նա հարցնում էր. «Ի վերջո, հանրաքվեի մասնակիցներից քանի՞սն են գոնե պատկերացրել, թե ինչի օգտին են կամ ինչին են դեմ քվեարկել»:
Վտանգների մեջ փոփոխությունների բոլոր գլուխներն էր նա տեսնում, մինչեւ անցումային դրույթները, որոնք էլ ըստ նրա. «Իրականում վերածվում են երաշխիքային կտրոնների, իսկ երբեմն էլ հանգեցնում հակասական իրավիճակների»:
Եթե հիշում եք, հինգ տարի առաջ սահմանադրական փոփոխություններին զուգահեռ առանձնակի տեղ գրավեց ՄԻՊ հրաժարականի պատմությունը: Կարենն ասում էր. «Անցումային դրույթով պետք է նախատեսվեր, թե ինչ է տեղի ունենում, եթե համապատասխան պաշտոնյաների պաշտոնավարումն ավարտվում է մինչ այդ ժամկետը, որից սկսած՝ գործում են սահմանադրական փոփոխությունների դրույթները: ՄԻՊ հրաժարականի դեպքում, Սահմանադրության 2005թ. փոփոխությունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ 2015թ. փոփոխությունների անցումային դրույթները նախատեսում են, որ ՄԻ պաշտպանին առնչվող գլուխն ուժի մեջ է մտնում 2015թ. դեկտեմբերի 22-ից: Կարելի է ասել, որ գործող պաշտպանը դեկտեմբերի 22-ից սկսած՝ պետք է աշխատեր նոր Սահմանադրությամբ: Բայց առկա է հիմնարար խնդիր՝ ՄԻՊ-ի մասին օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար տրվել էր մեկամյա ժամկետ, ՄԻՊ-ին տրվել էր նաեւ հնարավորություն պաշտոնավարելու մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ 2017թ. մարտի 2-ը: Բայց որեւիցե կերպ չէր նախատեսվել, թե ինչ անել այն դեպքում, եթե պաշտոնը թափուր մնա մինչեւ օրենքի համապատասխանեցումը Սահմանադրությանը»: Ըստ նրա, ՄԻՊ հրաժարականն «օրենքով կարգավորվող դրույթ էր, սահմանադրական կարգավորման առարկա չէ»:
Ռիսկերի մեջ նա տեսնում էր հանրաքվեների կազմակերպումը. «Մի կողմից՝ եթե ժողովուրդը ցանկանում է օրենք փոխել, նա կարող է 50 հազար ստորագրություն հավաքել, թեեւ դա էլ է, իմ կարծիքով, շատ: Կարելի էր հաշվարկել պատգամավորի մեկ մանդատի արժեքը՝ ընտրողների ընդհանուր թիվը բաժանելով պատգամավորների թվին, բայց սահմանել են հիսուն հազար: Եթե այդ 50 հազար ստորագրությունը բերվում է ԱԺ, եւ այն մերժում է օրենսդրական նախաձեռնությունը, կարելի է օրենքը դնել հանրաքվեի, բայց դրա համար 60 օրվա ընթացքում պետք է հավաքել եւս երեք հարյուր հազար ստորագրություն: Կարծում եմ՝ դա որեւէ քաղաքացիական նախաձեռնության համար քիչ իրատեսական է: Իսկ Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու հանրաքվե նախաձեռնելը գրեթե անհնար է, քանի որ պետք է ԱԺ երկու երրորդի համաձայնությունը: Այս դեպքում, եթե ԱԺ-ն մերժում է այդ նախաձեռնությունը, հանրաքվեն ուղղակի տեղի չի ունենա, որովհետեւ այդ վետոն հաղթահարելու որեւէ մեխանիզմ սահմանված չէ: Հաշվի առնելով այդ չարչրկված 100 տոկոս համամասնական ընտրակարգը՝ ստանում ենք այն վիճակը, որ երկրում քիչ թե շատ իրական բարեփոխում առանց իշխող կուսակցության կամ, ավելի ճիշտ՝ առանց վերջինիս ղեկավարության համաձայնության իրականացվել չի կարող»:
Կարենը զգուշացնում էր, որ Սահմանադրության փոփոխությունների գործընթացը հապճեպ բնույթ է կրում. «Հավանական է, որ անգամ դրան բացեիբաց կողմ եւ դեմ արտահայտվողներից շատերը ծանոթ չեն, չեն ընթերցել, ինչը խոսում է քաղաքական մշակույթի անբավարար մակարդակի, ինչպես նաեւ ազգաբնակչության՝ հատկապես իր քաղաքական իրավունքներից օգտվելու մշակույթի բացակայության մասին»: Ինչ վերաբերում է «հանրային պահանջին», ըստ Կարենի, «մոտեցումը թյուր է, քանզի նման պահանջի անհրաժեշտության մասին նախ հարկ է հանրությանն իրազեկել, թե ինչ է Սահմանադրությունը կամ որ հարցներն է կարգավորում»:
Գրքույկի 29-րդ էջն ամբողջությամբ նվիրված է դատական իշխանությանը, դատավորների առաջադրմանը, տարիքին, սահմանադրական դատարանի կազմավորման կարգին: «Դատական իշխանություն. միայն կոսմետիկ վերանորոգում» բաժնում նա ՍԴ դատավորների ԱԺ կախվածության մասին էր ակնարկում, ասելով, թե «Ակնհայտ է, որ այս պատկերը կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանի կախվածությանը օրենսդիր մարմնից, ավելի ճիշտ՝ իշխող կուսակցությունից»:
Եվ որովհետեւ ԱԺ-ն շահագրգիռ է. ԱԺ-ն ամենից շատ է հանդես գալիս ՍԴ-ում, որպես պատասխանող, առաջին հերթին օրենքների սահմանադրականության հարցերով, հետեւաբար շահագրգիռ կողմերից մեկն է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2020