ՀՀ ԱԺ-ում անցկացվող «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով խորհրդարանական լսումներին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պատգամավորներ մի շարք մտահոգիչ հարցեր հնչեցրին։ Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է մասնավորապես Իջևանի տարածաշրջանում և Լերմոնտովոյի հատվածում համայնքների պլանավորված միավորումը։
Օրինակ՝«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը հարցրեց՝ համայնքների միավորման հարցում ինչո՞ւ մեկ դեպքում քննարկում են 19 համայնք միավորելու հարցը՝ որպես մեկ փունջ, մեկ այլ դեպքում՝ երկու համայնք, ի՞նչ սկզբունքով է ընտրվել այս մոտեցումը, արդյոք կա՞ որոշակի հստակ ժամանակացույց՝ համայնքների միավորման գործընթացը երբ կավարտվի։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը տեղեկացրեց, որ այդ երկու համայնքների բնակիչների հետ հանդիպումներ են եղել և նրանց կարծիքը լսելով են այդ փնջերը ձևավորել․«ՀՀ կառավարությունը ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան, հետևաբար իրավունք չունենք այնպիսի փոփոխություններ անել, որ տոկոսային հարաբերակցությունը խախտվի։ Օրինակ՝ Լերմոնտովն ու Անտառաշենը չենք կարող միացնել հայկական համայնքների հետ։ Գնացել ենք համայնքներ, առաջարկել, որ ավելի մեծ փնջերի պարագայում ձեր հնարավորությունները կավելանան, փոքրամասնության ծիսակատարային հարցերի կազմակերպումը բյուջեով կսահմանենք, միևնույն է, իրենք չեն համաձայնել, դրա համար այս փոքրիկ փունջն ունենք»։
Իսկ այն հարցին՝ ինչո՞ւ է Իջևանը մեծ փնջով խոշորացվում, Աշոտ Գիլոյանը պատասխանեց՝ խոշորացվող համայնքների բնակիչների հետ հանդիպումներին նրանք այդ տարբերակին են դրական կարծիք տվել ու մանրամասնեց․ «Ինչո՞ւ շրջանային տարբերակ, քանի որ այս վարչատարածքային բարեփոխումներն ինքնանպատակ չեն, և դրան հաջորդելու է լիազորությունների ապակենտրոնացումը, քանի որ առանց դրա այս ռեֆորմը թերի կլինի։ Եվ որպեսզի լիարժեք ապակենտրոնացում անենք՝ լիարժեք շրջանային տարբերակն է պետք, քանի որ որտեղ բնակչությունը մեծ է, այն մեծ է իր կարողություններով և հնարավորություններով և ավելի ընդունակ են նոր լիազորություններ ստանձնել ու ծառայությունները մոտեցնել բնակչությանը։ Հիմնականում սա է, որ Իջևանը նախկին շրջանային տարբերակով ենք գնում և նաև առաջին հերթին բնակչության դրական վերաբերմունքը»։
Կարդացեք նաև
Խոսելով համայնքների միավորման ժամանակացույցի մասին՝ Աշոտ Գիլոյանն ասաց, որ մոտեցումը հետևյալն է․«Իջևանում համայնքի ղեկավարը հրաժարական է տվել, և այժմ պաշտոնակատար է։ Այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը հրաժարական կտա, ապա դրա շուրջ իրատեսական քննարկումների արդյունքում ձևավորվելու է փունջ»:
Աշոտ Գիլոյանն ասաց, որ մինչև 2021-ի հոկտեմբեր կունենանք ամբողջական միավորված Հայաստան:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը մի քանի բլից հարցեր տվեց: Օրինակ՝ փաստելով, որ նախագծում ունենք երկու դեպք՝ մեկը շրջանային տարբերակով, մյուսը կետային, հարցրեց՝ արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մենք դեռևս հինգ տարի հետո էլ չունենք միասնական հայեցակարգ, թե ինչ ենք ուզում փոփոխել։ Մյուս հարցը, որը այդպես էլ պատասխան չստացավ, վերաբերում էր նրան, որ Արմավիրում մի քանի համայնքներում մարզպետը ՏԻՄ ընտրություն է չեղարկել, դա ո՞ր օրենքի ո՞ր դրույթի հիման վրա է:
Էմին Երիցյանը խնդրեց նշել, թե նախկին խոշորացման ժամանակ ինչ սխալներ են եղել և որոնք են ձեռքբերումները: Նաև հետաքրքրվեց ՝ խորհրդարանական լսումներին մասնակցո՞ւմ են Իջևանի տարածաշրջանի 19 խոշորացվող համայնքների ներկայացուցիչները: Սակայն պարզվեց, որ դահլիճում Իջևանի այդ համայնքներից ներկայացուցիչներ չկան:
Աշոտ Գիլոյանը պատասխանեց. «Իջևանի մասով նշեմ, որ բազմաթիվ հանդիպումներ են եղել մարզպետարաններում. բոլոր համայնքի ղեկավարների և ավագանիների հետ հանդիպումներ են եղել: 2018-ին մեր տարածաշրջաններում, որտեղ միավորումներ չեն եղել, «թաուն հոլ» ձևաչափով հանդիպումներ են եղել։ Այդ բոլոր քննարկումների արդյունքները հաշվի են առնվել, և համադրվել են բոլոր հնարավոր տարբերակները, մոտեցումն այս ձևաչափով է եղել»։
Խոսելով միավորման հաջողությունների մասին՝ Աշոտ Գիլոյանն ասաց․ «Բազմաթիվ են ձեռքբերումները. նույն ավագանու ինստիտուտը, սեփական եկամուտներն աճել են միավորված համայնքներում, դոտացիաներն ավելացել են։ Ինստիտուցիոնալ սուբվենցիոն գործիքը»:
Հայեցակարգի հետ կապված հարցի մասին էլ ասաց, որ ՀՀ կառավարությունը 2011-ին հայեցակարգ է մշակել ու կարծիք հայտնեց, թե հայեցակարգերն ամեն տարի չեն փոխվում, իսկ իրենք հայեցակարգի ընդհանուր դրույթներից չեն շեղվում:
Էմին Երիցյանն արձագանքեց՝ որպես խոշորացման ինստիտուցիոնալ հետևանք դոտացիաները, սուբվենցիաները չեն կարող լինել, քանի որ դա կառավարության կողմից քաղաքականություն է. «Խոսքն անմիջապես խոշորացման արդյունքում՝ որպես ինստիտուտի հետևանքն է: Բոլոր համայնքների եկամուտնե՞րն են ավելացել՝ չխոշորացվածներն էլ նկատի ունեմ: Իսկ հայեցակարգը ոչ թե ընդհանուրի վերաբերյալ նկատի ունեմ, այլ կոնկրետ շրջանայի՞ն, թե՞ կետային մոդելով»:
Էմին Երիցյանը նաև հետաքրքրվեց՝ կա՞ն արձանագրված փաստաթղթեր համայնքների բնակիչների հետ հանդիպումների վերաբերյալ, որտեղ երևում է նրանց կարծիքը: Այս մասին այդպես էլ պատասխան չհնչեց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ