Լուսանկարների «Ակնթարթ» շարքի համար «Ֆոտոլուրի» լուսանկարիչներ Հայկ եւ Վահրամ Բաղդասարյանները, Հայկ Բադալյանն ու Լուսինե Սարգսյանը 2017-ին արժանացան ՀՀ նախագահի մրցանակի: «Ակնթարթը» ներկայացնում էր «Ֆոտոլուր» լրատվական գործակալության 15 տարվա աշխատանքը: Մրցանակաբաշխությանը մասնակցելու առիթը «Էլեկտրիկ Երեւանի» ցուցարարի հանրահայտ լուսանկարն էր: Նրանք պատմում են, որ մրցանակաբաշխությունից հետո որոշել են՝ այս էտապն անցավ, նոր փուլ ենք սկսում: «Ակնթարթ» շարքը ներկայացնելուց հետո անցել է 3 տարի, ակնթարթներն ավելացել են, հասունացրել նոր ցուցահանդեսի հնարավորությունը: Մրցանակային գումարով նրանք լուսանկարչական նոր ապարատ են գնել. «Մրցանակը դռներ չի բացում, բայց լավ հիշողություն է ու պատիվ, ինքնակենսագրականիդ մեջ նշվում է՝ դու նախագահի մրցանակի դափնեկիր ես» (Լուսինե Սարգսյան):
Մենք վայելում ենք կարեւոր իրադարձությունների այդ «ակնթարթները» ու չենք էլ ենթադրում, թե որոշ լուսանկարներ անելու համար մարդիկ ինչպես են սեփական կյանքը վտանգում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Վահրամ Բաղդասարյանի հայտնի լուսանկարներից մեկն անելիս մոտ 100 մետր հեռավորության վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարք էր ընկել ու մեքենա պայթեցրել: Լուսինեն ասաց, որ ցույցերի, հանրահավաքների ժամանակ ամեն լավ կադրը լի է վտանգներով՝ տեխնիկադ կարող է փչացնեն կամ մարմնական վնասվածք ստանաս: Վահրամ Բաղդասարյանը հարցազրույցի ժամանակ ցույց տվեց քաղաքական մի իրադարձության ժամանակ ստացած վնասվածքի հետքերը. «Ցույցերի ժամանակ աշխատելիս քեզ համար վտանգավոր են բոլորը, անգամ՝ ցուցարարները: Շատերը ասում են՝ խի՞ ես ինձ նկարում, դե արի բացատրի, որ լավ կադր է»:
Չնայած տեխնիկայի այս դարում լուսանկարել կարող են գրեթե բոլորը, բայց իրական լուսանկարչությունը պահպանում է հաստատված նորմերը. «Օրինակ, մեր նկարներում բացառվում է ֆոտոշոփը, դա արգելված թեմա է, բայց զավեշտալի դեպքեր են լինում, երբ կասկածում են, թե ֆոտոշոփ ենք արել: Թերթերից մեկի առաջին էջում քաղաքական հայտնի մի գործչի լուսանկարն էր: Հաջորդ օրը ինձ զանգում է՝ բերանս խի՞ ես ծռել: Ա՛յ պարոն…, ա՛յ ախպեր ջան, ո՞վ է քո բերանը ծռել: Ասում է՝ ես կանգնում եմ հայելու դիմաց, բերանս 3 ժամ ծռում, բայց այդպես չի՛ լինում, ուրեմն ֆոտոշոփով եք արել: Դե արի մարդուն բացատրի, որ իր բերանն այդպիսին է, ձեռք չենք տվել»:
Նման խոսակցություն եղել է նաեւ մի կին քաղաքական գործչի հետ. ծխելու դեմ պայքարի օրինագծի շրջանառության ժամանակ թերթերից մեկը հրապարակել էր նրա լուսանկարը, բերանին՝ ծխախոտ: Լուսանկարն իրենցն էր, ծխախոտն ավելացրել էր տվյալ ԶԼՄ-ն. «Զանգեց, ասաց՝ էս ի՞նչ ես անում, չե՞ս ամաչում»:
Կարդացեք նաև
Համացանցում եւ մամուլում բուռն քննարկումների առարկա դարձավ հայտնի գործարարներից մեկի՝ Սամվել Ալեքսանյանի լուսանկարը՝ վարչապետի մոտ գլուխը թեքած: Դա նաեւ հումորների թեմա դարձավ՝ «Կուզե՞ս քեզի համար էրթամ խնձոր բերեմ» շարքով: Լուսանկարի հեղինակը Լուսինեն է: «Վերեւներից» զանգ են ստացել ու մտահոգվել, մտածել են՝ պիտի բողոքեն, բայց պարզվել է՝ նկարը պահանջարկ է վայելում, խնդրել են լուսանկարից իրենց տրամադրել: Շատ մեծ պահանջարկ վայելող լուսանկարներից է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սեւանում նավով շրջելու նկարը: Ինչպես պատմեցին լուսանկարիչները, ռուսները 40 հատ այդ նկարից ուզել էին՝ շատ մեծ չափի:
Հարցին՝ արտերկրում պապարացիները շատ են, դուք ինչո՞ւ օրերով-գիշերներով չեք դարանակալում հայտնի մարդկանց տների մոտ՝ գեթ մեկ լուսանկար ստանալու համար, Հայկ Բաղդասարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ դարանակալենք, երբ Հայաստանում բոլոր աստղերը հասանելի են: Պապարացիություն անենք ո՞ւմ: Եթե խոսքը Քիմ Քարդաշյանի մասին է, արել ենք: Եկավ Հայաստան, նկարեցինք ու դրսից այդ նկարները շատ են պատվիրում, իսկ այստեղ գողանում են»:
Գրագողությունը, հեղինակային իրավունքի խախտումներն ամենացավոտ հարցերից են, ասում են՝ բավական շատ ԶԼՄ-ներ կան, որոնք լուսանկարիչ չունեն, բայց ամեն օր լուսանկար են տպում, որտեղի՞ց: Հայկ Բաղդասարյանի խոսքով՝ «Տեքստը մի քիչ օրենքով են գողանում, լուսանկարը՝ անօրեն: Տեքստի դեպքում էլի գոնե օրենք կա, մի քանի բառը թողնում են, մնացածը հրապարակում են, իսկ լուսանկարը վերցնում, կտրում են աջից, ձախից, վերեւից, ներքեւից, այլանդակում են»:
Լուսանկարիչներն իրենց միջոցներով են պայքարում գրագողության դեմ, Ֆեյսբուքում են արդարադատություն իրականացնում՝ հրապարակելով անօրինական արտատպողների անունները: Նրանք վրդովվում են՝ ինչպես ցանկացած նկարչի կտավը գողանալն է գողություն, սա նույնչափ պախարակելի է ու հանցագործություն է: Լուսանկարչությունն արվեստ է, ու դրա ապացույցն է նաեւ այն, որ նախագահի մրցանակաբաշխությանը այն նույն անվանակարգում է, ինչ կերպարվեստը, կինոարվեստը, թատրոնը, ճարտարապետությունը։ Բայց այստեղ խնդիր են տեսնում. «Այդ բոլորի մեջ շատ քիչ է հավանականությունը, որ ֆոտոարվեստը մրցանակի կարժանանա: Ո՞նց կարող են թատրոնը համեմատել ֆոտոյի հետ եւ որոշել, թե որն է սրանցից ավելի արժանի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակները ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։
«Առավոտ» օրաթերթ
12.03.2020