Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անունից «Ո՛չ» եմ ասում քաղաքական կեղտոտ խաղերին եւ մանիպուլյացիաներին. Վիտալի Բալասանյան

Մարտ 12,2020 14:55

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում այսօր, մարտի 11-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։

Ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ ճնշումների մասին։ Կուսակցության մարզային շտաբերի պատասխանատուներ Աշոտ Սևումյանը և Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեցին իրավիճակը մարզերում, ուր մրցակից թեկնածուների և քաղաքական ուժերի ներկայացուցիչները վարչական ռեսուրսների օգտագործմամբ ահաբեկում են բնակչությանը, մասնավորապես՝ «սխալ» թեկնածուի օգտին քարոզելու, քարոզ լսելու կամ քվեարկելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով։

ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը տեղեկացրեց, որ ինքը քննարկել է այս խնդիրները իր մրցակիցների հետ՝ փորձելով սկզբունքորեն բացառել այդ հոռի երևույթների առկայությունը Արցախում։ Նա հայտնեց նաև,  որ մարզերից ստացված ահազանգերը ստուգելուց հետո գրավոր ուղերձով դիմել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդիպել նրա հետ՝ արդարությունը վերականգնելու և ընտրապայքարի օրինականությունն ապահովելու պահանջով: «Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Կենտրոնական նախընտրական շտաբի ղեկավար Հակոբ Հակոբյանը հրապարակեց Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ արդեն իսկ գործադրված թեժ գծի հեռախոսահամարը /047 204500/, որի միջոցով քաղաքացիներն այլևս հնարավորություն ունեն ահազանգել նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվող բոլոր տեսակի խախտումների մասին։ Գեներալ Բալասանյանը նախագահական ու խորհրդարանական ընտրությունների բոլոր մասնակիցներին կոչ արեց ջանք գործադրել և տեղադրել թեժ գծի համարը բոլոր հնարավոր տեղեկատվական ռեսուրսներում: «Բոլորս, միասնական ուժերով, կարող ենք այս ընտրությունները դարձնել ազնիվ ու մաքուր։ Միասին մենք ոչ կասենք անարդարությանը»,- ամփոփելով ասուլիսը հայտարարեց ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հայտարարությունը

«Սիրելի՛ արցախցիներ,
Այսօր դիմում եմ ձեզ՝ որպես մեր ժողովրդի ներկայացուցիչ։ Ընտրապայքարի առաջին օրերից բարձրաձայնել եմ արցախցու քվեի առուծախի շուրջ ստեղծված անառողջ իրավիճակի մասին եւ խորապես դատապարտել եմ այն։ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անունից «Ո՛չ» եմ ասում քաղաքական կեղտոտ խաղերին եւ մանիպուլյացիաներին։

Երբ մարզերից ստացա առաջին ազդանշանները նման գործելաոճի մասին, չհավատացի, քանի որ չեմ հավատում, թե դա արցախցու տեսակին հարիր է։ Վարչական ռեսուրսների օգտագործում, ընտրազանգվածի ահաբեկում, ընդհուպ՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքներ ու այլ տեսակի բռնաճնշումներ գրեթե ամենուր՝ թեկնածուներից մեկի օգտին։ Այս ամենը հային, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացուն անարժան պահվածք է:

Խնդիրը քննարկել եմ իմ քաղաքական հակառակորդների հետ՝ նրանց հրավիրելով խորհրդակցության։ Գիտեմ՝ միայն իմ կուսակցությունը, համախոհներն ու ընտրողները չեն, որ տառապում են ահաբեկման կեղտոտ տեխնոլոգիաներից։ Քաղաքական պայքարն իմաստների եւ ժողովրդի կարիքները հասկանալու, դրանց լուծման ուղիներ գտնելու մրցավազք է, ոչ թե մրցակցություն, թե ով ավելի շատ կարող է ծախսել քարոզչության ու  միջոցներ բանեցնել՝ ձայներ ստանալու համար:

Անհանդուրժելի է։ Գրավոր դիմել եմ, ինչպես նաեւ հանդիպում եմ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Պահանջս մեկն էր եւ է՝ արդարության վերականգնում և ընտրապայքարի օրինականության  ապահովում։ Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում արտոնյալներ չկան ու չպիտի լինեն:

Ստացել եմ նախագահի երաշխիքները, որ հատկապես գյուղապետերի և խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ աշխատանք կտարվի, որպեսզի դադարեն ահաբեկել մեր քաղաքացիներին՝ զրկելով նրանց ազատ կամարտահայտվելու իրավունքից։ Սակայն այսօր բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ վատթարացել է։

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շատերդ արդեն գիտեք, որ մենք գործարկում ենք թեժ գիծ՝ մեր քաղաքացիներին աջակցելու համար։ Շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով մեր զանգերի կենտրոնը կաշխատի՝ լսելու եւ արձագանքելու ընտրողների նկատմամբ բոլոր տեսակի ճնշումների դեպքերին: Կազմելու ենք  գյուղապետերի և ձեռնարկությունների ղեկավարների «սև ցուցակները»՝ տարածելով դրանք, որ ողջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անուն առ անուն ճանաչի իր թշնամիներին: Եվ երբ ժամանակը գա, երբ Արցախը կատարի իր ճիշտ ընտրությունը, այդ մարդկանց կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Ես դա երաշխավորում եմ:

Կոչով դիմում եմ Արցախի նախագահական ընտրությունների բոլոր մասնակիցներին՝ միանալ ժողովրդին եւ մեր թեժ գծի հեռախոսահամարը ` 047204500 , որն արդեն հայտնվել է սոցիալական ցանցերի մեր բոլոր էջերում եւ կայքում, տարածել նաեւ իրենց տեղեկատվական ռեսուրսներում:

Եկե՛ք համագործակցենք անարդարության դեմ պայքարում, եկե՛ք կանգնենք մեր ժողովրդի կողքին, բոլորս միասին ընտրությունները դարձնե՛նք ազնիվ եւ մաքուր։ Միասին վճռական «Ո՛չ» ասեք անարդարությանը»:

Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031