Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյանը՝ կյանքի խութերի ու առկայծումների մասին. «Ինձ որ բռնեցին, Փարաջանովը բողոքի ցույց արեց «26-ի» միլիցիայում»

Մարտ 12,2020 23:00

Ճանաչված գեղանկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո մանկության մասին խոսելիս հիշեց Երեւանի կենտրոնում գտնվող իրենց տունը, թթի ծառերով բակը, իրենց փողոցի երկարափեշ մահմեդական կանանց: «Երեք-չորս տարեկան տղա էի, որպեսզի բակ դուրս չգայի, մայրս վախեցնում էր, թե այդ կանայք ինձ կգողանան, իրենց երկար շորերի տակ կթաքցնեն ու կտանեն…Բայց, իհարկե, նման բան չկար, թշնամանք չկար, բոլոր մարդիկ բարի էին, ամեն առիթով ուզում էին ուրախանալ, որովհետեւ չարը` պատերազմը հաղթահարվել էր, թեեւ համարյա բոլորը կորուստներ ունեին…Հորս մի եղբայրն էլ անհետ կորած էր, ու ինչքան դարբասը ծեծում էին, հայրս մտածում էր` եղբայրն է, սակայն այդպես էլ չվերադարձավ: Մեր տանն ամերիկյան պահածոներ կային, հայրս պահել էր, որ եթե հանկարծ եղբայրը գիշերով գա, նրան կարողանա հավուր պատշաճի դիմավորել…

Երբեմն, մեր փողոց խմբերով մարդիկ էին գալիս, ինձ շատ բարձրահասակ էին թվում: Նրանք պատերազմից մնացած գերիներն էին, որոնք հաց եւ շաքար էին խնդրում տներից: Դրանք 1947-48 թվականներն էին: Գերիներն իրենց հետ խաղալիքներ էին բերում, իրենց պատրաստած ինչ-որ իրեր, եւ երբ նրանց հաց էին տալիս, իրենք էլ այդ խաղալիքներն էին նվիրում: Մայրս շատ բարի կին էր, մենք էլ հացի խնդիր չունեինք, քանի որ հայրս լավ տեղ էր աշխատում` իր Հիդրոէլեկտրոշինը, հացի փռերը …Մի խոսքով, մեր տանը միշտ հաց կար: Մայրս իմ ու ավագ քրոջս միջոցով գերիներին հաց էր ուղարկում… Երբ այդ մարդիկ մտնում էին փողոց, բոլորը գոռում էին՝ «Հիտլեր կապուտ»…Մենք չէինք հասկանում, մտածում էինք` կապույտը նկատի ունեն, գերիներն էլ բարկացած իրենց լեզվով հայհոյում էին Հիտլերին էլ, իրենց ճակատագիրն էլ…Մեր տանը երկու խաչելություն կար շշի մեջ դրված, իրենք էին նվիրել, երբ հաց էինք տվել… Իհարկե, Երեւանում կուսակցական աշխատողները եկեղեցի չէին գնում, խաչը եւ մնացած բաներն ընդունված չէին, եկեղեցիները փակ էին, բայց ես Էջմիածնում եմ մկրտվել, տատս էլ քահանայի կին էր: Մայրս մեզ հաճախ տանում էր այսօրվա Ժուռնալիստների միության հարեւանությամբ գտնվող մի կնոջ տուն, որի տանն Ավետարան կար ու նա մեզ աղոթում էր»:

Հաղթանակ Շահումյանը հիշում է երիտասարդության շրջանը, տարիներ, երբ ջազ ու ռոք էին լսում: Հավաստիացնում է` «Մեր սերունդն այդքան արգելակներ չի տեսել»:

Տպավորիչ է նաեւ այն պատմությունը, թե ինչպես մի օր որոշեց իր Հաղթանակ անունը փոխել. «Երբ ինստիտուտն ավարտեցի, արդեն ինքնուրույն էի, մի օր անձնագիրը դրեցի գրպանս եւ ուղիղ զագս: Բայց, բարեբախտաբար, զագսի դուռը փակ էր, դրա համար եկա Նկարիչների միության մեր սրճարանը: Տեսա Լեւոն Ներսիսյանն է նստած` սուրճն առաջը: Ասաց` արի, Հաղթո ջան, ասեմ Շողիկ մայրիկը քեզ էլ օղի բերի: Ասացի չէ, եկել եմ խորհրդակցելու, ինչ լավ է, որ հանդիպեցի քեզ, Լեւոն ջան: Կարեւոր գործ ունեմ, գնամ-գամ, հետո մի լավ կնենք: Հարցրեց` ուր եմ գնում: Ասացի` գնում եմ անունս փոխեմ գամ: Բաժակը դրեց ներքեւ ու հարցրեց` անունդդ ո՞վ է դրել: Ասացի հայրս, ոնց որ բոլորինը: Ասաց` հորդ հարցրել ե՞ս:

Զարմացա, քանի որ հայրս էլ մի քանի տարի առաջ մահացել էր, ինքն էլ ներկա էր եղել թաղմանը: Ասացի` Լեւոն ջան, չգիտե՞ս, որ հայրս մահացել է: Ասաց` բա ի՞նչ իրավունքով ես փոխում նրա դրած անունը, դա իր ստեղծագործությունն է, ինքը որ այդ անունը դրել է, քեզ հետ հույսեր կապել…Հիմա որ գնաս, անունդ ի՞նչ ես դնելու: Ասացի` չգիտեմ, հենց դրա համար էլ ուզում եմ խորհրդակցեմ: Ասաց` հատուկ գիտություն կա անունների հետ կապված, որ անունդ փոխես, դու էլ ես փոխվելու, եզակի անուն ունես, գնա անունիդ տեր կանգնի: Մենք քեզ Հաղթո գիտենք, որ մի ուրիշ անուն դնես, քեզ չենք ճանաչի:

Այդ զրույցից հետո մի ծանր բեռ ընկավ ուսերիցս, ու բնականաբար որոշումս փոխեցի»: Հաղթանակ Շահումյանը շեշտում է, որ բացի Լեւոն Ներսիսյանից, Սերգեյ Փարաջանովն էլ է կարեւոր դերակատարություն ունեցել իր կյանքում:

Հիշում է, որ երբ Եղեռնի զոհերի հիշատակի 50-ամյակը նշեցին, հետո ի թիվս այլոց իրեն էլ ձերբակալեցին, ու ինչպես էր ուզում դրանից հետո Հայաստանից հեռանալ…Իսկ մինչ այդ հասցրել էր մտերմանալ Սերգեյ Փարաջանովի հետ, քանի որ «Նռան գույնը» նկարելիս մտերմացել էին, մաեստրոն անգամ ցանկացել էր Հաղթանակ Շահումյանին նկարել այդ ֆիլմում Սայաթ-Նովայի երիտասարդ տարիքում:

Գեղանկարիչը հիշում է ձերբակալությունն ու բանտարկությունը, ասում է՝ դա պրովոկացիա էր մարքսիզմի մի դասախոսի միջոցով: «Ինձ որ բռնեցին, Փարաջանովը 17 հոգու ստորագրությամբ եկել էր բողոքի ցույց էր արել «26-ի» միլիցիայում…Ստորագրել էին Սարյանը, Արա Սարգսյանը, Ալիկ Յավուրյանը…

Իմ դուրս գալուց հետո մի օր Փարաջանովը լուսանկարիչ Միսակյանի հետ եկավ մեր փողոց, իսկ ես Ֆիրդուսի փողոցում էի ապրում, զանգեց, թե քեզ ենք սպասում…Դուրս եկա, տեսա ինքը, մեր կուրսեցի Լիպոն, որը «Նռան գույնի» նկարիչն էր եւ Միսակյանը կանգնած են ցայտաղբյուրի մոտ…Փաթաթվեցինք, ես էլ հուզված էի, որ նոր եմ դուրս եկել: Ասացի` որոշել եմ գնալ, հետո վերադառնալ վրեժ լուծել: Նա մտավ թեւս, իսկ մինչ այդ Միսակյանին մի կուլոն տվեց, թե կտանես, կնաղդես, փողն ինձ կտաս: Ապա` ինձ ասաց, որ մինչեւ իր հայտնի ֆիլմերը, մի 8 ֆիլմ ունի նկարած, որոնց մասին ոչ ոք չգիտի, ասաց, որ գեղեցկուհի թաթար կին է ունեցել, որի ընտանիքը դեմ է եղել իրենց միությանը: Պատմեց, որ այդ աղջկան գցել են գնացքի տակ, իրեն նստեցրել 6 տարի, հետո դուրս է եկել բանտից ու իր վրեժը իր տաղանդով է լուծել…Ու հիմա այն մարդիկ, որ իրեն վատություն էին արել, ասում են` ընկեր Փարաջանով: Նա ինձ խորհուրդ տվեց` ասաց շնորհքով հայ տղա ես, ամուր կանգնիր ոտքերի վրա եւ քո արվեստով ամաչեցրու բոլորին»,-պատմեց մեր զրուցակիցը:

Ընկերների մասին խոսելիս` Հաղթանակ Շահումյանը նշեց, որ հիմնականում իրենից տարիքով մեծ մարդկանց հետ է ընկերություն արել` Հենրիկ Սիրավյան, Լեւոն Ներսիսյան, Արա Շիրազ…Ասում է` բոլորից շատ բան է սովորել: Ժպտալով պատմում է, որ կուրսում 8 հոգի էին, ու իրենց լսարանի վրա էլ գրված էր «հրաշալի ությակ», ինչը ռեկտորի տարակուսանքն էր հարուցել: Անգամ մի օր ռեկտորը տեսավ ու զարմացավ, բայց չկարողացավ ազդել:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ իր շինջոկատի տարիներին, նաեւ այն շրջանին, թե ինչպես է շինջոկատից հետո առաջին անգամ Լեհաստան գնացել, որտեղ ամեն քայլափոխի հայկական հետքերի է հանդիպել, անգամ միջադեպը մտաբերեց, երբ լեհերը հայհոյել են իրենց` մտածելով, որ ռուսներ են, իսկ հետո ներողություն խնդրել:

Հարցին` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է, Հաղթանակ Շահումյանն ասում է, որ չգիտի ինչ ասել է հաջողակ, թեեւ լավ կյանքով է ապրել: Քիչ անց էլ հավելում է, որ մարդու հաջողությունը նաեւ իր զավակների հաջողության մեջ է: «Մեր երկիրը փոխվեց, շատ բան խախտվեց, պարզապես իմ սերունդը պատրաստված էր որոշակի համակարգի համար, օրինակ, նախկինում իմ անհատական ցուցահանդեսները դրսում եմ արել, որ ընտանիքս կարողանամ պահել: Այսինքն, ես եւ իմ սերունդն ինչին պատրաստ էինք, հիմա փոխվել է, չկա…Ես պետք է թոշակի գնայի ու շատ բարձր թոշակ ստանայի, բայց հիմա ընդամենը ծիծաղելի գումար եմ ստանում: Խորհրդային ժամանակ դու գիտեիր, թե ինչ է լինելու վաղը, անկախ նրանից, դա լա՞վ էր, թե՞ վատ…Հիմա շատ բան է փոխվել, ինչպես ասում են` ծովն ալեկոծվելիս աղբը ջրի երես է դուրս եկել: Հուսանք, որ մեր ժողովուրդն իր համար արժանապատիվ երկիր կստեղծի, բոլորիս հույսը դա է»,-կարծում է արվեստագետը:

Հաղթանակ Շահումյանն ասում է, որ տասնյակներով հրավերներ է ունեցել ու դրսում ապրելու բազում հնարավորություններ, սակայն իրեն չի պատկերացրել առանց Երեւանի: Հիշեց նաեւ մեծ խմբով Ճապոնիա մեկնելը եւ այն դրվագը, թե ինչպես խոստացավ մի շատ հայտնի ընտանիքից սերող ցուցասրահի տիրուհու նկարել ու «կրակն» ընկավ իր խոստման պատճառով: Դեսպանատանն ընդունելություն կազմակերպվեց, որտեղ մեկ ժամ էլ նախատեսված էր տիկնոջը նկարելու համար, իսկ տիկինն ամեն ինչ բերել էր, բացի ներկերից: Հաղթանակ Շահումյանը ստիպված ներկաներից մեկի ֆլոմաստերով է նկարել, վերջում պարզվել է լավագույնը ճանաչվել է իր անստորագիր աշխատանքը, թեեւ բազմաթիվ հայտնի նկարիչներ կային:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Հաղթանակ Շահումյանի անձնական արխիվից եւ Նարեկ Ավագյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031