Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի՛ վտանգեք մեր կյանքը». ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ՝ կառավարության շենքի մոտ

Մարտ 12,2020 17:45

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին աշխատակիցներն այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց էին անում. նրանք դեմ են «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ:

Բժիշկները պատմեցին, որ մեկ տարի է` փորձում են իրենց մասնագիտական կարծիքը հայտնել այդ միավորման մասին. «Կենտրոնի միացումն այլ բուժհաստատությանը՝ վտանգավոր է մեր երկրի համար: Մեր դիրքորոշումը գրավոր, բանավոր հայտնել ենք: Որպես բողոք՝ մեր աշխատողների գերակշիռ մասը ազատման դիմում է գրել: Ցավոք, մինչ այսօր, մոտ 2 շաբաթ, մեր կարծիքը չլսվեց, հակառակը, մեր մասնագետների վրա ճնշումներ են գործադրվում՝ հոգեբանական եւ այլն մեթոդներ: 26 հոգու դիմումների մակագրումն էլ ճնշում էր, որպեսզի մյուսներին վախեցնեն»:

Բժիշկներն ասացին, որ առողջապահության նախարարությունը չի ուզում լսել մասնագետների կարծիքը. «Մենք ուզում ենք, որ մասնագետների կարծիքը լսել, որից հետո նոր կկայացնեն որոշումներ, որովհետեւ այն վտանգները, որոնք մենք տեսնում ենք՝ արտաքինից չեն երեւում: ՄԻԱՎ վարակի պարագայում այնպես չէ, որ մի օրում գրանցվեց այսքան դեպք ու մեծ նշանակություն ունի: Բայց դրա հետեւանքները՝ համակարգի փլուզման, ճիշտ կառավարման երեւալու են մոտ 5 տարի հետո, եւ երեւալու են այն ձեւով, ինչպիսի վիճակ է ՌԴ-ում, Ուկրաինայում, որտեղ մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի վարակվածությունը 1% է, իսկ դա ահռելի թիվ է: Մենք չենք ուզում, որ մեր երկրում էլ այդպիսի վիճակի հասնենք»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարին 27-ի կառավարության նիստից հետո կենտրոնի բժիշկների դիտարկումներին ի պատասխան ասել էր. «Գիտեմ այդ համակարգում եղած անձանց շատ այլ կուլիսային շահերը»:

Բժիշկներն ասացին, որ իրենց անգամ չեն իրազեկել, թե ինչպես են աշխատելու միավորումից հետո, իսկ դա իրենց համար մեծ մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետեւ պատասխանատվություն ունեն:

Այսօր ցույցին միացան նաեւ ՄԻԱՎ-ով ապրող քաղաքացիները՝«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի, նրանք դիմակներով եւ թիկնոցներով էին, որպեսզի անճանաչելի լինեն: Այս քաղաքացիները եւս դեմ են կենտրոնի միավորմանը: Նրանք ցույցին մասնակցում էին «Մի՛ վտանգեք մեր կյանքը», «Ինչո՞ւ քանդել այն, ինչ աշխատում է» պաստառներով:

ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանն էլ ասաց՝ իրենց շահառուներն ինքնակամ են որոշել միանալ ցույցին, եկել են աջակցելու իրենց բժիշկներին: Հարությունյանի խոսքերով. «Եթե միակ նման կենտրոնի բժիշկները դուրս են եկել ու ասում են՝ խնդիր ունենք, փոխանակ նրանց լսեն՝ վարչապետին սխալ տեղեկատվություն են տալիս, թե տնօրենի խնդիր է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031