Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 12-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ քննարկել է հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները:
Պետական նախարարը հետաքրքրվել է վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքից, նյութական և տեխնիկական սպասարկման միջոցների համալրման աստիճանից:
Ա. Բաղրյանի ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն՝ առ այսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:
«Մինչ այսօր շուրջ 40 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ՝ հետազոտության, որոնց բոլորի պատասխանները բացասական են: Տեղեկացնեմ նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են քննարկումներ՝ մշտապես կապի մեջ լինելով ՀՀ գործընկերների հետ: Իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝ բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են թե՛ միանվագ օգտագործման պարագաներով, և թե՛ ախտահանիչ նյութերով, ինչպես նաև լազերային հեռահար ջերմաչափերով: ԱՀ երկու անցակետեր ևս համալրված են լազերային հեռահար ջերմաչափերով»,- իր խոսքում նշել է առողջապահության նախարարը:
Կարդացեք նաև
Պետական նախարարը նշել է, որ ավելի վաղ կառավարությունը տեղական երկու ընկերության հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում արտադրվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք, առողջապահության նախարարի գնահատմամբ, համապատասխանում են սահմանված բժշկական նորմերին և բաշխվածության ցուցակներով տրամադրվում են լրացուցիչ օգտագործման համար:
Խոսելով հանրապետությունում սուր շնչառական վարակների մասին՝ Ա. Բաղրյանը փաստել է, որ հանրապետության բոլոր բուժհիմնարկներում վերոհիշյալ հիվանդների դիմելիության աստիճանը նվազել է, որը նկատելի է նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում:
Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ քաղաքացիներին հորդորելով խուսափել արտասահմանյան այցելություններից, գործուղումներից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին