Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կառավարությունը շարունակում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները. իրականացվում է խիստ վերահսկողություն բոլոր անցակետերում

Մարտ 12,2020 15:04

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից:

Նախարարը նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք, որից երեքն արձանագրվել է երեկ: «Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ է, ստանում է բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Հայտնաբերման հետ կապված միջոցառումներից ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 3 պացիենտներից բոլորը Հայաստանի Հանրապետություն են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով: Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են, փաստորեն նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը: Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի: Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,-նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ օդանավակայանում կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ հայտնել է, որ տրված համապատասխան հանձնարարականներից հետո խստացվել է հսկողությունն օդանավակայանում: «Բացի ռիսկային գոտիներից, անկախ ուղղությունից բոլոր ուղևորները լրացնում են հասցեական քարտեր: Դա պարտադիր պահանջ է՝ ինքնաթիռում են լրացնում: Ովքեր ինքնաթիռում չեն լրացրել՝ վայրեջքից հետո պարտադիր լրացնում են, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ, Ձեր հանձնարարականից հետո ընդհանուր առմամբ 6300 հասցեական քարտ է լրացվել: Հսկողությունը շարունակվում է նաև ցամաքային և մնացած անցակետերի մասով»,- նշել է Արթուր Ասոյանը՝ ավելացնելով, որ բոլոր կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով:

Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ կիրակի օրը՝ մարտի 15-ին մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան:

Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգելու հարցին՝ փոխվարչապետը նշել է, որ նմանատիպ որոշումների համար նվազագույնը կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն վիրուսի տարածման մասին: «Մեր դեպքերը շատ տեղայնացված են և կոնկրետ, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա: Իրականում տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք և բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում»,- ասել է Տիգրան Ավինյանը: Նա նշել է նաև, որ ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, եթե կարիքը լինի՝ նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի:

Քայլեր են ձեռնարկվում Հայաստանը տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու ուղղությամբ. հաստատվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Կառավարությունը հաստատել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է ծրագիրը, որը կնպաստի Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալուն: Արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը: Ծրագրի կարևորագույն բաղադրիչը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է: Ծրագրի շրջանակում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի համալսարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավորություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություններից: 2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան է ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող է ճանաչվել 5 ձեռներեց. նրանք կստանան 100 տոկոս ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ է մատուցել Դրեյփերի համալսարանի նախագահը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրել են 50 տոկոս կրթաթոշակ Դրեյփերի համալսարանում սովորելու: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու ևս 3 հաղթողների հավելյալ 50 տոկոս ուսման վարձը: 2020թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների: Ծրագիրն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ:

Կբարելավվեն տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը. հանրապետությունում կստեղծվեն տարեցների համայնքային փոքր տներ

Տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետությունում նախատեսվում է տարեցների համայնքային փոքր տների ստեղծում, ինչը համահունչ է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման՝ կառավարության որդեգրած գաղափարին: Ներկայում հանրապետությունում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը: Տարեցների փոքր տունը նոր տիպի կառույց է, որն էականորեն տարբերվելու է այսօր գործող խնամքի տներից: Յուրաքանչյուր տարեցի ապահովվածությունը բնակելի մակերեսով պետք է լինի ոչ պակաս քան 6 քմ և յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան երկու անձ՝ ի տարբերություն ներկայիս գործող խնամքի պետական հաստատությունների, որտեղ մեկ սենյակում բնակվում են 2-7 անձ: Նման տներն այլընտրանք են մեծ հաստատություններին և տնտեսապես առավել արդյունավետ են: Տարեցների փոքր տունը պետք է այնտեղ ապրողի համար ապահովի բարեկեցիկ կյանքի բոլոր տարրերը, այդ թվում` հարմարավետ կահավորված սենյակներ, մեկ տեղանոց կամ երկու` ամուսնական զույգերի կամ տարեցների համաձայնությամբ` երկուսով ապրելու, համապատասխան կոմունալ հարմարություններով և անհրաժեշտ սարքավորումներով, բազմատեսակ սնունդ տարեցի ընտրությամբ (այդ թվում՝ դիետիկ), անհրաժեշտ դեղորայքով և սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովում բարեկարգ, ծաղկազարդ բակ, հանգստի և ժամանցի սենյակներ, կենցաղային ծառայություններ (օրինակ` վարսավիրանոց և այլն), շուրջօրյա սպասարկում, ազատ ժամանցի կազմակերպում, մշակութային և այլ միջոցառումների անցկացում, բարձրակարգ մասնագետների առկայություն և այլն: Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 24,133.9 հազար դրամ կամ 45.44 հազար եվրո՝ անշարժ գույքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին նախկինում ընդունած որոշումը համապատասխանացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո «մինչև 2019թ. հուլիսի 25-ը»` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար: Բացի այդ, թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում: Լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի, ինչպես նաև ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի պաշտոններում ծառայելու ժամանակահատվածները:

Գործադիրը շարունակում է ներդրումային ծրագրերի խրախուսումը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Գործադիրը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԻ հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թիթեղյա տարաների և պտուտակավոր կափարիչների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում կիրականացվի 1.8 մլրդ դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման և շուրջ 150 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, կստեղծվի 6 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2.9 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 98.3 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Պրինտարմ դանվեստ» ՍՊԸ-ն, որը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տպագրության ոլորտում (թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ, թղթի կամ ստավարաթղթի մետաղապատում, տպագրություն, մետաղապատ ստվարաթղթից արտադրատեսակների պատրաստում)։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար և 380.2 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ, կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380,240,000 դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է որոշումներ «Գլոբալ մարկետփլեյս» ՍՊԸ-ին և «ՅՈՒ-ռոբոտ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու վերաբերյալ:

«Գլոբալ մարկետփլեյս»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 43 500 000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` ղեկավար անձնակազմի համար մոտ 240 000 դրամ, օպերացիոն անձնակազմի համար՝ 145 000 դրամ, իսկ տեխնիկական անձնակազմի համար՝ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձերով: Ընկերությունն ունենալու է մոտ 15.08 քմ գրասենյակային տարածք՝ 5 տարի ժամկետով:

«ՅՈՒ-ռոբոտ» ՓԲԸ-ն գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 395 000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` մոտ 821 000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությանը տրամադրվելու է մոտ 16 քմ գրասենյակային տարածք՝ 5 տարի ժամկետով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031