«Հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին դրդի Արցախի դեմ քայլերի: Վերջին ամիսներին Ադրբեջանում այդ թվում նախագահի ելույթներն ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի՝ ՀՀ-ի եւ Արցախի դեմ: Իրականությունը սա է»,-«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական քննարկման ժամանակ այսօր հայտարարեց 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/523078688349724/
Նա նաեւ նշեց, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» միջազգայնացման գործընթաց է տեղի ունենում. «Ադրբեջանական համայնքի ղեկավարը դարձել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով՝ ԼՂ տարածքից: Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսի դեսպանները, բացի ՌԴ-ից, նրա հետ նման կարգավիճակով հանդիպելով եւ շնորհավորելով՝ ընդունում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Ընդունում են, որ նա այդ տարածքից ընտրված է օրինական կերպով՝ դրանից բխող հետեւանքներով»:
Ինչ վերաբերում է Արցախում սպասվող նախագահական ընտրություններին, Դավիթ Շահնազարյանը համոզմունք հայտնեց. «Առաջին անգամ Արցախի ներքաղաքական զարգացումները կրում են աշխարհաքաղաքական բնույթ: Սպասվելիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ-ի եւ տարածաշրջանի համար: Փորձ է արվում «հեղափոխությունը» տեղափոխել Արցախ: Եթե ընտրությունների արդյունքում Արցախի նախագահ դարձավ ՀՀ իշխանություններին հնազանդը, դա շատ ծանր ազդեցություն է ունենալու: Այդ դեպքում հեղափոխության արտահանումն Արցախ մեծ թափով սկսվելու է այս ընտրություններից հետո»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ