Հրանտ Դինքի սպանության ժամանակ դեպքի վայրում լինելու պատճառով ձերբակալված և հետո ազատ արձակված թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը Թուրքիայի Դյուզջե բնակավայրում իր մեքենայի մեջ սպանված է հայտնաբերվել։
Թուրքական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ նա ենթարկվել է զինված հարձակման։ Զինված հարձակում իրականացնողները արագ կերպով փախուստի են դիմել, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբերն ու շտապ օգնության ծառայությունը։
Նրանք հայտնաբերել են արդեն թոշակի անցած թուրք հետախույզին ամբողջովին արնաշաղախ վիճակում։
Հիշեցնենք, որ թուրքական ժանդարմերիայի հետախույզ Շերեֆ Աթեշը, որոշ պնդումների համաձայն, Հրանտ Դինքի սպանության ժամանակ կապի մեջ էր եղել սպանությունը կազմակերպող և իրականացնող անձանց հետ, ովքեր Հրանտ Դինքի տան և նրան պատկանող «Բեյազ ադամ» գրախանութի մոտ հետևում էին Դինքին և ֆիքսում նրա տեղաշարժերը։