Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ահազանգերի, «հեղափոխության պահապանների» եւ հանրաքվեն չեղարկելու մասին. Արսեն Բաբայանի պարզաբանումները

Մարտ 12,2020 19:30

Ֆեյսբուքյան երկու օգտատերեր երեկ ահազանգեր էին հրապարակել այն մասին, որ «Ոչ»-ի շտաբը իբր բազմաթիվ խախտումներ է թույլ տալիս, դրանցից մեկն էլ Գնդեւազ գյուղում արկղերով սնունդ բաժանելու մասին է: Մյուսը`մայրաքաղաքի Հարավ-Արեւմտյան թաղամասում 5000-ական դրամներ բաժանելու մասին է:

Ավելի ուշ, երեկ «Ոչ»-ի շտաբի համակարգողներից Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ դատախազությունը ստուգել է ահազանգերը եւ պարզել, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Aravot.am-ի հետ զրույցում Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ այս դեպքերով «Ոչ»-ի շտաբը դատական հայցեր է ներկայացնելու`զրպարտության հիմքով: Այդ անձինք ովքե՞ր են, ի՞նչ նպատակով են տարածել այդ տեղեկությունները, արդյոք ուղղորդված են գործում, միգուցե «Այո»-ի շտաբի հետ կապ ունեն`մեր հարցերին Արսեն Բաբայանը պատասխանեց, որ իրենք նման տեղեկություններ չունեն:

Ի դեպ, երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել`վերնագրված «Հեղափոխության պահապանները հանդիպել են Փաշինյանին հայհոյողին:

Տեսանյութում վերջիններս ստիպում են ներողություն խնդրել «Գյուղապետ» մականունով երիտասարդից`վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար: Տեսանյութում, թեեւ «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք վարչապետի հրահանգով չեն գործում, սակայն վերջում ասում է, որ այսուհետ իրենք ամեն ինչ կանեն այնպես, ինչպես վարչապետը կասի: Այս առիթով ոստիկանությունը պարզաբանել էր, որ ուսումնասիրում են տեսանյութը:

Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ նայել է տեսանյութը. «Մտահոգիչ է»:

Երեկ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի մասին, այսօր արդեն պարզ դարձավ, որ վեց տասնյակ մարդ է մեկուսացվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, հանրության մի ստվար մասը տարբեր ձեւերով դիրքորոշումներ արտահայտեցին առ այն, որ Հայաստանում եվս պետք է լուրջ մոտենան առողջապահական անվտանգության խնդիրներին, կանխարգելիչ խիստ միջոցառումներ ձեռնարկեն, չեղարկեն մասսայական միջոցառումները, այդ թվում նաեւ քարոզարշավը եւ հանրաքվեն:

Այս առիթով մեր դիտարկմանը Արսեն Բաբայանը պատասխանեց. «Հանրաքվեն չեղարկելու իրավական ընթացակարգ չկա։ Բայց սա չի նշանակում, որ եթե առողջապահական համակարգի պատասխանատուները վտանգ տեսնեն, ապա չպետք է առնվազն հետաձգվի հանրաքվեն։ Կարծում եմ, խնդիրը առողջապահության ոլորտի խորը մասնագիտական է խնդիր է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031