«Բաթաշաքոր Ազ, խանումե Զոհրաբյան»
Չնայած կորոնավիրուսի վտանգին եւ քրեակատարողական հիմնարկներում կարանտինային վիճակին՝ հինգշաբթի «Արմավիր» ՔԿՀ-ում էին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու նույն հանձնաժողովի անդամ Շաքե Իսայանը։
Դատապարտյալները նախապես ընդունելության խնդրանքով դիմել էին Զոհրաբյանին, բայց ՔԿՀ-ի սոցիալ հոգեբանական եւ իրավական հարցերի բաժնի պետ Հայրապետ Անանյանի միջնորդությամբ, պատգամավորներն ընդունեցին նաեւ բանտում իրենց պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող թվով 42 կալանավորված ու դատապարտյալ անձանց ներկայացուցիչներին։ Վերջիներիս անհանգստացնում են կորոնավիրուսի վտանգը հարեւան Իրանում եւ դրա հետ կապված արտահերթ իրենց արտահանձնման հարցը։
Ըստ իրանցի դատապարտյալների, իրենց հարազատներից ոմանք արդեն վիրուսակիր են, եւ եթե մի վատ բան լինի, գոնե այնտեղ կլինեն։ «Մենք չենք ասում ազատեն։ Արտահանձնեն՝ այնտեղ կրենք մեր պատիժը։ Դիմել ենք Հայաստանում մեր դեսպանատուն, բայց դեսպանն ասում է՝ սպասեք»,-պատմում է կալանավորված անձ Սեթրակ Իբրահիմին։ «Նաիրա Զոհրաբյանը խոստացավ հարցը քննարկել արդարադատության նախարարի հետ եւ մի քանի օր հետո ասել մեզ ընթացքի մասին։
Կարդացեք նաև
Բաթաշաքոր Ազ, խանումե Զոհրաբյան (շնորհակալ ենք տիկին Զոհրաբյան)»,-իրանցի դատապարտյալների անունից ասաց Աքբար Բահանենսին։ Ի դեպ, վերջիներս դժգոհ են նաեւ դատարաններում իրենց դատական նիստերը երկար ժամանակով հետաձգելուն։
Պատգամավորները խոստացան նաեւ այս հարցը քննարկել համապատասխան մարմինների հետ։ Իրանցի դատապարտյալները իրենց արտահանձման խնդրի հետ կապված դիմումներ են գրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Արմենակ /Արմեն/ Դավթյան, լրագրող, այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ