«Իմ պատկերացմամբ, երբ Հայաստանն ասում է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է, պիտի այնպիսի դեր ունենա, որ ընտրություններից հետո Արցախը հզորացած լինի, և բոլորս ընտրությունների արդյունքի իմաստով հպարտանանք»,- ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը «Տեսակետ» մամուլի ակումբում:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում ինչպես օրենսդիր, այնպես էլ՝ գործադիր իշխանության ընտրություններ են անցկացվելու:
Բանախոսն ասաց, որ հիմա Արցախի հարցը իր համար այս չորս կետեր են. «Եթե չլինի երկրորդ փուլ ու հաղթողը պարզ դառնա՝ բոլորը նրան շնորհավորեն և դա իրոք ժողովրդի սրտից լինի:
Կարդացեք նաև
Հաջորդը՝ որևէ ներքին միջադեպի բացառումն է, որովհետև դա կարող է կործանարար լինել: Երրորդ կարևոր կետը՝ մեկը մյուսին սևացնելու, ոչ թե ծրագրերը, այլ անձերին քննարկելու անթույլատրելիությանն է:
Վերջին կարևոր կետը այն է, որ սրացումներ են լինում Տավուշի սահմանին, Նախիջևանի գոտում, և դա հեշտությամբ կարող է տեղափոխվել հենց Արցախ, պետք է զգոնությունը պահենք և չթուլացնենք ոչ մի դեպքում»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հանդիպումներին՝ Պողոսյանն ասաց. «Ժամանակն է եկել, որ մենք բարձրաձայնենք դրա անթույլատրելիությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պիտի զգան իրենց դեսպանների արած սխալը»:
Նա նշեց, որ իրեն այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ, քանի որ ամեն դեպքում պետք է պատրաստ լինել խափանելու նրանց ծրագրերը: «Արցախի հարցը լուծվում է հողի վրա, բանալին էլ մեր ձեռքում է»,-նշեց բանախոսը:
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ