Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը գնահատել է 2019թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

Մարտ 12,2020 17:04

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված տարեկան ծավալուն զեկույցը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կարևորագույն խնդիրներից են խոշտանգումը, կամայական ձերբակալությունը, բանտերում առողջության համար վտանգավոր պայմանները, դատական իշխանության անկախության հարցը, ԼԳԲՏ համայնքի անձանց հանդեպ ոտնձգությունները, մանկական աշխատուժի օգտագործումը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում հեղափոխությունից հետո հարուցվել են մի շարք քրեական գործեր, սկսվել են դատավարություններ, որոնք ուղղված են ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց նոր իշխանությունների ժամանակ պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին բացահայտելուն:

Այս համատեքստում զեկույցն առանձնացրել է Մարտի 1-ի գործը և մեջբերում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը, որը 2018թ. այցելել է Հայաստան և փաստել, որ ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ 2008թ. մարտի արյունալի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Այդ քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:

Զեկույցը նաև մատնանշում է, որ Հայաստանի խորհրդարանը օրենք է ընդունել Մարտի 1-ի տուժածներին աջակցություն տրամադրելու մասին, կառավարությունն էլ այդ նպատակով 720 միլիոն դրամ` 1.5 միլիոն դոլար է հատկացրել:

Թեպետ օրենքը նախատեսում է դատական անկախ համակարգ, բայց դատական իշխանությունը որպես կանոն անկողմնակալություն և անկախություն չի դրսևորել՝ մատնանշում են զեկույցի հեղինակները և հավելում, որ նույնիսկ 2018թ. իշխանափոխությունից հետո պահպանվել է անվստահություն դատական համակարգի հանդեպ, բացի այդ հասարակական կազմակերպություններն ընդգծել են, որ արդարադատության համակարգում շարունակում են աշխատել մի շարք պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախկին իշխանություններին, մտահոգիչ է նաև դատավորների կոռումպացված լինելը:

Զեկույցը նաև փաստում է, որ 2018թ. հեղափոխությունից հետո ընդդիմադիր մի շարք գործիչներ ազատ են արձակվել նախնական կալանքից:

Խոսելով բացթողումների մասին Պետդեպարտամենտը նշում է, որ անցած տարի հայկական լրատվամիջոցներում եղել են հրապարակումներ այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը լիակատար տեղեկատվություն չի տրամադրում բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ, դրանց մեծ մասը որակվում է որպես ինքնասպանություն:

Այս առնչությամբ հիշատակվել է հունվարի 1-ին Սյունիքի մարզում ենթադրաբար ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը:

Զեկույցի հեղինակները, հիմնվելով հասարակական կազմակերպությունների տվյալների վրա նշում են, որ բանակում ավտովթարներից զինված ուժերում մահացության երկրորդ ամենատարածված պատճառն առողջական խնդիրներն են, ինչը կասկածի տակ է դնում բժշկական ծառայության ապահովման որակը:

Զեկույցը ընդգծում է, որ շարունակում է խնդրահարույց մնալ իրավիճակը ոստիկանության բաժիններում ու քրեակատարողական հիմնարկներում. 2019թ. տեղեկություններ են եղել այն մասին, որ անվտանգության ուժերի աշխատակիցները շարունակում են խոշտանգել կամ բռնություն գործադրել ազատազրկման մեջ գտնվող որոշ անձանց նկատմամբ: Իրավապաշտպանների խոսքով՝ թեպետ ՀՀ քրեական օրենսգիրքը քրեականացնում է խոշտանգումը, բայց համապատասխան դրույթները չեն քրեականացնում անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը, բացի այդ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում միայն ղեկավարությունն է փոխվել, հիմնական կազմը, սակայն, մնացել է նույնը: Ինչ վերաբերում է բանտային պայմաններին, ապա դրանք աչքի են ընկնում սանիտարական վատ պայմաններով, անբավարար բուժօգնությամբ: Բանտերում շարունակում են հիերարխիկ հարաբերությունները:

Անդրադառնալով կոռուպցիային՝ Պետդեպարտամենտը փաստում է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում բացահայտվել է համակարգային կոռուպցիա, հարուցվել են քրեական գործեր, իսկ դատախազության տվյալներով՝ 13 ամսվա ընթացքում իրավապահները 110.5 միլիարդ դրամի`մոտ 230 միլիոն դոլարի յուրացման, հափշտակության ու պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր են հայտնաբերել, բյուջե է վերադարձվել 30 միլիարդ դրամ` մոտ 63 միլիոն դոլար: «Որոշ նախկին պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել պետությանը փոխանցել իրենց սեփականությունը՝ հավանաբար քրեական հետապնդումից խուսափելու համար»,-նշվում է զեկույցում:

Անդրադառնալով լրատվական դաշտում տիրող իրավիճակին՝ զեկույցը նշում է՝ չնայած թավշյա հեղափոխությունից հետո ազատությունն ավելացել է, այդուամենայնիվ, պնդումներ կան, որ որոշ լրատվամիջոցներ խուսափում են իշխանությանը քննադատելուց: «Իրավապաշտպանների կարծիքով Հանրային հեռուստատեսությունը շարունակում է լուրերը ներկայացնել կառավարամետ տեսանկյունից», – նշում է զեկույցը՝ միաժամանակ հավելելով` թավշյա հեղափոխությունից հետո հանրային հեռուստատեսությունն առավել բաց է ու հասանելի նաև ընդդիմության համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031