«Ջերմուկի սառը ձյուներում դուրսպրծուկներին թավալվելու» խորհուրդ տվող վարչապետին, ի՞նչ ասեմ…տխուր է, նա շարունակում է հավատարիմ մնալ իր լեզվամտածողությանը…»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, այսօր Ջերմուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:
«Այո»-ի քարոզարշավի շրջանակներում, այսօր Ջերմուկ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին ասել էր, որ նրանց (նախկինների. Ն.Գ.) հույսն այն էր, որ հեղափոխությունից մի քանի ամիս անց ժողովուրդը կհիասթափվի Նիկոլ Փաշինյանից եւ նրա իշխանությունից. «Երկու ամիսը անցավ`ասին չորս ամիս, չորս ամիսը անցավ, ասին`մի տարի, մի տարին անցավ`ասին… հիմա մեկ էլ ասում էին`տեսեք գարնանն ի՞նչ ա լինելու: Է, եկել ա գարուն, ի՞նչ եք ծակ ու ծուկեր մտել… նախկին իշխանության ներկայացուցիչները եւ մեր իշխանության դուրսպրծուկները: Բա ի՞նչ եք ծակ ու ծուկեր մտել, բա եկել ա գարունը, լավ էլ շոգ ա, լավ էլ թեժ ա: Դե եկեք թեժացրեք`տեսնեմ ո՞նց եք թեժացնում: Հեսա ժողովուրդը ձեզ ընենց ապրիլի 5 կթեժացնի, որ պտի երեք ամիս գաք Ջերմուկի սառը ձների մեջ թավալվեք, որ հովանաք»:
«Տպավորություն ունեմ, թե վարչապետն ու իր թիմը վհուկների որսի են դուրս եկել… Թշնամիներ են նշանակում ու հիմա որսով են զբաղված՝ զբաղեցնելով իրենց ու հասարակությանը՝ թողած երկիրը իրական վտանգների ու ռիսկերի առջև: Ես միայն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիան նկատի չունեմ»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս ամենը շատ պարզ է՝ տեղավորվող համաշխարհային հեղափոխությունների փորձի և փիլիսոփայության մեջ. «Հեղափոխությունը սիրում է հակահերոսներ, պիտի սնվեն, ոգևորվեն, հասարակությանը վախեցնեն ժողովրդի թշնամու կերպարից: Այս ամենը տխուր է, եթե ոչ վտանգավոր… Հայաստանի բոլոր քաղաքացիներին սիրող, Հայաստանը մեր օջախն է կարգախոսով Հայաստանը ողողած վարչապետը շարունակում է հասարակությունը պառակտելու վարքագիծը»:
Կարդացեք նաև
Իսկ Դաշնակցությունն, ըստ Լիլիթ Գալստյանի, իր օրակարգն ունի. «Այն պայմանավորված չէ վարչապետի բարեվարքությամբ կամ նրա մարտահրավերներով: Մեր պետականության ընթացքն ու պետականության մարտահրավերներն են մեր օրակարգում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ