Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում:
«Ցավոք, սահմանին և շփման գծում շարունակում են հրադադարի ռեժիմի խախտումները, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ ուժի կիրառումից, ակտիվացնել բանակցային գործընթացը»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կրակոցի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը՝ ծնված 1984 թվականին։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ