Հասարակական զուգարանի վերածված, մութ ու գարշահոտով գետնանցումներ Երեւանում շատ կան: Դրանցից մեկը՝ կենտրոնում է, ամենաբանուկ հատվածում: Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում տեղի ունեցած հրդեհից անցել է երկու տարի, սակայն տարածքը ավերակներ է հիշեցնում, սարսափ տեսարան: Հրդեհի թողած հետեւանքները որոշ չափով վերացվել են, բայց քաղաքացիներն ամեն անգամ այստեղով անցնելիս տհաճ զգացողություն են ունենում, մթին նույնիսկ վախվխելով են անցումից օգտվում:
Խորհրդային տարիներին այստեղ «Չինար» հանրախանութն է գործել։ Բայց տարածքն այսօր էլ անտեր չէ, սակայն սեփականատերերը պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտավորությունները: Այս մասին պարբերաբար նշում են Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները: Բայց գետնանցումի սեփականատերերին օրենքի դաշտ բերելու գործը նույնպես քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում: Քաղաքապետարանը կարո՞ղ է չէ տարածքը տարիներով զբաղեցրած, սակայն որեւէ ներդրում չարած սեփականատերերին պարտավորեցնել գոնե տարածքը պաստառապատել, որպեսզի այն չվերածվի աղբանոցի՝ ինչպես որ հիմա է: Այստեղ հաճախ նաեւ անտուն մարդիկ են «հյուրընկալվում»՝ տարածքում թողնելով իրենց հետ բերած սննդի ու կենցաղային իրերի մնացորդները:
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.03.2020