Մարտի 26-ին պատմական օր է սպասվում Գյումրիում․ եվրոպական ամենամեծ «Ryanair» իռլանդական բյուջետային ավիաընկերությունը Գերմանիայի Բավարիա երկրամասի Մեմինգեն քաղաքից կիրականացնի առաջին թռիչքը դեպի Գյումրի։ Նշենք, որ Մեմինգենինը Գերմանիայի ամենաբարձր օդանավակայաններից է, այն իրականացնում է միջազգային թռիչքներ դեպի Եվրոպայի տասնյակ օդանավակայաններ։ Սպասարկում է կանոնավոր և չարտերային չվերթներ, հիմնականում բյուջետային ավիաընկերությունների միջոցով։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշում է, որ «Շիրակ» օդանավակայանում Գյումրի ժամանող զբոսաշրջիկներին կդիմավորեն հավուր պատշաճի, նվագախմբով։
«Մենք տուրիստների ենք սպասում մարտի 26-ին, հավուր պատշաճի կդիմավորենք, կգնանք նվագախմբով։ Իհարկե, սա շատ կարևոր քայլ է, որ կատարվում է Գյումրի քաղաքում տուրիզմը զարգացնելու համար։ Այն ավտոբուսները, որոնք նախատեսել ենք սուբվենցիոն ծրագրով, նոր մրցույթ ենք հայտարարել, հետագայում կօգտագործենք տուրիստներին դիմավորելու համար, կհամագործակցենք տարբեր տուրիստական ընկերությունների հետ։
Սա առաջին ձնծաղիկն է»,-ասաց Սամվել Բալասանյանը։
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետը նաև փաստեց, որ Եվրոպայից երբևէ թռիչք չի եղել Գյումրի։
«Երկրաշարժի ժամանակ տարբեր քաղաքներից, տարբեր երկրներից, նույնիսկ ծանր ինքնաթիռներ վայրէջք կատարեցին, մեր օդանավակայանն ունի այդ հնարավորությունը, բայց պաշտոնական, ինչ-որ տեղ բյուջետային նման կազմակերպություններ Եվրոպայից թռիչք չեն կազմակերպել, առաջին անգամ է, ես այդպես եմ հիշում։
Ռուսաստանից, իհարկե, կա, եթե ընդունենք, որ Ռուսաստան արդեն արտերկիր է մեզ համար, միշտ եղել է, եղել են տարբեր քաղաքներ՝ Կրասնոդար, Ռոստով և Մոսկվա։ Ես, ճիշտն ասած, էս եմ հիշում, ինչքան որ Գյումրիի օդանավակայանը կա։
Հիմա վերակառուցում ենք մենք օդանավակայանը և՛ ժամանման, և՛ ընդունման սրահներն ենք ուզում մեծացնել, նախագիծն արդեն կա, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Եվ, բնականաբար, աշխարհագրությունը կմեծանա, կլինեն տարբեր երկրներից, օրինակ՝ Սալոնիկի հետ կապված մենք Հունաստանի դեսպանի հետ խոսեցինք, հիմա տեսենք, Սալոնիկ քաղաքը մեզ հետ քույր քաղաք է, կուզենամ, որպեսզի մենք Սալոնիկի հետ կարողանանք ունենալ թռիչքուղիներ, նույնիսկ չարտերային, որովհետև և այնտեղից եկած տուրիստին է հետաքրքրիր մեր լեռները, և մեզ է հետաքրքիր նրանց ծովը։ Իհարկե, սա կախված կլինի տոմսերի արժեքից, կախված կլինի մնալու արժեքից, փորձում ենք տուրընկերությունների հետ աշխատել, հասկանալ և հասկանալուց հետո մենք նոր կարող ենք դեսպանի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունն իրականություն դարձնել »,-ասաց քաղաքապետը։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց ․ «Գիտեք, որ մարտի 26-ին նախատեսվում է առաջին եվրոպական չվերթի ժամանումը Գյումրի։ Համաշխարհային թրենդի մեջ, երբ որ բոլոր ավիափոխադրողների մոտ թվերի անկում են տեղի ունենում , տուրիստական ոլորտը հիմա, կարծես թե, մի փոքր ճգնաժամային տիրույթ է անցնելու , այս տեսանկյունից մենք ակնկալիք ունենք, որ գործընթացի կայունացումը միանգամից մեզ հնարավորություն կտա ոչ շատ մեծ թափով, սակայն շատ արագ վերականգնել այն հնարավոր գործունեությունը, որ կունենանք այս ընթացքում, և արդեն ամառային ու աշնանային տուրիստական լավ սեզոնին ընդառաջ շատ ավելի կայուն շարունակել այս ոլորտում մոտեցումը»։
Մարզպետն ասաց, որ չվերթի օրը փոխելու հետ կապված այս պահին որևէ քննարկում չի եղել,նա հույս հայտնեց, որ վիրուսային իրավիճակը չի խանգարի և վատ զարգացում չեն ունենա։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ