Կորոնավիրուսով հաստատված եւս 2 նոր դեպք է արձանագրվել, այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ երկու դեպքը Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են:
Ըստ վարչապետի, անհանգստացնողն այն է, որ երեք քաղաքացիներն էլ Էջմիածնի բնակիչներ են: Փաշինյանն ասաց, որ ընդհատում է արձակուրդը եւ վաղը կառավարությունում խորհրդատվություն կհրավիրի՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու համար. «Վաղը ամբողջությամբ կրթական հաստատությունները չեն աշխատի, ոչ նախակրթարանները, ոչ դպրոցները, ոչ՝ բուհերը: Վաղը մենք ավելի մանրամասն իրավիճակը կգնահատենք եւ հետագա անելիքների վերաբերյալ տեղեկություններ կհայտնենք»:
Փաշինյանն ասաց, որ հանրաքվեի վաղվա քարոզչական միջոցառումներն էլ հետաձգվում են: Ասաց նաեւ որ այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկել են այս հարցը:
«Իմ խնդրանքն այն է, որ պահպանենք հանդարտությունը, այս իրավիճակին չվերաբերվենք չափազանցված մոտեցումներով: Սա այն դեպքն է, որ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը չափազանց բարձր է»:
Կարդացեք նաև
Վարչապետը ասաց, որ այդ մարդիկ արդեն մեկուսացված են եղել եւ ախտորոշումը տեղի է ունեցել մեկուսացման պայմաններում: Նա կոչ արեց պահպանել անհատական հիգիենայի կանոնները, որոնց մասին հորդորում է Առողջապահության նախարարությունը. «Եթե մեզնից յուրաքանչյուրն այդ պայմանները պահի, կորոնավիրուսը Հայաստանում չի տարածվի»: Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսը մեր դեմ պայքարում շանս չունի եւ մենք կհաղթենք կորոնովիրուսին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ