Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի, նավթի գների անկումն ու ռուբլու արժեզրկումը ինչ հետեւանքներ կթողնեն Հայաստանի տնտեսության վրա

Մարտ 12,2020 18:35

Նոր կորոնավիրսուսի պատճառով նավթի համաշխարհային գները օրեցօր շարունակում են անկում ապրել, ինչի հետեւանքով կտրուկ էժանացել է ռուսական ռուբլին: Եթե մեկ շաբաթ առաջ Հայաստանի բանկերում եւ տարադրամի փոխանակման կետերում մեկ ռուբլին գնահատվում էր 7,2 -7,3-7,5 դրամ, ապա այսօր 6,30-6,41-6,46 –ի սահմաններում է: Այսօր «Հոդված 3» ակումբում երեք տնտեսագետները կարծիք հայտնեցին, թե ռուսական ռուբլու արժեզրկումն ինչ հետեւանքներ կթողնի Հայաստանի տնտեսության վրա:

«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, Ռուսաստանում ներկայումս իրավիճակը շատ ավելի կառավարելի է, քան նախորդ ճգնաժամերի ժամանակ էր. «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի մասին, պետք է ընկալենք, որ Ռուսաստանի այսօրվա իրավիճակը բավական տարբեր է այն իրավիճակից, որը կար 2009, 2014 թվականներին»:

Ըստ պարոն Ջրբաշյանի, աշխարհն այսօր մտել է շատ ավելի մեծ անլրջության փուլ, որտեղ երկրի կայունությունը եւ երկրի ինստիտուցիոնալ ուժը մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչքանով երկիրը պատրաստ է իրականացնել այս կամ այն միջոցառումները. «Ռուսաստանի արտարժութային ռեզերվները շատ ավելի մեծ են, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանի դիմադրողականությունը նավթի գների անկման, շատ ավելի մեծ է, բայց դա չի նշանակում, որ դա ազդեցություն չի ունենալու Ռուսաստանի վրա եւ այդ մասին վկայում է ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարության վարած քաղաքականությունը, այն է՝ ունենալ լողացող փոխարժեք»:

Հետեւաբար, Հայաստանի տնտեսության վրա էլ այդ ամենի ազդեցությունը շատ ավելի նվազ է լինելու քան՝ նախկինում էր՝ հաշվի առնելով տրանսֆերտներից ու փոխարժեքի տատանումներից ավելի քիչ կախված լինելը:

Երկրորդ ուղղությունը, Ջրբաշյանի խոսքով, ապրանքների եւ ծառայություների արտահանումն է, որը հնարավոր է անկում ապրի մեր ապրանքների նկատմամբ եղած պահանջարկի նվազման պատճառով: Փոխարենն, ըստ Տիգրան Ջրբաշյանի, մեր երկիրը կրկնակի հարված կստանա տուրիզմի ոլորտում, քանի որ մի կողմից կորոնավիրուսն է մյուս կողմից ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք կհետաձգեն ճամփորդությունները՝ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման պատճառով:

Տիգրան Ջրբաշյանը, սակայն վստահ է, որ Հայաստանը, նույնպես, շատ ավելի պատրաստ է արտարժութային ռեզերվների չափով եւ ինֆլյացիայի ցածր մակարդակով դիմակայելու. «Բայց ԿԲ-ն կառավարությունը պետք է հասկանան՝ ինչպիսի քայլեր ձեռնարկեն մեղմելու արտաքին շոկի հետևանքները»:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանն, ի թիվս այլ գործոնների ավելացրեց եւս մի գործոն՝ Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակը:

Անդրադառնալով Հայաստանի շուրջ հնարավոր զարգացումներին, ասաց, որ կտուժեն արտահանումը, տուրիզմն ու տրանսֆերտները:

«2019-ին Հայաստանից ՌԴ արտահանվել է 735 միլիոն դոլարի ապրանք, Ըստ ՌԴ կենտրոնական բանկի տվյալների, այդ առեւտրի 65-70 տոկոսն իրականացվում է ռուբլով: Սա էականորեն կազդի մեր տնտեսության վրա»:

Տնտեսագետի խոսքով, կտուժի նաեւ Հայաստանի մշակող արդյունաբերությունը, մասնավորապես՝ գյուղմթերքի վերամշակումը, որը հիմնականում ուղղված է դեպի ռուսական շուկա:

Զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ էլ, պարոն Ֆանյանն ասաց, որ Հայաստանի համար տուրիզմի հիմնական դոնոր երկիրը հանդիսանում է Ռուսաստանը, ինչը, նույնպես էական վնասներ կհասցնի մեր տնտեսությանը, եթե այդ ծավալները նվազեն: Նրա տվյալներով, մարտ ամսին իրանցի զբոսաշրջիկների չժամանելու արդյունքում մոտ 8-9 միլիոն դոլար կորցնում ենք:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, այս իրավիճակը չի կարող ազդել ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, բայց Հայաստանի վրա չազդել. «Իհարկե, 2014 թվականից հետո մենք ավելի ենք ինտեգրվել Ռուսաստանի տնտեսությանը եւ այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունն ավելի կընդգծվի մեր վրա: Մենք հիմա ավելի պատրաստ ենք, որովհետև մեր տնտեսության ներքին մրցունակությունը մեծացել է այն մենաշնորհային վիճակը, որ կար երեք-չորս տարի առաջ, հիմա շատ ավելի մեղմացել է, բայց ինչքանով՝ մենք հիմա կզգանք, ինչքանով մենք կկարողանանք այդ հարվածից դուրս գալ»:

Պարոն Խաչատրյանի կարծիքով, պետությունն իր մասնակցությունը տնտեսության մեջ, պետք է շատ ակտիվորեն մեծացնի, այսինքն՝ պետք է շարունակի կատարել բյուջետային պարտավորությունները:

Նրա կարծիքով երկրորդ կարեւոր քայլն այն է, որ պետությունը պարտավոր է երկրում չեզոքացնել, մասնավորապես նավթամթերքի շուկայում առկա մենաշնորհային իրավիճակները. «Երկու տարվա ընթացքում աշխարհում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, շարունակում են նույն ներկրողները, շարունակում է վրացական շուկայի ազդեցությունը մեր երկրում կարեւորագույն ապրանքների վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031