Լրահոս
Օրվա լրահոսը

42-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող տղամարդը նրա անունով վարկեր էր վերցրել․ պատմում են թաղամասում

Մարտ 12,2020 18:11

Այսօր դարձյալ եղանք Գյումրու Տեքստիլագործների թաղամասում, որտեղ մեկ շաբաթ առաջ տեղի էր 42-ամյա Մարինեի սպանությունը։ Հիշեցնենք, որ կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ կասկածվում է նրա 28-ամյա ընկերը, որը կալանավորված է։

Տան դարբասները դարձյալ բաց էին, սակայն այս անգամ բարակ պարանով փակված էր դուռը, դրսի լույսն էլ հանգցրել էին։ Այս նույն թաղում բնակվում է նաև Մարինեի հանգուցյալ ամուսնու քույրը՝ տիկին Վարսիկն՝ իր ընտանիքով։

Դեպքի հենց հաջորդ օրը տիկին Վարսիկն ասաց, որ ամուսինը չի թույլատրում իրեն հարցազրույց տալ, թեև նշեց, որ մի քանի տարի է՝ կապ չունեն Մարինեի հետ, նրա դռներով չեն անցնում՝ երեսը չտեսնելու համար։

Այսօր էլ մենք այցելեցինք նրանց տուն, տիկին Վարսիկը տանը չէր, աշխատանքի էր, տանը չէր նաև սպանված Մարինեի որդին, որն արդեն վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից։

Տիկին Վարսիկի ամուսինն ասաց, որ ինքն արգելել է հարցազրույց տալ կնոջը, քանի որ համացանցում ինչ մեղադրանքներ ասես հնչեցնում են իրենց հասցեին՝առանց իմանալու ճշմարտությունը։

Նա ասաց, որ իրենց ընտանիքը մի քանի տարի է՝ կապ չի ունեցել Մարինեի հետ, իսկ նրա որդին, որը մեկ տարի է՝ տանից հեռացել էր, երեկ արդեն Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է, իրենց տանն է բնակվում։ Ըստ տիկին Վարսիկի ամուսնու, տղան շոկի մեջ է, բացարձակ ցանկություն չի հայտնել մորը հրաժեշտ տալու։ Հիվանդանոցում գտնվող քրոջն էլ կգնա տեսության, երբ մի քիչ ուշքի գա։

Մեզ թաղամասում պատմեցին, որ Մարինեի ամուսինը խելոք, համեստ անձնավորություն է եղել, վերջինս արտագնա աշխատանքի է մեկնել։ Երբ դատարանից ու բանկերից վարկային պարտավորությունները մարելու պահանջով գրություններ են եկել տան հասցեին, այդ ժամանակ էլ պարզել է կնոջ ու այդ երիտասարդի կապի մասին։

Մեզ նաև ասացին, որ երիտասարդն անծանոթ չի եղել։ Ամուսինը ցանկություն է հայտնել պաշտոնապես բաժանվել Մարինեից, սակայն երեխաներին է խղճացել, ու տան մեջ մի սենյակ հատկացրել է կնոջը։ Երեխաները պաշտել են հորը։ 3 տարի այսպես ապրելուց հետո նա ինֆարկտ է ստացել ու մահացել։

Թաղում ասացին, որ ամուսնու մահից հետո երիտասարդը բնակության է տեղափոխվել Մարինեենց տուն։ Վերջինիս որդին մեկ տարի անց հեռացել է տնից՝ տեղափոխվելով Երևան՝ հորաքրոջ տանը բնակության, նրա հետ էլ մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ հորաքրոջ աղջիկներին տեսության։ Աղջիկը մնացել է մոր մոտ, թեև հորաքույրը նրան ևս համոզել է բնակվել իրենց հետ։ Ավելին, ասացին, որ 28-ամյա երիտասարդի մայրը նույնպես տեղափոխվել էր բնակության Մարինեենց տանը։

Թաղամասում ասացին, որ Մարինեին ինքն է ծառայել ֆինանսական աղբյուր երիտասարդի համար։ «Ամուսինը խոպանից փող էր ուղարկում, բայց ընտանիքը ոչինչ չէր հասկանում, այդ տղայի վրա էր ծախսվում: Ուրիշները ընկերություն են անում, որ իրենց երեխաներին պահեն, այստեղ հակառակն էր․ Մարինեն վարկեր էր վերցրել, տոկոսի տակ էր ընկել: Իհարկե, չգիտես, պատճառն ինչն էր, ահաբեկում էր, թե՞ ինչ էր անում, ո՞վ իմանա: Վերջը մի քանի անգամ դատված տղա է, հլը չբռնված՝ ազատ էին արձակում»,-պատմեցին Մարինեի հետ շփված մարդիկ, որոնք, սակայն խնդրեցին չհրապարակել իրենց անուն-ազգանունները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031